Երեւանում Կասկադի հարեւանութեամբ «Charles» անունով մի ճաշարան կայ։ Այնտեղ՝ պատին փակցուած Շառլ Ազնաւուրի, Շառլ տը Կօլի լուսանկարների կողքին, թէեւ ոչ այնքան յայտնի, Փարիզ բնակուող Շառլ Նիկողոսեանն է, անձնագրով՝ Շառլ-Կարպիս Նիկողոսեան, որը Արցախի Մարտունու շրջանի փոքրիկ Շեխեր գիւղի բնակիչների աչքում շատ աւելի նշանաւոր է, քան բոլոր Մեծ Շառլերը միասին վերցրած:
Արցախի ազատագրական պայքարի տարիներին, շատերի օրինակով Շառլ Նիկողոսեանը, որին ֆրանսահայ համայնքում Կարպիս են անուանում, դարձաւ Արցախահայութեան լաւագոյն բարեկամներից մէկը, ով ոչ միայն դպրոց ու մարզադահլիճ կառուցեց Շեխեր գիւղում, այլեւ իր յուսադրող խօսքերով, իր կնոջ՝ Նիկոլի հետ, բազմաթիւ այցելութիւններով՝ գօտեպնդեց նրանց:
Արցախցին երիցս համոզուել է, որ չորսամեայ (1990-1994 թթ.) պատերազմի հետքերն ու աւերածութիւնները վերականգնուել է աշխարհասփիւռ Հայերի ամէնամեայ եւ անհատական ներդրումների շնորհիւ ու երախտապարտ է բոլորին:
2020-ի 44-օրեայ պատերազմի օրերին, Կարպիս Նիկողոսեանը սրտցաւօրէն հետեւում էր օրուայ իրադարձութիւններին, հեռախօսային կապի մէջ էր նաեւ իրեն արդէն շատ հարազատ դարձած Ժաննա Գալստեանի, Վարդգէս Բաղրեանի եւ Շեխերի գիւղապետ Բաղդասար Ղուլեանի հետ, որոնք Արցախից պարբերաբար ներկայացնում էին իրավիճակը։ Հոկտեմբերի 22-ին թէժ մարտեր են տեղի ունենում Շեխեր գիւղի մօտակայքում։ Հոկտեմբերի 23-ին Ազերիներին յաջողւում է գրաւել գիւղը։ Այս ցաւալի իրողութիւնը ո՛չ մէկը չի կարողանում յայտնել Կարպիս Նիկողոսեանին։ Լուրերը լսելու պահին զանգահարում է ինձ, ձայնից զգացի, որ լաւ չէ, յուսադրեցի, ասելով՝ որ դեռ հաստատ չէ։ Բարեբախտաբար, կողք-կողքի թաղամասերում ենք բնակւում, ամուսնուս հետ անմիջապէս գնացինք։ Երբ մտանք տուն, հեռուստացոյցի պաստառին Շեխեր գիւղի դպրոցն էր, շուրջը մի շարք տեսերիզներ, VHS-ի տուփեր, որոնք մեր ամէն մի հանդիպման ժամանակ բազմիցս նայել ենք։ Միանգամից ցոյց տուեց դպրոցի ճակատին փակցուած երկու մարմարեայ սալիկները, դրանցից մէկի վրայ գրուած էր՝ դպրոցը կառուցուել է 2002 թուականին ֆրանսահայ բարեգործներ, ամուսիններ՝ Կարպիս եւ Նիկոլ Նիկողոսեանների կողմից: Երկրորդ սալիկի վրայ տեղ էին գտել Կարպիսի ծնողների՝ Նիկողոս եւ Հերմինէ Նիկողոսեանների դիմանկարները, որոնց յիշատակին իրենց որդի Կարպիսը կառուցել է այս դպրոցը:
Կարպիս Նիկողոսեանի մտահոգութիւնն այն էր, որ այսուհետեւ այդ դպրոցում պիտի մեր թշնամիների երեխաները սովորեն, իսկ երբ պատկերացնում էր թէ ինչպէս կը վարուեն դպրոցի ճակատին փակցուած սալիկների հետ, ուղղակի, ինչպէս ինքն է ասում՝ կը խենթանայ։
Կարպիս Նիկողոսեանին մեր ո՛չ մի խօսքը սպեղանի չդարձաւ, ինքը իրեն վերագտաւ եւ սկսեց գրի առնել իր յուշերը։
Չնայած անընդհատ մենք կապի մէջ էինք, այդ մասին տեղեակ չէինք, երբ որ գիրքն աւարտեց, այդ առիթով հանդիպեցինք։ Անշուշտ, գրուած էր ֆրանսերէնով, որը պատճէնահանել էր եւ ամրակներով՝ գրքի տեսքի բերել։ Շատ յուզիչ վերնագիր էր ընտրել «ARTSAKH, l’épreuve, SHEKHER, ma peine» (Արցախ՝ փորձութիւն, Շեխեր՝ իմ ցաւ)։ Գերակշռող մասը Շեխերում եւ Ստեփանակերտում իրենց հանդիպումների լուսանկարներն էին։ Գիրքը, թերթելուց յետոյ Կարպիս Նիկողոսեանին ասացի, որ պէտք է հրատարակել, տարակուսեց, բայց կարողացայ համոզել։ Քանի որ գիրքը հիմնականում Շեխեր գիւղի մասին է, որոշեցինք թարգմանել հայերէն եւ երկու լեզուով մէկ ամբողջական գիրք կազմել։ Այդպէս էլ եղաւ։ Գիրքը թարգմանեց Մոնիկա Առաքելեան-Շուքուրեանը։
Ապրիլի 22-ին, Արնուվիլ քաղաքի «Շառլ Ազնաւուր» մշակութային համալիրում տեղի ունեցաւ գրքի շնորհահանդէսը, որտեղ ներկայ էին Արնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը իր աշխատակազմով, երգչուհի Լիզ Սարեանը, որը վերջում ներկաների ձայնակցութեամբ կատարեց «Հով, հով, հովն ընկաւ» երգը, եւ Կարպիս Նիկողոսեանի հարազատներն ու մտերիմները։
Գրքի նախաբանում Կարպիս Նիկողոսեանը գրել է. «Փարիզում հրատարակուող “Նոր Յառաջ” թերթում Շեխեր գիւղի եւ Բաղդասարի մասին կարդալուց յետոյ, փորձեցի փորփրել յիշողութիւնս, գրի առնել, ու իմ եւ կնոջս անունից նուիրել Շեխերի բնակիչներին, Ստեփանակերտի մեր ընկերներին, բոլոր Արցախցիներին»։
Ի դէպ, խօսքը 2020 Դեկտեմբեր 7-ին «Նոր Յառաջ»-ում հրատարակուած նիւթի մասին է՝ «ՇԵԽԵՐԻ ԳԻՆԻՆ՝ ԱԶԷՐՊԱՅՃԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ ՆԵՐՔՈՅ» վերնագրով, որն ամբողջութեամբ տեղադրուած է գրքի առաջին էջում։
«Այժմ, երբ 2021-ի Յունուարին յիշում ու գրառում եմ իմ մտքերը,– գրում է Կարպիս Նիկողոսեան,– չեմ կարող մոռանալ այն անշահախնդիր սէրը, որ Շեխերում նրանք տուեցին մեզ։ Այն անմոռանալի, երջանիկ պահերը, որ ապրեցինք Շեխերում, իմ կեանքի ամենայիշարժան օրերն են։
Անչափ տխուր եմ, որ այլեւս չեմ կարողանալու գնալ Շեխեր, որ այլեւս չեմ տեսնելու ընկերներիս, գիւղի բնակիչներին, ուսուցիչներին, աշակերտներին, որ միշտ վազելով գիրկս էին գալիս՝ Կարպիս պապիկը եկաւ, ասելով։
Ինչպէս շրջեմ Շեխերի էջը, որին ես այդքան սիրահարուած էի։
Մեծ ցնցում էր, երբ 2020 Նոյեմբերի 9-ին, 44-օրեայ պատերազմից յետոյ, ստորագրուեց կապիտուլացիոն պայմանագիրը։
Երեսուն տարի շարունակ, ժողովուրդը, որ բոլոր յոյսերով գոչում էր՝ “Ղարաբաղը մե՛րն է”, երբեք չէր կարող պատկերացնել Արցախի պարտութիւնը։ Այս փաստը դառը զգացողութիւն է թողել, հսկայական խառնաշփոթ, ափսոսանք, կորցրած պատրանքներ, որովհետեւ վստահելով մեր բանակին՝ մարդիկ գրում ու գոչում էին՝ “յաղթելու ենք”։
Տարբեր կառավարութիւնների ժամանակ վատնուած գումարները կարող էին ծառայել մեր բանակին՝ նրան զինելով ժամանակակից զէնքերով։
Ամէն անգամ, մենք հպարտութեամբ էինք նայում մեր զինուորների զօրահանդէսը, մինչդեռ բոլոր զէնքերը հին էին, ժամկէտանց։ Այդ իսկ պատճառով, միայն մեր զինուորների քաջութիւնը բաւարար չէր, որ հակադրեր ադրբեջանաթուրքական դաշինքին, որոնք զինուած էին ժամանակակից ամենահզօր զէնքերով ու թիւով գերազանցում էին մեզ։
Իսկ հիմա՞, ի՞նչ է մնում անել…
Երբ սուգն աւարտուի, պէտք է շրջել պատմութեան այս մութ էջը եւ փլատակների վրայ կառուցել նոր երկիր, չկրկնելով մեր ղեկավարների աններելի սխալները, որոնք հարստացել են իրենց իսկ հայրենիքի հաշուին, կարծելով թէ ամէն բան յաւերժ է իրենց համար, երբ մեր ռազմատենչ հարեւանները ահռելի գումարներ էին ծախսում պատերազմին պատրաստուելու համար։
Այժմ, ողջ Հայութեանը մնում է Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից՝ գործել համարձակօրէն, եւս մէկ անգամ ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագան վերցնել իրենց ձեռքը եւ միասնական կառուցել հզօր ու հպարտ երկիր։
Միասնականութիւնը միակ այլընտարանքն է։ Մենք պէտք է աւելի քան երբեւէ հիմա լինենք միասնական։
Պէտք է յիշեցնեմ Եղիշէ Չարենցի խօսքերը.
“Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է”»։
Գիրքը ներկայացնելուց առաջ Մոնիկա Առաքելեանը շնորհակալութիւն յայտնելով ներկաներին եւ յատկապէս պարոն Պասկալ Դոլին, խօսքը փոխանցեց նրան, այդ պահին պաստառին ցուցադրւում էր պարոն Դոլի այցը Շեխեր գիւղ։ Ներկայացնելով Կարպիս Նիկողոսեանի հայրենանուէր գործունէութիւնը, իր այցելութիւնից մի քանի դրուագներ պատմեց ասելով, որ Արցախցիները հերոսական ժողովուրդ են, Բերձորի միջանցքը փակելու համար դատապարտեց Ալիեւին, նրան համարելով բռնապետ, կոչ արեց, որ Ֆրանսիան լուրջ քայլեր ձեռնարկի։
Իր խօսքում Մոնիկա Առաքելեան ասաց՝ Կարպիս Նիկողոսեանին ճանաչում եմ որպէս Արցախին նուիրուած մարդ, ցաւօք, այսօր Արցախը գտնւում է շրջափակման մէջ։ Շեխեր գիւղը, որտեղ դպրոց է կառուցել, այժմ Ադրբեջանի ենթակայութեան տակ է։
Թերթելով գիրքը տիկին Առաքելեան մի քանի դրուագ պատմեց, որ երբ 2001-ին Կարպիս Նիկողոսեանը իր կնոջ հետ գնացել էր Ֆրանսիայի գողտրիկ քաղաքներից մէկում հանգստանալու, այնտեղ հանդիպում է Արցախի նախագահ Արկադի Ղուկասեանին, զրուցում են Արցախի պատերազմի յաղթանակի, Արցախի բնութեան, հիւրասէր ժողովրդի մասին։ Կարպիս Նիկողոսեանի հարցերին պատասխանելու ժամանակ, Արկադի Ղուկասեանը ասում է՝ աւելի լաւ է գաք Արցախ ու ձեր աչքերով տեսնէք։
Կարճ ժամանակ անց, Կարպիս Նիկողոսեանը եւ կինը գնում են Արցախ։
Արցախում շատ ջերմ են ընդունում նրանց։ Հանդիպում են Կառավարութեան անդամների, Ազգային ժողովի անդամների, Արցախի բնակիչների հետ։
Շրջում են Արցախի տեսարժան վայրերով, գնում են Շուշի, Ամարաս, Դադիվանք, Գանձասար։
Երբ Գանձասարում լսում է Արցախի Ազգային ժողովի երեսփոխան Ժաննա Գալստեանի ելոյթը, որը նկարագրում է Արցախի պատերազմի ժամանակ մարդկային կորուստների ու աւերածութիւնների մասին, Կարպիս Նիկողոսեանն այդ պահին որոշում է, որ պէտք է որեւէ բանով օգտակար լինի Արցախին։
Արցախի այն ժամանակուայ վարչապետ Անուշաւան Դանիէլեանի հետ ծրագրում են դպրոց կառուցել։
Ինչպէս պարոն Կարպիսն է գրել՝ շատ գիւղեր կային, որ դպրոցի կարիք ունէին. որպէսզի ընտրութիւնը արդար լինի, առանց կարդալու թէ որ գիւղն է՝ մատը դնում է Շեխեր գիւղի վրայ։
Այդպէս՝ Կարպիս Նիկողոսեանի շնորհիւ կառուցւում է այդ դպրոցը։
Կարճ ժամանակ անց, կառուցւում է նաեւ մարզական համալիր, որը կրում էր Մոնթէ Մելքոնեանի անունը։
Այդ ժամանակաընթացքում Կարպիս Նիկողոսեանը 33 անգամ եղել է Արցախում։
Դպրոցի եւ մարզահամալիրի բացման արարողութիւնների ժամանակ Ֆրանսիայից ժամանել են երեսփոխաններ, Արնուվիլի քաղաքապետը։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիա-Արցախ սերտ բարեկամութեան համար իր դերակատարութիւնը ունի Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը, պաշտօնական բոլոր այցելութիւնները եղել են նրա ուղեկցութեամբ։
Վերջում, Մոնիկա Առաքելեան նշեց, որ ճիշդ է, այժմ Շեխեր գիւղը գտնւում է Ադրբեջանի տիրապետութեան տակ, դպրոցում հայ աշակերտներ չկան եւ չգիտենք թէ հիմա ինչ վիճակում է, յամենայն դէպս փորձում ենք հաւատալ, որ Շեխերը կ՚ազատագրուի։
– Ես ցաւով եմ թարգմանել այս տողերը,– ասաց նա,– հիմա այնքան լաւ եմ հասկանում Կարպիս Նիկողոսեանին։ Գիրքը թարգմանեցի հայերէնի, որպէսզի Արցախի եւ մա՛նաւանդ Շեխերի բնակիչներն էլ կարդան ու յիշեն իրենց սիրելի Կարպիս Նիկողոսեանին։
Մանրամասներ չեմ նկարագրում, գիրքը կարդալուց, համոզուած եմ՝ անկախ ձեր կամքից, արցունքներ պիտի հոսեն ձեր աչքերից։
Կարպիս Նիկողոսեանը գրել է՝ Շեխեր գիւղին ու դպրոցին օգնելու իմ օրինակը վարակել էր իմ զարմիկներին՝ Սերժին ու Ժան–Մարկին,– վերջինս այստեղ ներկայ է,– ամէն մէկը իւրովի պատրաստ էր արդիւնաւէտօրէն օգտակար լինել։
Շեխեր այցելութիւնից ոգեւորուած, Սերժը ցանկացաւ նպաստել գիւղի զարգացմանը։ Նա որոշեց ֆինանսաւորել ու երեխաների համար բացել խաղահրապարակ, որը շատ լաւ գաղափար էր։
«Շէն» կազմակերպութեան արժէքաւոր խորհուրդներով Սերժի ծրագիրը կեանքի կոչուեց եւ իրականութիւն դարձաւ։ Բացումը տեղի ունեցաւ 2015 Յունիսի 15-ին, տեղական իշխանութիւնների ներկայութեամբ, Երեւանում «Շէն»-ի նախագահ Հայկ Մինասեանի մասնակցութեամբ, գիւղի բնակիչներով, որոնք եկել էին ականատեսը լինելու այս ուրախ հանդիսութեան։
Ներկայ էին նաեւ ANACRA-ի (Հայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների ընկերակցութիւն) անդամներ, Ֆրանսիայի վեթերաններ՝ Աշոտ Շմաւոնեանը եւ Ժան Շագուգեանը, ովքեր Ֆրանսիայից եկել էին իրենց դրօշներով, նրանց ուղեկցում էին համազգեստով երկու երիտասարդ շեխերցիներ, որոնցից մէկը Հայկն էր, Բաղդասարի տղան, որն աւաղ, 44-օրեայ պատերազմի զոհ դարձաւ։
Կարպիս Մկրեան հայերէնով ճառ ասաց, ներկայացրեց «Շէն»-ի ձեռքբերումները, վատ չէր, պէտք է ասեմ, որ հայերէնը կատարելագործելու համար, Հայկ Մինասեանի մօտ յաճախ է գնացել։
Ինչ վերաբերում է Սերժին՝ խօսեց ֆրանսերէնով, շատ յուզուած ու երջանիկ էր, որ կարողացել է մի փոքր ուրախացնել գիւղի երեխաներին։
Արցունքներն աչքերիս՝ ես նրանց թարգամանիչն էի…
Օրհնութիւնից, ճառերից ու երեխաների երգերից յետոյ, մենք տեսանք բնակիչների ուրախ ու զուարթ դէմքերը։ Նրանք տեսան, որ դպրոցի ճակատը նորոգուած է, եւ իրենց երեխաները երջանիկ են։
…Արցախի երեսփոխան, լրագրող Վարդգէս Բաղրեանի խորհրդով՝ Ժան-Մարկի հետ միասին, համակարգիչներ տարանք Շեխերի դպրոց։ Տեղադրելուց յետոյ, տեսնելով երեխաների երջանիկ դէմքերը, հասկացանք, որ լաւ գործ ենք արել։
Աւարտելով իր խօսքը, Մոնիկա Առաքելեան յայտնեց՝ պահպանեցէ՛ք ձեր առողջութիւնը, որ միասին գնանք Շուշի եւ Շեխեր։
Այնուհետեւ Կարպիս Նիկողոսեան յիշեց իր այցելութիւնները եւ յուզմունքից լաց եղաւ։
90-ամեայ Կարպիս Նիկողոսեան հաւատում է, որ շուտով Շեխեր պիտի գնայ, երանի այդ օրը չուշանայ։
ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿԵԱՆ
2023 Մայիս 2
Փարիզ ■