Modern Website Header
Website Header with Working Banner

Արցախի առաջնորդ. «Մեծ առեւտուր է ընթանում. Արցախը դրուած է վաճառքի» (տեսանիւթ)

Յուլիս 25-ին, Ստեփանակերտի եւ Երեւանի մէջ յաջակցութիւն Արցախի կազմակերպուած միասնական հանրահաւաքի մասնակիցներուն իր խօսքը ուղղած է Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տէր Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեան։ Ան իր ելոյթին ի միջի այլոց նշած է.

«Յայտնի է՝ ինչ է տեղի ունենում Արցախում եւ ինչ խմորումներ են տեղի ունենում մեր հայրենիքի այս սրբազան մասունքի շուրջ։

Ինչպէս ժամանակին Խրիմեան Հայրիկն էր բնութագրում հայկական հարցը, ճիշդ նոյն իրավիճակում ենք գտնւում։ Մի մեծ առեւտուր է ընթանում՝ Արցախը դրուած է վաճառքի, իսկ շերեփաւորները ախորժակները սրած սպասում են իրենց պատառին։ Որքան էլ խաղաղութեան սին յոյսերի գինով հարբենք ու փորձենք մենք մեզ  խաբել, դրանից իրականութիւնը չի  փոխուելու։ Ինչպես քրոնիկ հարբեցողի դէպքում է լինում, ամէն ինչ գնալու է դէպի կործանում։ Արցախը ենթակայ չէ վաճառքի։ Արցախը Աստուածապարգեւ Հայաստան աշխարհի անմնացորդ մասն է։ Արցախը՝ սրբութիւն ու հող է։ Արցախը ՝ պատմութիւն ու ժողովուրդ է։ Այսօր կանգնել Արցախի կողքին, կը նշանակի կանգնել մեր խղճի եւ արդարութեան կողքին, կանգնել քաղաքակրթութեան եւ մարդու իրաւունքների կողքին։ Մարդիկ եւ ազգերը ժամանակ առ ժամանակ հնձում են այն, ինչը սերմանել ու աճեցրել են։

Բայց այսօր, բոլոր գործած մեղքերից աւելին, վախեցնող ու սարսափեցնողը անտարբերութեան ութերորդ մահացու մեղքն է։ Եթէ մենք կրաւորական դիրքով ու անտարբերութեամբ ենք հետեւում վերը նշուած գործընթացքներին, նշանակում է գործակից ենք դառնում Արցախը վաճառողներին։

Այսօրուայ իրականութիւնը գալիս է եւս մէկ անգամ մեզ յիշեցնելու, որ Արցախեան շարժումը չի ավարտուել եւ դեռ շարունակւում է: Այն մեզ համար պէտք է դառնայ հանապազօրեայ հացի պէս, դառնայ ապրելակերպ, առաքելութիւն, գաղափար եւ պայքար: Արցախեան շարժումի ընթացքին հազարաւոր հայորդիներ հերոսացան, անմահացան եւ դարձան հզօր հոգեւոր մի բանակ, որոնց հոգեւոր հայեացքի ներքոյ մենք չպիտի սխալուենք, այլ ամբողջ ազգով դառնալով մէկ միասնական բռունցք, այդ շարժումը հասցնենք իր բարի աւարտին՝ ազատ, անկախ Արցախ: Այսօր Արցախն է հայի ինքնութեան եւ արժանաատւութեան շարժիչ ուժը: Կորցնելով Արցախը՝ կորցնելու ենք մեր ինքնութիւնն ու արժանապատւութիւնը»։

Տեսանիւթը՝

https://youtu.be/4XYqVmlvYiM