Modern Website Header
Website Header with Working Banner

«Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրաւէրներին ու արժանապատիւ կերպով ապրելու իր սեփական հայրենիքում»

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեան.

«Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրաւէրներին ու արժանապատիւ կերպով ապրելու իր սեփական հայրենիքում»

Յունիս 28-ին տեղի ունեցած Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստին, նախագահ Արթուր Թովմասեան ելոյթ ունենալով դատապարտած է Ազերպայճանի իշխանութիւններուն յաջորդական զինեալ յարձակումը, որու հետեւանքով չորս հայ զինուոր նահատակուած է։

Ան իր խօսքին մէջ մասնաւորաբար յայտնած է.

«2022 Դեկտեմբեր 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ողբերգական ընթացք  ստացաւ Մարտի 5-ին եւ այսօր՝ Յունիսի 28-ին, երբ թշնամու զինեալ յարձակման հետեւանքով զոհուեցին չորս հերոս զինուորներ։ Յաւերժ փառք Արցախի եւ Հայաստանի սահմանները պաշտպանելու ժամանակ իրենց կեանքը զոհած բոլոր հայորդիներին: 

Մէկ րոպէ լռութեամբ յարգենք բոլոր նահատակների անմար յիշատակը:

Սիրելի´ հայրենակիցներ,

Ադրբեջանը ոչ միայն կանխամտածուած սովամահ է անում Արցախի բնակչութեան, այլեւ նրան հասցրել է բնաջնջման եզրին:

Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում եւ դրա շուրջ որեւէ քննարկում մեզ համար անընդունելի է: Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրաւունք չունի խախտելու: ԵԱՀԿ Մինսկի համանախագահները եւ այդ երկրների առաջնորդները պէտք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումը Ադրբեջանին կը յանգեցնի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը:

Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը: 

Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգուած է մեր ժողովրդի ապահով ու լիարժէք ապրելու իրաւունքը: Եւ ցաւալի է, որ այդ ամէնը տեղի է ունենում միջազգային հանրութեան լուռ համաձայնութեամբ:

Բարձր գնահատելով հանդերձ միջազգային կառոյցների յայտարարութիւնները, կրկնում ենք, որ խօսքից պէտք է անցնել գործի:

Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները համապատասխան  պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի վարչակարգի դէմ, քանզի այդ երկիրը ո՛չ միայն արհամարհում, այլեւ ոտնահարում է Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումները:

Իսկ Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրաւէրներին ու արժանապատիւ կերպով ապրելու իր սեփական հայրենիքում»: