«Պայմանաւորուած կերպով մեր հայրենիքը յանձնել են, հիմա նոյն պայմանաւորուածութեամբ թող ետ բերեն, փախստականի կարգավիճակ տան»
Արցախէն տեղահանուածները Յունուար 27-ին բողոքի ցոյց մը կազմակերպած են։ Ցուցարարները յայտնած են.- “ՀՀ կառավարութիւնից մենք միայն պահանջում ենք, որ վերահսկեն ֆինանսաւորումները, վարչապետը այսօր ահռելի գումարների մասին է խօսում, էլ չեմ ասում Համահայկական հիմնադրամից, տարբեր կազմակերպութիւններից, Կարմիր խաչից եկող ահռելի գումարները, բայց արդիւնք չկայ”։
Ուրիշ Արցախցի մը լրագրողներուն ըսած է.-
“Արցախում մնալու հնարաւորութիւն չկայ, քանի որ բնակուելու տեղի խնդիր կայ։ Հայ իրականութեան մէջ այս անտարբերութիւնը ինձ շատ է զայրացնում. հասարակութեան մի մասը ասում է` դէ վերադարձէ՛ք։ Այդ ասողները յանձնել են հողերը. եթէ Շուշին ու Հադրութը վերցրել են, մենք ո՞նց ետ գնանք, թէ ո՛վ է յանձնել, դուք ինձանից լաւ գիտէք։ Մենք երկու քաղաքական պահանջ ունենք. առաջինը՝ մեզ փախստականի կարգավիճակ թող տրամադրեն։ Ժողովրդին խաբել են, տարել լցրել Արցախ, առանց փախստականի կարգավիճակ տալու, որը յանցագործութիւն է։ Եթէ մարդկանց փախստականի կարգավիճակ չես տուել, ինչպէ՞ս ես տարել լցրել մի երկիր, յետոյ էլ ասում ես, որ դա Ադրբեջան է։ Հայաստանի Հանրապետութիւնը շարունակում է իր յանցաւոր անտարբերութիւնը. 30 տարի չճանաչեց Արցախի անկախութիւնը, հիմա էլ շարունակում է չճանաչել փախստականի կարգավիճակը, ստացւում է՝ Հայը իր երկրում չի զգում, որ ինքը Հայ է։ Մի անգամ փախստականի կարգավիճակի հարցով հանդիպում է եղել ՄԱԿ-ի գրասենեակում, մարդիկ մեզ կտրուկ պատասխանել են` եթէ ձեր կառավարութիւնը չի ճանաչում այդ կարգավիճակը, մենք ինչպէ՞ս ճանաչենք”։
Արցախէն տեղահանուածները նշած են.-
“Պայմանաւորուած կերպով մեր հայրենիքը յանձնել են, հիմա նոյն պայմանաւորուածութեամբ թող ետ բերեն, եթէ չէ, ապա ժողովուրդը պէտք է պատրաստ լինի ծայրայեղ միջոցների։ Սիւնիքում զօրքին ասում են չկռուեն, որ յետոյ ասեն հնարաւոր չէր պահելը։ Մեր միւս պահանջը փախստականի կարգավիճակի տրամադրումն է, եթէ այդ հարցը օրէնսդրութեամբ հնարաւոր չի լուծել, ուրեմն թող դրան քաղաքական լուծում տան”։
Ցուցարարները քայլերթով ուղղուած են դէպի Արտաքին գործոց նախարարութեան շէնքին մերձակայքը, նամակ յանձնելու նախարար Արարատ Միրզոյեանին` իրենց փախստականի կարգավիճակ տրամադրելու վերաբերեալ։