Search
Close this search box.

ԵՐԵՒԱՆ – Փաշինեան սպառնացած է ընդդիմութեան. «Դէ բախտներդ փորձէք ու էնքան ասֆալտ կ՚ուտէք ու բորդիւր կը լիզէք»…

Սեպտեմբեր 15-ին, Երեւանի մէջ տեղի ունեցած է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցութեան քաղաքապետի թեկնածու Տիգրան Աւինեանի ի նպաստ երթ-հանրահաւաքը, որուն մասնակցած են վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ իր կնոջ Աննա Յակոբեանի եւ աղջկան՝ Մարիամ Փաշինեանի հետ, Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան, Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեան, ՔՊ-ի վարչութիւնը, նախարարներ, ՔՊ–ական երեսփոխաններ։ Ուշագրաւ եղած է Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի մասնակցութիւնը քարոզարշաւին՝ երկրին սպառնացող վտանգալից իրավիճակին մէջ։

Հանրահաւաքի ընթացքին վարչապետը խօսքը ուղղելով մասնաւորապէս նախորդ օր հեռատեսիլի բանավէճին չմասնակցած քաղաքապետի թեկնածուներ՝ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանեանին ու նախկին քաղաքապետ Հայկ Մարութեանին եւ ընդհանրապէս ընդդիմութեան, մասնաւորապէս յայտարարած է.

“Ընդհանրապէս Երեւանը վերցնելու մասին խօսողներին խորհուրդ կը տամ բառապաշարների վերանայում անել, իրենց բախտը չփորձել։ Սա ձեր ու ձեր կնքահայրերի 1999 թիւը չէ, առաւել եւս Հոկտեմբերը չէ, առաւել եւս 27-ը չէ, սա 2023 թիւն է, Սեպտեմբերն է եւ 17-ն է։ Դէ մի հատ բախտներդ փորձէք, ու ձեզ սպասւում է ասֆալտի հարուստ դիետա (սննդականոն – «ՆՅ»)։ Բախտնե՛րդ փորձէք՝ էնքան ասֆալտ կ՚ուտէք ու բորդիւր ([մայթի] եզրամաս – «ՆՅ») կը լիզէք, որ Երեւանի սանմաքրման 5-ամեակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք։ Դէ, բախտնե՛րդ փորձէք…:

(…) Էդ նախկիններն էին, որ ասում էին՝ մենք բանավէճի չենք գնում, մենք բանավիճելու բան չունենք: Դա մաքուր ընտրակեղծարարի, բռնակալի, ուզուրպատորի (յափշտակողի – «ՆՅ»), դաւադիրի մօտեցում է: Ժողովրդի ծառան չի կարող չկանգնել ժողովրդի առաջ: Բանավէճը յարգանք է նաեւ քաղաքական մրցակիցների նկատմամբ”,– բորբոքած ըսած է Հայաստանի վարչապետը:

Իր ելոյթին Փաշինեան նաեւ բացատրած է, թէ ինչո՛ւ Հայաստան կը հրաւիրեն Սնուփ Տոկը,– որուն համերգին համար կառավարութիւնը շուրջ 6 միլիոն տոլար յատկացուցած է.

“Մենք Երեւանի երիտասարդութեանը շատ մեծ նուէր ենք պատրաստել. Սեպտեմբերի 23-ին տեղի է ունենալու համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգը: Մարդիկ ասում են՝ ինչո՞ւ է կառավարութիւնը այդքան փող ծախսել, որ էդ աստղին բերի Հայաստան ու Երեւան: Մենք ասում ենք՝ 3 հազար տարուայ ժողովուրդ ենք, իսկ ոեւէ մէկը վիճակագրութիւն արե՞լ է, թէ Հայաստան բառը աշխարհի բնակչութեան քանի՞ տոկոսը գիտի: Այո՛, նաեւ դրա համար ենք բերում, որովհետեւ երբ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառւում է աշխարհում, երիտասարդութեան շրջանում, ընկերային ցանցերում: Մենք դա անում ենք Հայաստան անուան համար, որ ոեւէ մէկը չմտածի, թէ Հայաստանը չկայ, Հայաստանը կոտրուել է, թէ Հայաստանը ծնկի է եկել: Հայաստանը ապրո՛ւմ է, կա՛յ, ու զարգանու՛մ է”,– յայտարարած է վարչապետը: