Իրաւապաշտպան Արման Թաթոյեան Դիմագիրքի իր էջին գրառումով հաղորդած է, թէ Տիգրանաշէնը «կղզիացած տարածք»-ի կարգավիճակ չէ ունեցած, ան պատմական հայկական գիւղ է եւ ի սկզբանէ մաս կազմած է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետութեան, այլ նաեւ Խորհրդային Հայաստանի:
Պատմական փաստեր Տիգրանաշէնի վերաբերեալ
«Գիւղը ունեցել է Քարքէ անունը (Քեարքին ադրբեջանական է):
Տիգարանաշէնի անմիջական հարեւանութեամբ դէպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկայ է եւս մէկ հայկական գիւղ՝ հայկական պատմական Գենուտ գիւղը, որի անուանումը առաջացել է գիհի մշտադալար ծառից, եւ այն նոյնպէս մաս է կազմել է Խորհրդային Հայաստանի:
Տարիների ընթացքին է գիւղը բաժանուել երկու մասի թուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետեւանքով եւ ստացել Ջաֆարլու եւ Գիւնութ անուանումները:
Օրինակ Խորհրդաին Հայաստանի 1926-ի քարտէզում գիւղը Հայաստանի մաս է կազմել։
Եթէ որևէ բնակավայրի մի մասը բնակեցուած է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ինքնաբերաբար չի ենթադրում, որ նշուած տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետութեան:
Նոյն կերպ Տաւուշի պատմական հայկական գիւղերը, օրինակ՝ Ոսկեպարը, որ ինչպէս 1918–1920 թթ., այնպէս էլ Խորհրդային ժամանակաշրջանին, պատկանել է Իջեւանի գաւառի Բարանայի շրջանին:
«Կղզիացած տարածքներ»-ի հարցեր բարձրացնողները կարո՞ղ են ասել` ինչ է լինելու իրենց հայրենի հողում դարեր շարունակ ապրող և արարող մեր հայրենակիցների հետ, մտածե՞լ են նրանց ունեցուածքի ու տարիների վաստակի, կեանքի ու անվտանգութեան մասին: Ի՞նչ է լինելու մեր երկրի անվտանգութեան հետ, համայնքների հետ:
Պատմական փաստերի աղաւաղումները, Հայրենիքի անվտանգութեան նկատմամբ մակերեսային վերաբերմունքը, մարդկանց իրաւունքները, պետութեան անվտանգութիւնը բացայայտ անտեսող, պատմութիւնից դասեր չքաղած ու ակնյայտ ոչ-մասնագիտական մօտեցումներն են, որ տասնամեակներ շարունակ մեզ զրկել են մեր երկրի եւ նրա քաղաքացու իրաւունքներն ու շահերը պաշտպանելու իրաւական հիմքերից՝ վտանգի ենթարկելով մեր ապահովութիւնը:
Մեր Հայրենիքի ամէն մէկ մասնիկի յետեւում մարդկային ճակատագիր կայ, հայրական տուն, ընտանիք»,– գրած է Թաթոյեան և հրապարակած քարտէսներու լուսանկարները։