ՀՀ Մարդկային իրաւանց պաշտպան Արման Թաթոյեան Յունուար 21-ին Դիմագիրքի իր էջին գրած է.-
«Ադրբեջանական զինուած ծառայողները բացայայտ յանցաւոր արարքներով 2021 Նոյեմեբերից փակել են Գորիս-Կապան և Կապան-Ճակատէն ճանապարհները. ամէն օր, ամէն րոպէ խախտւում են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրաւունքները:
Գորիսի Բարձրաւան, Շուռնուխ և Որոտան գիւղերում, Կապանի Ճակատէն, Շիկահող, Սրաշէն, Ներքին Հանդ, Ծաւ, Շիշկերտ համայնքներում մարդիկ կանգնել են յատկապէս եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և մարդասիրական խնդիրների առջեւ:
Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպէս կոչուած, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ նոյնիսկ ռազմական “Ուրալ” մեքենայով: Բա սա կրթութեան ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրաւունքների խախտում չէ՞:
Դժուարանցանելի ու յատկապէս վատ վիճակում է, օրինակ, Տաթև-Կապան ճանապարհի հատուածը, որ տանում է դէպի Բարձրաւան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապուած միւս իրաւունքների խախտում չէ՞:
Կարմիր խաչի միջազգային կոմիտէն իր մեքենայով չի կարողացել Յունուարի 20-ին սնունդ ու առողջապահական պարագաներ հասցնել Բարձրաւան գիւղը: Այս ամէնն այսօր ճշդել ենք:
ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զօրքերի ծառայողներն են անձնուիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գիւղեր ու այն էլ շատ դժուար:
Բա ինչպէ՞ս է ապահովուելու շտապ բժշկական օգնութեան եւ հիւանդանոց հասնելու հարցը և այլն: Բա սա առողջութեան պահպանման ու կեանքի իրաւունքի հարց չէ՞:
Այստեղ արժանապատւութեան հարցեր չկա՞ն:
Սրան գումարած՝ թէ՛ Գորիսի, թէ՛ Կապանի պարագային նշուած գիւղեր տանող, այսպէս կոչուած, այլընտրանքային ճանապարհները դիտարկւում են ադրբեջանական զինուած ծառայողների կողմից: Դիտարկուող է դարձել նաև Կապանի Գեղանոյշ գիւղը, որով այդ ճանապարհը տանում է դէպի Ճակատէն ու միւս գիւղերը: Այդ երկրի զինուորականների ուղղակի թիրախի ներքոյ են:
Այսինքն՝ ապահովուած չէ նաև անվտանգութիւնը:
Ու ինչո՞ւ պէտք է ադրբեջանական զինուած ծառայողների, իշխանութիւնների որևէ հիմք չունեցող, պարզապէս յանցաւոր արարքների պատճառով մեր բնակիչները նման զրկանքներ կրեն:
Բա սա չի նշանակո՞ւմ, որ այս բոլորը արուած է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու դիտաւորութեամբ, որ ատելութեան քաղաքականութիւնը շարունակւում է ու չի աւարտուել: Այս պայմաններում, Ադրբեջանի խաղաղասիրութիւնը կարո՞ղ է ազնիւ կամ իրական լինել:
Այս բոլոր հարցերը պէտք է լինեն մեր երկրի պետական քաղաքականութեան հիմքում:
Բա ո՞նց կարելի էր ասել, թէ ճանապարհներին նրանց յայտնուելը “ադրբեջանական տարածք է ու մենք ոչինչ չենք կարող անել”, ո՞նց կարելի էր զբաղուել այլընտրանքային ճանապարհների գովքով ու “արդարացնել” ադրբեջանական խախտումները և դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրաւունքների հարցերը:
Բա մարդկանց պատճառուող այսքան զրկանքները քաղաքական հարցե՞ր են: Բա անվտանգութինն ու մարդու իրաւունքները կարելի՞ է մարդուց կտրել:
Հակառակը՝ պետութեան պարտաւորութիւնն է պաշտպանել այդ իրաւունքները, ամէն ինչ անել, որ մարդուց անվտանգութիւնը չկտրուի ու չքաղաքականացուեն մարդու իրաւունքների հարցերը: Հակառակ դէպքում ուղղակի անվտանգութիւնից էլ ամբողջութեամբ կը զրկուենք:
Պէտք է նրանց հեռացնելու ուղղութեամբ աշխատել, որ մեր բնակիչների միջազգայնօրէն երաշխաւորուած իրաւունքները վերականգնուեն:
Այնպէս որ ելքը մէկն է՝ ադրբեջանական զինուած ծառայողները պէտք է հեռացուեն մեր գիւղերի մօտից ու ճանապարհներից և վերջ:
Մեր քաղաքացիները, մեր ողջ երկրի խաղաղ բնակչութիւնը պէտք չէ զրկանքներ կրի տարիների խորքից եկող հայատեացութեան քաղաքականութիւն տանող ադրբեջանական իշխանութիւնների պատճառով:
Մենք ունենք մեր իրաւունքները պաշտպանելու, արժանապատիւ ապրելու օրինական իրաւունքներ: Միջազգային կանոնները այդ են թելադրում. ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ու միւս կառոյցների կանոնները»: