NEWS.am Դեկտեմբեր 11-ին հարցազրոյց մը կատարած է Արցախի Հանրապետութեան Պետական նախարար Ռուբէն Վարդանեանի հետ, ուր նախարարը անդրարձած է երկրի մէջ տիրող լարուած իրավիճակին, ինչպէս նաեւ Կաշէնի մէջ տեղի ունեցած միջադէպին:
Այս հարցազրոյցը կատարուած ըլլալով հանդերձ Դեկտեմբեր 12-ի նոր միջադէպէն առաջ (Ազերիներու կողմէ՝ դա՛րձեալ Ստեփանակերտ-Գորիս մայրուղիի փակում), հոն կատարուած վերլուծումներն ու արտայայտուած մտահոգութիւնները կը վերաբերին համընդհանուր իրավիճակին։
– Պարոն Վարդանեան, Դուք եղել էք Կաշէնում, երբ խաղաղապահների հետ հանքավայրեր այցելելու համար այնտեղ են եկել ադրբեջանական այսպէս կոչուած բնապահները, հանդիպել եւ շփուել էք ժողովրդի հետ: Ի՞նչ է տեղի ունեցել:
– Այո՛, ես այցելել եմ Կաշէն՝ հէնց որ տեղեկացել եմ խաղաղապահների ուղեկցութեամբ արդրբեջանական «բնապահների» նախատեսուող այցի մասին: Չնայած խնդիրն իմ անմիջական համակարգման դաշտում չէ, բայց հաշուի առնելով, որ բնակչութիւնը պատշաճ կարգով տեղեկացուած չէր եւ դա կարող էր միջադէպերի պատճառ դառնալ, ես Ապահովութեան խորհուրդի քարտուղար Վիտալի Բալասանեանի եւ Ներքին գործոց նախարար Կարէն Սարգսեանի հետ մեկնել եմ այնտեղ՝ տեղում լինելու եւ հաւանական սադրանքներ ու հակամարտութիւններ թոյլ չտալու համար: Ընդամէնը երկու օր առաջ Արցախի հանրային հեռատեսիլի հետ հարցազրոյցում նշել էի, որ մենք շարունակում ենք գտնուել ռազմական իրավիճակում: Ադրբեջանական կողմի վարքագիծը ցոյց է տալիս, որ գրգռութիւնները շարունակուելու են, եւ մենք ամէն կերպ պատրաստ պէտք է լինենք դրանց: Այս միջադէպը հէնց դրա մասին է վկայում: Պէտք է հասկանանք, որ Արցախում իրավիճակը լարուած է, ու մենք լուրջ մարտահրաւէրների առաջ ենք կանգնած: Դրա համար պէտք է կարողանանք ոչ դիւրին հարցերի լուծման համար որոշումների կայացման յստակ գործիքակազմեր սահմանել՝ նկատի ունենալով թէ՛ գործարկման պատրաստութեան, թէ՛ բնակչութեան հետ հաղորդակցութեան ապահովման հարցերը: Բնականոն պայմաններում եւ իրավիճակներում բնապահական խնդիրների քննարկումը հարեւան երկրների միջեւ միջպետական յարաբերութիւնների խնդիր է: Մենք յայտարարել էինք, որ Արցախի Հանրապետութիւնը պատրաստ է միջազգային բնապահական-փորձագիտական խումբ հրաւիրել՝ նաեւ ադրբեջանական բնապահների մասնակցութեամբ: Բայց մեր հարեւանի կողմից սադրանքները շարունակւում են, ու մենք առաւելագոյնս պէտք է պատրաստ լինենք դրանց՝ կիրառելով համապատասխան միջոցներ: Միջադէպի հետ կապուած Արցախի Հանրապետութեան իրաւասու կառոյցներն արդէն դիմել են Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեան՝ առաջարկելով հետագայում եռակողմ բնոյթ ունեցող որեւէ գործողութիւն հանգամանալից քննարկել՝ հաշուի առնելով թէ՛ բնակչութեան հետ պատշաճ հաղորդակցութեան հարցը, թէ՛ իրավիճակի լարուածութիւնը:
– Յիշատակեցիք Արցախի հեռատեսիլին տուած ձեր վերջին հարցազրոյցը, որում նաեւ ասել էիք, որ փոփոխութիւններն անխուսափելի են, եւ որ դրանք արդէն զգալի են կառավարութեան հետ յարաբերութիւններ ունեցող անձանց եւ, մասնաւորապէս, ընտրեալ բարձրաստիճան անձնաւորութիւնների համար: Կը մանրամասնէք՝ ի՞նչ նկատի ունէիք:
– Նկատի ունէի այն, որ սահմանւում են շատ յստակ կանոններ: Օրինակ նրանք, ովքեր պետութեան նկատմամբ հարկային եւ վարկային չկատարուած պարտաւորութիւններ ունեն, բայց ի վիճակի են դրանք կատարել, պէտք է անպայման կատարեն: Այլ տարբերակ չկայ: Ես չեմ հասկանում, թէ ինչո՛ւ, օրինակ, ունեւորը, որը եկամուտ է ստանում, չպէտք է հարկերը վճարի: Միաժամանակ մենք պատրաստ ենք աջակցել նրանց, ովքեր ունեն նման պարտաւորութիւններ, բայց իսկապէս, տարբեր հանգամանքների պատճառով, ի վիճակի չեն դրանք կատարել: Սա նկատի ունէի: Գիտէ՞ք, Արցախում շատ սուր է արդարութեան զգացողութիւնը: Ինձ համար սկզբում անսպասելի էր, որ անվտանգութեանը զուգահեռ շատերը, որպէս խնդիր, անարդարութեան հարցն էին նշում: Ես իմ ու իմ խումբի խնդիրներից մէկն եմ համարում հասարակութեան մէջ արդարութեան, հաւատքի, վստահութեան վերականգնումը: Վստահ եմ, որ դրան հնարաւոր է հասնել թափանցիկ աշխատանքով, խնդիրների նկատմամբ համակարգային մօտեցմամբ և կարգապահութեամբ: Սրանք նաեւ այն սկզբունքներն են, որոնք մեր կառավարութեան գործունէութեան հիմքում են լինելու:
– Պարոն Վարդանեան, Արցախում արդէն տարբեր լուրեր են շրջանառւում, թէ դուք պատրաստւում եք կրճատումներ անել, նոր աշխատանքային կարգ էք սահմանել կամ արգելել էք առհասարակ պետական գնումները: Ի՞նչ կրճատումների մասին է խօսքը:
– Կրճատումներ չեն արուել, աշխատանքային կազմակերպման եւս փոփոխութիւններ չեն կատարուել: Այո՛, իմ աշխատանքային օրն սկսւում է առաւօտեան ժամը 7-ից, աւարտւում կէսգիշերին, չնայած ես կարծում եմ, որ մեր առջեւ կանգնած մարտահրաւէրները բոլորիցս, յատկապէս, պետական համակարգի աշխատակիցներից, իսկապէս շատ աւելի մեծ ներգրաւուածութիւն են պահանջում: Ի հարկէ, գնումներն էլ չեն արգելուել, պարզապէս կառավարութեան առաջին նիստում, հաշուի առնելով ամավարկի մեծ բացը, նախարարութիւններին յանձնարարուել էր նոր ֆինանսական պարտաւորութիւնները Պետական նախարարի աշխատակազմի հետ համաձայնեցնել: Ինչ խօսք, ափսոսում եմ, որ որոշ անհարկի շահարկումներ են սկսուել: Բայց դա ինձ չի խանգարելու: Այն, ինչ մենք անում ենք, անում ենք յանուն Արցախի եւ Արցախի ժողովրդի: Մեր գործն անում ենք ու անելու ենք հրապարակային ու թափանցիկ: Մենք վճռական ենք շարունակել մեր աշխատանքը եւ սկսած գործը հասցնելու ենք աւարտին: Մեզնից կախուած ամէն ինչ անելու ենք, որ Արցախը մնայ հայկական, անվտանգ ու բարեկեցիկ: