Արցախի Արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեան News.am-ի տուած հարցազրոյցին մեկնաբանելով Ղազախստանի վերջին դէպքերը՝ այլապէս շահեկան վերլուծում մը կատարած է։ Բաբայեանի համաձայն՝ ղազախական վերջին զարգացումները անհրաժեշտ է դիտել փանթուրքական պրիսմակէ։
“Ի հարկէ, չի կարելի ամբողջութեամբ անտեսել ներքաղաքական պատճառները, քաղաքական, ընկերային տարբեր նախադրեալները։ Այնուամենայնիւ, աշխարհաքաղաքական՝ հեռուն գնացող քայլերը հիմնական նպատակն էին։ Առանձնայատուկ դեր խաղացին փանթուրքական շրջանակները։ Այն, որ Ղազախստանը առանձնայատուկ նշանակութիւն ունի փանթուրքիստական գաղափարների համար, կարծում եմ, միանգամայն ակնյայտ է։ Առաջին հերթին, այդ շրջանակների համար համեմատաբար դիւրին էր աշխատել այնտեղ, երկիրը շատ աւելի բաց է, քան տարածաշրջանի միւս պետութիւնները, երկիրն իր կազմով բազմազգ է. կան բազմաթիւ կազմակերպութիւններ։ Աւելի՛ն, Ռուսաստանի հետ գործնականում չկայ հսկուող սահման, այսինքն՝ կայ Ղազախստանով Ռուսաստան տարբեր տեսակի հոսքերի ներթափանցման հնարաւորութիւն, ինչը նոյնպէս փանթուրքիստական շրջանակների հիմնական նպատակներից է։
Այդ մասին է վկայում Թուրքիայում եւ Ադրբեջանում ջղագրգիռ վերաբերմունքը։ Ճիշդ է, այնտեղ դրսեւորուեց քօղարկուած մօտեցում. իշխանութիւնները կարծես կողմնակից են չէզոքութեանը, բայց իշխանութեան իրական կարծիքն արտայայտող ամենատարբեր շրջանակներ՝ քաղաքագէտներ, վերլուծաբաններ, հասարակական շրջանակներ, որոնք գանձատրւում են կառավարութեան կողմից, ունեն աշխարհքաղաքական յաւակնութիւններ եւ նպատակներ, եւ դրա հետ մէկտեղ մեղադրանքներ են հնչեցնում՝ ուղղուած ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, Հայաստանին՝ հէնց փանթուրքիզմի առումով։
Ինչո՞ւ, այնուամենայնիւ, Ղազախստանը։ Ինչպէս արդէն նշուեց, այն աւելի բաց է, ունի վիթխարի աղբիւրներ՝ նաւթ, կազ, ուրան եւ այլն, միաժամանակ՝ շատ պայթիւնավտանգ է ներգրաւուածութեան եւ սահմանակից պետութիւնների վրայ ներգործութեան տեսակէտից։ Բնականաբար, եթէ փանթուրքական շրջանակներին յաջողուէր զաւթել իշխանութիւնը Ղազախստանում, դրանով պայքարը չէր աւարտուի։ Ղազախստանում կողք-կողքի ապրում են տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ի յայտ եկած կենտրոնախոյս միտումներն անխուսափելիօրէն կ՚անդրադառնային Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանում ապրող ռուս բնակչութեան վրայ։ Իրավիճակը յղի էր պայթիւնով, որը կարող էր տարածուել սահմանակից շատ պետութիւններում եւ ընդգրկել ընդարձակ աշխարհաքաղաքական տարածք, առաջ բերել բռնութեան վիթխարի բռնկում, իրավիճակի ապակայունացում։ Դա հնարաւորութիւն կը տար, որպէսզի Թուրքիան աւելի աշխուժ ներգրաւուէր։ Մենք այժմ տեսնում ենք Անկարայի կողմից թուրքական միասնութեան բանաձեւի առաջմղումը, թուրքական պետութիւնների զինուած կազմաւորումների զինուորներ ուղարկելը, սա ակնյայտ ակնարկ է, որ նրանք մտադիր են շարունակել գործել ապակառուցողական ոգիով։ Հարկ է ուշադրութիւն դարձնել 20 հազար գրոհայինների հիանալի պատրաստուածութեան վրայ։ Դա փաստացի նշանակում է, որ նրանք կարողացան ինչ-որ ժամանակով վերահսկողութեան տակ վերցնել բաւական մեծ տարածք, այդ թւում Ալմաթին։
Շատ վերլուծաբաններ ենթադրութիւններ են յայտնում, որ գրոհայինները եկել էին Աֆղանստանից, այլ տեղերից։ Այդ երթուղին հնարաւոր է։ Բայց կայ նաեւ աւելի կարճ եւ բացարձակապէս չվերահսկուող երթուղի՝ Թուրքիայից Ադրբեջանով, Կասպից ծովով։ Շատ հիմքեր կան ենթադրելու, որ օգտագործուել է հէնց այդ երթուղին։ Բաքւում եւ Անկարայում հակառուսական եւ հակահայկական հռետորաբանութեան բռնկումը նոյն բանի մասին է վկայում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք իրավիճակի ապակայունացման ծրագրուած գործողութիւն։ Հաւանաբար, չէին մտածում, որ այդպէս կտրուկ կը կասեցուեն նման փորձերը։ ՀԱՊԿ-ի գործողութիւնները ցոյց տուեցին խաղաղապահ գործողութեան արդիւնաւէտութիւնը։
Ես կարծում եմ, որ պայքարն, այնուամենայնիւ, աւարտուած չէ, եւ լինելու են իրավիճակի ապակայունացման փորձեր նաեւ Կենտրոնական Ասիայի այլ պետութիւններում։ Մենք այդ տեսնում ենք փանթուրքիզմը գործողութեան մէջ։ Պէտք չէ մոռանալ Էրդողանի՝ վերջերս ցուցադրած քարտէսը, եւ այնտեղ Ղազախստանը առանցքային դերերից մէկն է խաղում։ Որովհետեւ առանց Ղազախստանի փանթուրքիզմն առաջ մղել Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ՝ անհամեմատ աւելի դժուար է լինելու։ Սրանք Թուրքիայի եւ փանթուրքական շրջանակների ծրագրած գործողութիւններն են՝ վտանգաւոր ծաւալապաշտական նախագծի իրականացման նպատակով։ Կարծում եմ՝ իրականանալու դէպքում նախագիծը մահացու վտանգ կը ներկայացնէր նաեւ մեզ համար։
Դա չեն թաքցնում Թուրքիայում, թուրք գործիչներն օրինակ են բերում Ղարաբաղը՝ որպէս թուրքական միասնութեան գլխաւոր արդիւնք։ Այդ գործընթացները բաւական որոշակի փոխկապուածութիւն ունեն։ Ուստի անհրաժեշտ է սառնարիւն, յոյզերին չտրուելով կասեցնել արմատական փանթուրքական վեկտորները։ Հետեւանքը կարող է դառնալ համընդհանուր մասշտաբի հրդեհը”,– մանրամասնած է Դաւիթ Բաբայեան։