Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան Ազգային ժողովին մէջ պատասխանելով երեսփոխաններու հարցումներուն յայտարարած է. “Իմ վրայ միայն մէկ ճնշում կարող է լինել, դա ժողովրդի ճնշումն է, այլ ճնշում չկայ ու չի կարող լինել, ո՛չ գերտէրութիւնների, ո՛չ Հայաստանի իշխանութիւնների, ո՛չ քաղաքական ուժերի ու անձերի կողմից”:
Ան շարունակած է ըսելով. “Ես յարգում եմ բոլորի կարծիքները, երբ ասում են՝ գնանք Բաքու հանդիպման, մարդիկ կան ասում են՝ այլ ձեւաչափով հանդիպում ունենանք, մարդիկ կան, որ ասում են՝ պէտք է հանդիպենք, որ ունենանք երկխօսութիւն, մարդիկ կան ասում են՝ ընդհանրապէս չպէտք է հանդիպենք:
Մենք պէտք է աշխատենք, որ հասարակութիւնը գոնէ հասկանայ, որ եթէ 10 օր յետոյ շաքարաւազ չլինի, շուկայի աշխատող կանայք չգան ասեն՝ բա վերջը ի՞նչ է լինելու: Մենք պէտք է որոշում կայացնենք, մեզ համար գլխաւոր նպատակը շաքարաւազ ունենա՞լն է, «քոքա–քոլա» խմե՞լն է, գարեջուր ունենա՞լն է, թէ՞ մեր նպատակին հասնելը: Եթէ մեր նպատակին հասնելն է, ապա պիտի կրենք զրկանքներ ու դա պէտք է հասկանանք”:
Արայիկ Յարութիւնեան յայտնած է, որ ձմռան կազ պիտի չունենան, Ազերպայճան ամէն ինչ պիտի ընէ որ պառակտէ մեր հասարակութիւնը, որ շուկան աշխատող կիները գան եւ ըսեն՝ ասոր վերջը ի՞նչ պիտի ըլլայ: “Վերջը լաւ է լինելու, համոզուած եղէք: Այդ լաւ լինելը պայմանաւորուած է լինելու մեզանից: Մեր ինքնորոշման իրաւունքը իրացնելը կախեալ է լինելու մեզանից: 1988-ին շարժումը սկսել ենք, գլխներիս տուել է Սովետական Միութիւնը: Դրանից յետոյ դիմադրել ենք, կրել ենք զրկանքներ, շաքար չենք ունեցել, ուտելիք չենք ունեցել, ձէթ չենք ունեցել: Պատերազմական գործողութիւններով կարողացել ենք յաջողութիւն արձանագրել եւ հասել ենք մի փուլի, երբ Ղարաբաղի հետ ոչ միայն հաշուի էին նստում, այլ քննարկում էին: Ասում էին՝ 5 շրջանը տուէք, երկուսը մնայ ձեզ: Այսօր հաշուի չեն նստում, որովհետեւ մենք պատրաստ չենք, զրկանքները կրելը համարում ենք կործանարար: Մենք զրկանքներ կրելով պէտք է մեր ինքնորոշման իրաւունքը հասցնենք իր վերջնական նպատակներին: Մեր ինքնորոշման իրաւունքը ո՛չ ոք, ո՛չ մի քաղաքական ուժ կամ անձ, ո՛չ մի միջազգային կառոյց չի կարող կասկածի տակ դնել: Մեր ինքնորոշման իրաւունքն է մեզ այստեղ պահում, եթէ չլինէր մեր ինքնորոշման իրաւունքի իրացման հնարաւորութիւնը, ես մէկ օր չէի մնայ իմ պաշտօնին: Ո՛չ ոք չի կարող մեզ զրկել մեր ինքնորոշման իրաւունքից”,– յայտարարած է Արցախի նախագահը: