«Դուք փորձում էք մեզ դարձնել ստրուկ եւ արժէք չունեցող մարդ, դա չի ստացուելու»
Ռուբէն Վարդանեան Մայիս 21-ին Յակոբավանքէն ուղերձ յղած է Նիկոլ Փաշինեանին, ուր մասնաւորապէս նշուած է.
“Յակոբավանքից, որը Արցախի սրտում է, ուզում եմ ասել մի բան. ես չգիտեմ, թէ դուք ինչքան ժամանակ էք մնալու ղեկավար, պարո՛ն Փաշինեան, բայց դուք վտանգաւոր բան էք անում. դուք փորձում էք մեզ բոլորիս դարձնել ստրուկ եւ արժէք չունեցող մարդ։ Դա չի ստացուելու։ Ամենասարսափելին այն է, որ մենք խօսում ենք ոչ թէ այն մասին թէ ո՛ր քաղաքական ուժն է ճիշդ կամ սխալ, այլ խօսում ենք ամենախոր արժէքների մասին։ Երբ մեզ թոյլ ենք տալիս ասել, որ ունենք հազարաւոր դասալիքներ՝ առանց ապացոյցների, երբ ասում ենք՝ հայ կանայք երջանիկ չեն, երբ հնարաւոր է թքել մարդու երեսին եւ դա բնական համարել, երբ խօսում ենք, որ Եկեղեցու դէմ կարելի է այսպիսի քարոզարշաւ սկսել, երբ հնարաւոր է Արցախի մասին ասել՝ «ի՞նչ կապ ունենք», մատ թափ տալ Ազգային ժողովում եւ ասել՝ «դուք ո՞վ էք, որ մեզ բան էք ասում», ասել, որ «կարելի էր պատերազմը կանգնեցնել, բայց առանց հազարաւոր զոհերի», եւ պատերազմը չկանգնեցնել, դա արդէն ամենամեծ վտանգն է, որը մեզ սպառնում է։ Մենք դաւաճանում ենք հայրենիքին, հայկական արմատներին, արժէքներին”։
Ռ. Վարդանեան նշած է, թէ կը քննարկենք բաներ, որոնք քննարկման ենթակայ չեն՝ Ցեղասպանութիւնը, հայկական արժէքները, Արարատը եւ շատ այլ բաներ, որոնք մեր սիւներն են, որոնց վրայ յենած ենք։
“Վստահ եմ, որ սա երկար չի կարող շարունակուել։ Ամէն ինչ կարելի է պղտորել, բայց ազգային սկզբունքները պղտորել չի կարելի։ Վստահ եմ՝ մեր սերունդը արժանապատիւ անցնելու է այս ամենածանր ժամանակը”,– եզրափակած է ան։