Modern Website Header
Website Header with Working Banner

Աշոտ Մելքոնեան.– «Հայկական կողմը Թուրքիայի առջև երբեք նախապայմաններ չի դրել, այդ թւում` Ցեղասպանութեան ճանաչման»

Գիտութիւններու Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) պատմութեան հիմնարկի տնօրէն, պատմաբան Աշոտ Մելքոնեան Tert.am-ի հետ հարցազրոյցին յայտարարած է, թէ Թուրքիոյ հետ յարաբերութիւններու մէջ հայկական կողմէն Ցեղասպանութիւնը ճանչնալու փոխարէն յարաբերութիւններու կարգաւորման նախապայման երբեք չէ դրուած, որովհետև Հայաստանի անկախացումէն ետք մեր մօտեցումը եղած է այն, որ մենք Թուրքիոյ հետ պատրաստ ենք յարաբերութիւնները կարգաւորելու առանց որևէ նախապայմանի։

“Մինչև անկախութեան հռչակումը, 1990 Օգոստոսի 23-ի Անկախութեան հռչակագրի 11-րդ կէտը վերաբերում էր Ցեղասպանութեան, որ Հայաստանի Հանրապետութիւնը հետամուտ է միջազգային մակարդակով Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացին, բայց դա որպէս Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատման նախապայման չի եղել։ Հակառակը, մօտեցումը եղել է հետևեալը` մենք երբևէ չենք հրաժարւում Ցեղասպանութիւնից, բայց դա որպէս նախապայման չի եղել։ Նախապայմանները եղել են Թուրքիայի կողմից, որը միշտ պահանջել է, որ հայկական կողմը հրաժարուի Ցեղասպանութիւնից` պատճառաբանելով, թէ դա պատմական խնդիր է և պէտք է թողնել պատմաբանների դատին, նոյնիսկ պատրաստակամութիւն են յայտնել պատմաբանների մակարդակով բանավէճ սկսելու”
,– ըսած է Մելքոնեան։

Հարցումին, թէ՝ կարելի՞ է, որ Թուրքիա փոփոխութեան ենթարկէ իր մօտեցումը և այլևս չպահանջէ հրաժարիլ Ցեղասպանութեան միջազգային ճանաչումէն, նկատի առնելով որ՝ իշխանութիւնները կը պնդեն, որ հայ-թրքական յարաբերութիւններու կարգաւորման ա՛յս գործընթացին մէջ Թուրքիա նախապայման չ՚առաջադրեր, Մելքոնեան նշած է.-

“Խիստ կասկածում եմ, որ կարող է նման բան տեղի ունենալ, որ Թուրքիան մեզ հետ սկսի խօսել առանց որևէ նախապայմանների, առաջին հերթին նկատի ունենալով Ցեղասպանութեան հարցը։ Թուրքիայի նախապայմանները ո՛չ միայն մնացել են օրակարգում, այլև աւելացել են։ Ցեղասպանութեան և Արցախին վերաբերող նախապայմաններին աւելացել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը”։

Աշոտ Մելքոնեան ընդգծած է, թէ թրքական դիւանագիտութիւնը բաւական խորամանկ է և սկզբնական շրջանին, ձևականօրէն կրնան դուրս ձգել Ցեղասպանութեան հարցի փակման նախապայմանը, բայց ժամանակի ընթացքին պիտի փորձեն հայկական կողմը համոզել հրաժարելու այդ հարցի միջազգային ճանաչման պահանջէն։