Արցախի նախկին Պետական նախարար Ռուբէն Վարդանեան թելեկրամեան «Armenian Life» ալիքով պատասխանած է հետեւորդներու հարցումներուն:
Ստորեւ՝ Վարդանեանի դիպուկ պատասխանը՝ մամուլի մէջ այնքան շատ արծարծուող հարցումի մը.
Հարցում – Պատրաստւո՞ւմ էք ձեր քաղաքական գործունէութիւնը շարունակել Հայաստանում։
Ռուբէն Վարդանեան – Դուք ապրում էք պատրանքներով ու չէք գիտակցում, որ այստեղ՝ Արցախ է հասնում 10-20 սննդամթերքով մեքենայ՝ ամէն օր Հայաստանից եկող 400-ի փոխարէն: Շրջափակման մէջ է մօտ 30.000 մարդ՝ երեխաներ, կանայք, տարեցներ: Դուք ինչի՞ մասին էք խօսում, դուք հասկանո՞ւմ էք, որ մարդիկ, որոնք ապրում են իրենց հողում, ոչնչանալու վտանգի տակ են: Մենք Արցախը ամբողջապէս կորցնելու վտանգի տակ ենք, որտեղ մենք ունենք հսկայական մշակութային ու պատմական ժառանգութիւն: Ինչի՞ մասին հիմա կարող ենք մտածել՝ քաղաքականութեա՞ն, գործարարութեա՞ն…: Դուք պէտք է գիտակցէք, որ մենք ապրում ենք տարբեր աշխարհներում: Դուք ապրում էք մի աշխարհում, որտեղ շատ բաներ են տեղի ունենում, բայց որտեղ քիչ թէ շատ կեանքը բնականոն է: Մենք ապրում ենք լիակատար շրջափակման մէջ: Հասկացէք՝ մենք խօսում ենք երկու տարբեր աշխարհների մասին: Մեր ապրած աշխարհում՝ մենք պայքարում ենք մեր հողի վրայ ապրելու իրաւունքի համար: Պայքարում ենք այստեղ մեր երեխաներին մեծացնելու իրաւունքի համար, իսկ մնացած ամէն ինչը այնքան երկրորդական է… այն ամէնը, ինչ քննարկում էք՝ քաղաքականութիւն, այլ բաներ, դրանք չեն օգնում Արցախին, դրանք անիմաստ են: Այստեղ առկայ է կեանքի ու մահուան հարցը:
Ռուբէն Վարդանեան բոլոր Հայերուն կոչ ուղղած է գիտակցելու պահի լրջութիւնը: Ան յիշեցուցած է, որ երբ անցեալ տարուան Սեպտեմբեր 2-ին Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակը կը բաղդատէր Սարդարապատի ճակատամարտի հետ, դա օդի մէջ ըսուած խօսք չէր: “Մենք կանգնած ենք աղէտի եզրին: Մենք միասին պէտք է գիտակցենք ու անենք ամէն ինչ ու ամէն օր՝ օգնելով Արցախի պահպանութեան, որպէսզի այստեղ շարունակեն ապրել մարդիկ, կարողանան մեծացնել իրենց երեխաներին եւ ապրել բնականոն կեանքով”,– ըսած է Վարդանեան: