Modern Website Header
Website Header with Working Banner

Բաբայեան.– «Մինսկի խմբի համանախագահների Արցախ վերջին այցը 2019-ին էր, Ադրբեջանը խոչընդոտում է այդ գործընթացը»

Արցախի Արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեան, Յունուար 19-ին տեղի ունեցած մամլոյ ասուլիսին, ամփոփելով Արցախի Արտաքին գործոց նախարարութեան (ԱԳՆ) անցնող տարուան գործունէութիւնը յայտարարած է, թէ 2021-ը իւրայատուկ տարի էր մեր երկրին համար, որովհետեւ ծանր արհաւիրքէն, Արցախեան պատերազմէն ապաքինելու ժամանակաշրջանն էր։

“Արցախը դեռևս գտնւում է ծանր վիճակում, բայց կարող ենք փաստել, որ վերակակենդանացման բաժանմունքից տեղափոխւում ենք  հոգեդարմանման (thérapie) բաժանմունք։ Գիտէք, որ Արտաքին քաղաքական գերատեսչութիւնը իրականացնում է երկրի ղեկավարի արտաքին քաղաքականութիւնը։ Մեր աւանդական նպատակները մնացել են նոյնը, դրանց գումարուել են այլ առաջադրանքներ։ Ընդհանուր առմամբ փորձել ենք ամէն ինչ անել, որպէսզի պաշտպանենք մեր շահերը։ Կարևորագոյն գործառոյթներից մէկը՝ տարբեր միջազգային ատեաններում մեր տեսակէտը ներկայացնելն է։ 2021-ին ԵԱՀԿ-ում տարածել ենք 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում 15, ԵԽ-ում 4 փաստաթուղթ։ ԱԳՆ-ն ընդհանուր առմամբ կատարել է 32 յայտարարութիւն և մեկնաբանութիւն, 88 պաշտօնական հաղորդագրութիւն։ Կարծում եմ այս բոլորը բաւականին աշխուժ գործընթաց է, որը իրականացրել ենք նաև Հայաստանի մեր գործընկերների և Սփիւռքի կառոյցների հետ համատեղ։ Աշխուժօրէն աշխատել ենք ընկերային ցանցերում։ Նաեւ աշխատել ենք ոչ միայն տեղական, այլև միջազգային լրասփիւռների հետ։ Յատուկ ուշադրութիւն ենք դարձրել Ադրբեջանի քաղաքականութեանը. չի եղել գէթ մէկ զարգացում և քայլ, որը ԱԳՆ-ի կողմից համապատասխան գնահատականի չի արժանացել, անպատասխան չենք թողել որևէ յարձակում մեր երկրի դիւանագիտութեան վրայ”,– շեշտած է նախարարը։

 

Բաբայեան ընդգծած է ՀՀ-ի եւ Սփիւռքի հետ շարունակական աշխատանքի կարեւորութիւնը

“Մեր աւանդական հարցերը շարունակում են մնալ նոյնը, դա հակամարտութեան կարգաւորումն է, երկկողմ յարաբերութիւնների զարգացումը, Սփիւռքի գաղթօջախների հետ կապերի ամրապնդումը և այլն։ Դրանց գումարուել է մեզ համար նոր առաջադրանք, դա մեր աշխարհաքաղաքական կողմի հանգամանքի պահպանումն է, որպէսզի ցոյց տանք աշխարհին, որ Արցախը  կա՛յ և մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը”,– նշած է ան եւ ներկայացուցած՝ ԱԳՆ-ի 2022-ի հիմնական աշխատանքներու ուղղութիւնը։

“Շարունակելու ենք յամառօրէն պաշտպանել Արցախի շահերը, անկախութիւնը և ինքնիշխանութիւնը, բոլոր միջոցներով ամրապնդելու ենք մեր միասնականութիւնը։ Մեզ համար, որպէս կարևորագոյն ուղղութիւն, հանդիսանալու է Արցախի միջազգային ճանաչումը։ Ադրբեջանա-ղարաբաղեան կարգաւորումը եղել է և կը մնայ մեր կարևորագոյն առաջադրանքներից մէկը։ Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային քաղաքականութիւն, միաժամանակ զուսպ, գովազդից զուրկ, տեղեկատուական բաղադրիչով արտաքին քաղաքականութիւն։ Մենք որդեգրել ենք շատ գործելու, քիչ խօսելու քաղաքականութիւն”,– ըսած է նախարարը։

Անդրադառնալով պատերազմէն ետք միջազգային շարք մը կառոյցներու ներկայացուցիչներու և ԵԱՀԿ-ի Մինսքի խումբի համանախագահներուն կողմէ Արցախ այցելութեան արգելքին՝ Բաբայեան շեշտած է.– “Բաւականին երկար ժամանակ է, նրանք չեն այցելում Արցախ, վերջին անգամ այցելել են 2019-ի վերջին։ Դրանից յետոյ եղաւ համաճարակ, պատերազմ, որոնք սակայն տեխնիկական խոչընդոտներ են։ Առաւել կարևոր խոչընդոտ Ադրբեջանն է, որը փորձում է թոյլ չտալ կամ բարդացնել նրանց այցելութիւնը տարածաշրջան։ Գիտէք, որ հանդիպում է տեղի ունեցել ԱՀ նախագահի և Ռուսաստանի նորանշանակ համանախագահի հետ, ես նոյնպէս մասնակցել եմ այդ հանդիպմանը։ Մենք սա բարձր ենք գնահատում։ Անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ։ Մի օր նրանք կ՚այցելեն տարածաշրջան, մա՛նաւանդ, որ իրենք ուզում են։ Վերջերս տեսանք Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնը և ըստ այդ տրամաբանութեան Մինսկի խումբը պէտք է փակուի, բայց չեմ կարծում, որ համանախագահող երկրները տեղի կը տան այդ սպառնալիքին”,– յայտարարած է ԱՀ ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեան։