Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւնը Յունուար 11-ին հրապարակած հաղորդագրութեամբ խստօրէն դատապարտած է ՀՀ արևելեան սահմանագօտիի ուղղութեամբ ազէրպայճանական ուժերուն կողմէ հրադադարի կոպիտ խախտումը։
«Ադրբեջանական զինուած ուժերի ստորաբաժանումների սադրանքը հերթական դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականութեան նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգութիւնների, որոնք սկիզբ են առել 2021թ․ Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և շարունակուել պարբերաբար զինուած յարձակումներով։
Հայաստանի ԱԳՆ-ն միջազգային հանրութեան ուշադրութիւնն է հրաւիրում այն փաստին վրայ, որ պաշտօնական Բաքուն խախտում է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները, այդ թւում՝ ՄԱԿ-ի կանոնադրութիւնը, և խաթարում՝ տարածաշրջանային անվտանգութիւնը:
Հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագայ սրացումից խուսափելու միջոցներից մէկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զօրքերի հեռացումը և սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդական գործիքակազմի գործարկումը: Ադրբեջանական իշխանութիւններին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողութիւններից և կատարել Սոչիի եռակողմ յայտարարութեամբ և բրիւսէլեան հանդիպման արդիւնքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունութեան հաստատման յանձնառութիւնը»,– նշուած է հաղորդագրութեան մէջ։