Modern Website Header
Website Header with Working Banner

Արցախի Ազգային Ժողովի պատասխանը՝ Ալիեւին. «Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանութեան ու պետականակերտման ճանապարհը» 

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը Մայիս 29-ին հրապարակած է հաղորդագրութիւն մը՝ ի պատասխան Ալիեւի նախորդ օրուան յայտարարութիւններուն։

Ստորեւ՝ հաղորդագրութեան հիմնական բաժինները.

«Ադրբեջանի նախագահի Մայիս 28-ի յայտարարութիւնները կրկին անգամ ընդգծուած սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների հանդէպ՝ ոտնահարելով միջազգային իրաւունքի հանրայայտ չափանիշերը եւ այդ երկրի կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւնները:

Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրուած մարմինների՝ Նախագահի եւ Ազգային ժողովի, ինչպէս նաև պետական մնացեալ հաստատութիւնների կազմաքանդումը՝ Ադրբեջանի ղեկավարը կրկին անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի ցեղային զտման եւ տարածքների բռնագրաւման քաղաքականութեան իրականացումը: Սա եւս մէկ ապացոյց է, որ Արցախի ժողովուրդը պարզապէս չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատեաց ու հայամերժ քաղաքականութիւնից բխող գոյաբանական վտանգների պատճառով:

Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանութեան ու պետականակերտման ճանապարհը, որոնց յենասիւներից են Նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի, վճռականօրէն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, ինքնիշխանութեան եւ անվտանգութեան, ինչպէս նաեւ տարածաշրջանի խաղաղութեան հանդէպ այսպիսի յարձակումները եւ ռազմական գործողութիւնների վերսկսման սպառնալիքները:

(…)

Միջազգային հանրութեան պարտաւորութիւնն է երաշխաւորել նաեւ Արցախի ժողովրդի անվտանգութիւնը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղութեան հանդէպ եւ պարզապէս ձգտում է ազատ ու արժանապատիւ կերպով ապրել իր հայրենի հողում՝ միջազգային իրաւունքի չափանիշերի հիման վրայ:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, որպէս ժողովրդի կողմից ընտրուած բարձրագոյն մարմին, անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնուող սպառնալիքներից, կը շարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելութիւնը եւ ազատ ապրելու մեր իրաւունքների պաշտպանութիւնը»: