Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեան Յունիս 10-ին, լրագրողներու հետ զրոյցի ընթացքին, անդրադառնալով Ուքրաինայի մէջ Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետեանի՝ Պուչա կատարած այցին վերաբերեալ՝ Ռուսաստանի յղած բողոքագրին, ուր այդ այցը ոչ-բարեկամական որակուած էր, յայտարարած է. “Ոչ-բարեկամական գործողութիւնների մասին խօսելիս թող իրենք իրենց գործողութիւններին նայեն 2020 թուականին”։
Սիմոնեան շարունակելով ըսած է. “Հայաստանը մշտապէս իրեն որպէս հաւատարիմ գործընկեր է պահել, երեխայի «նայիւութեամբ » հաւատացել է, մինչեւ վերջին պահը յոյս է ունեցել, որ Ռուսաստանի Դաշնութիւնը (ՌԴ) Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ) մենակ չի թողնի, որ ՀՀ-ին ու հայ ժողովրդին չի «քցի», ներողութիւն այդ բառի համար, բայց ՌԴ իշխանութիւնը Հայաստանին եւ հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, մեզ թողել են միայնակ։
Ես թեթեւ զարմանքով ու նախանձով էի նայում, երբ Իսրայէլի ուղղութեամբ հազարաւոր հրթիռներ գնացին, ինչպէս նաւատորմ մօտեցաւ Իսրայէլի սահմանին ու խոցեց այդ հրթիռները, Կիպրոսից նաւատորմ մօտեցաւ ու սկսեցին օգնել Իսրայէլին որպէս դաշնակից։ 2020-ին դեռ Ուկրաինայի պատերազմը չկար, արդեօք 2020-ին Ռուսաստանը այդքա՞ն թոյլ էր, որ թողնեց մտնեն կոտորեն մեր երեխաներին, արդեօք Կասպից ծովում մի նաւատորմ չկա՞ր, որ մի քիչ մօտ գար Ադրբեջանին։
Ամբողջ պատերազմի ընթացքում մենք նայիւ երեխաների պէս յոյս ունէինք, որ ինչ-որ ձեւ կարող ենք կանգնեցնել պատերազմը”։
Հարցումին, թէ իր կարծիքով՝ ինչո՞ւ Ռուսաստան միայնակ թողեց Հայաստանը,– ինչպէս ինք կը յայտարարէ,– ան ըսած է. “Որովհետեւ Ուկրաինայի պատերազմի նախապատրաստում էր գնում ու մեծ գործարք տեղի ունեցաւ, որի նպատակն էր տարածաշրջանում հաւանական պատժամիջոցները շրջանցելու հնարաւորութիւն ունենալ։ Դա նաեւ գին էր հայերի համար, որովհետեւ հայերը ընտրել էին անկախ լինելու տարբերակը, հայերը պիտի պատժուէին։ Վերջնական տարբերակը այն կը լինէր, որ Հայաստանում գար ռուսամէտ իշխանութիւն եւ Հայաստանը Բելառուսի եւ ՌԴ-ի հետ մաս դառնար Միութենական պետութեան”։ ■
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։