Արցախի շրջափակման 200-րդ օրուան առիթով՝ Խորհրդային Ազերպայճանէն, Նախիջեւանէն եւ Արցախի Հանրապետութենէն հայ գաղթականները եւ բռնի տեղահանուածները Յունիս 30-ին հրապարակած են ստորեւ տրուած կոչ-ահազանգը.
«Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է Արցախի ապաշրջափակման վերաբերեալ միջազգային կառոյցների կոչերը, այդ թւում՝ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը, համաձայն որի այդ երկիրը պէտք է վերականգնի Բերձորի միջանցքով անխափան տեղաշարժը, այլեւ շարունակում է Արցախի խաղաղ բնակչութեան նկատմամբ ահաբեկչական գործողութիւնները։ Ասուածի վառ օրինակն է երկու օր առաջ Արցախի Մարտունու եւ Մարտակերտի ուղղութեամբ հրետանային կրակ բացելու հետեւանքով հայկական կողմի 4 զոհը:
Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանը կոպտօրէն խախտում է նաեւ իր իսկ կողմից ստանձնած պարտաւորութիւնները, այդ թւում՝ 2020 Նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարութեան 7-րդ կէտը, որի համաձայն՝ տեղահանուած անձինք եւ փախստականները վերադառնալու են Արցախի տարածք եւ յարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի վերահսկողութեան ներքոյ:
Ինչպէս տասնամեակներ առաջ, այնպէս էլ հիմա, Ադրբեջանն ուժի սպառնալիքով շարունակում է հայաթափման հետեւողական քաղաքականութիւնը: 1987-1992թթ. Ադրբեջանական Խորհրդային Հանրապետութիւնում, ապա Ադրբեջանի Հանրապետութեան կողմից Հայութեան դէմ կատարուած ոճրագործութիւնների, ցեղասպան արարքների, պետականօրէն խրախուսուող ջարդերի պատճառով նաեւ հարիւր հազարաւոր Հայեր ունեզրկուեցին, դարձան փախստական: Այդ քաղաքականութեան հետեւանքով երբեմնի հայաբնակ, սակայն հայաթափուած Նախիջեւանում միտումնաւոր եւ յանցաւոր կերպով ոչնչացուեց հայկական մշակութային ժառանգութիւնը: Նախիջեւանի օրինակով այժմ սպառնում է նաեւ Արցախին:
Ադրբեջանը, օգտուելով միջազգային հանրութեան կողմից Հայութեան դէմ իրականացրած իր ոճրագործութիւնները չդատապարտելու հանգամանքից եւ իրաւական քննութեան բացակայութեան փաստից, աւելի մեծ թափով է լծուել հայատեաց, հայահալած քաղաքականութեան իրականացմանը: Ներկայիս իրավիճակը ծայրայեղ ծանր է։
Ելնելով վերոգրեալից՝ միջազգային հանրութիւնից, միջազգային կազմակերպութիւններից եւ գործընկեր պետութիւններից փախստականները եւ բռնի տեղահանուածները պահանջում են՝
– Մշակել եւ ձեռնարկել գործուն քայլեր՝ ստիպելու Ադրբեջանին ապաշրջափակել Արցախն ու դադարեցնել մարդասիրական աղէտը եւ իրագործել ՄԱԿ-ի դատարանի կողմից կայացրած որոշումը,
– Աջակցել բոլոր հայ փախստականների ու բռնի տեղահանուածների արժանապատիւ եւ ապահով ինքնակամ վերադարձի իրաւունքի իրացմանը, մշակել վերադարձի եւ այնտեղ նրանց ֆիզիքական, քաղաքական եւ քաղաքացիական, այդ թւում նրանց ինքնութեան անվտանգութիւնը բոլոր երաշխիքներով ապահովելու գործիքակազմեր,
– Ապահովել Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած շրջանների հայկական մշակութային ժառանգութեան կոթողների անվտանգ եւ անվնաս գոյութիւնը,
– Ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ փախստականների եւ նրանց ժառանգների համար կորցրած ունեցուածքի դիմաց Ադրբեջանի կողմից փոխհատուցում տրամադրելու համար եւ պարտադրել Ադրբեջանին կատարել իր այդ պարտաւորութիւնը,
– Քաղաքական գործընթացներին զուգահեռ նախանձախնդրօրէն հետամուտ լինել մարդասիրական խնդիրների արագ եւ անխոչընդոտ կարգաւորմանը»։