«Մենք՝ Հայաստանում եւ Սփիւռքում պաշտօնավարող եպիսկոպոսներս եւ թեմակալ առաջնորդներս, Տիրոջ կամքով համախմբուած Հայոց սրբութիւն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի, գոհութիւն եւ փառք ենք մատուցում Ամենակարող Աստուծուն՝ ծառայական մեր ուխտը վերանորոգելու այս առիթի համար։
Վերահաստատում ենք անսակարկ մեր սէրը, հաւատարմութիւնը եւ ամբողջանուէր ծառայութիւնը Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին, Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարթուղիմէոս առաքեալների քարոզութեամբ հաստատուած Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցուն եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի տեսիլքով նուիրագործուած քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Խորապէս վրդովուած ենք Հայոց եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանութիւնների եւ անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշաւի առնչութեամբ, որն ուղեկցւում է հոգեւորականների հանդէպ ատելութեան ու թշնամանքի տարածմամբ եւ անձնական բնոյթի վիրաւորանքներով ու անարգալից արտայայտութիւններով։
Հակաեկեղեցական այս արշաւը ոչ այլ ինչ է, եթէ ոչ աղէտաբեր հարուած հայ ժողովրդին եւ հայոց պետականութեան՝ յատկապէս ազգային կեանքում եւ Հայաստանի շուրջ ծաւալուող գոյաբանական մարտահրաւէրների համածիրում։ Հայոց եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին եւ հայութեան թշնամիներին։
Խստօրէն դատապարտում ենք տարւոյս Յունիս 27-ին ուժային կառոյցների ներկայացուցիչների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ գերաշնորհ Տ. Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանին ձերբակալելու՝ եկեղեցականների եւ հաւատացեալների նկատմամբ բռնի գործողութիւններ իրականացնելու սպառնալիքով։ Տարակուսանք է առաջացնում Միքայէլ արքեպիսկոպոսին հարկադրաբար ձերբակալելու որոշումը, երբ նա պատրաստակամութիւն էր յայտնել կամովին ներկայանալ իրաւապահ մարմիններին, ինչը եւ տեղի ունեցաւ։
Իշխանութիւնների հակաեկեղեցական քաղաքականութեան ցայտուն դրսեւորումներից է նաեւ ազգային բարերար տիար Սամուէլ Կարապետեանի ազատազրկումը, որը կապուած է Հայոց Եկեղեցին պաշտպանելու նրա յայտարարութեան հետ։
Իշխող քաղաքական ուժի համակարգուած քարոզչութեան պայմաններում ծանր մեղադրանքներով յարուցուեց քրէական հետապնդում եւ ազատութենէ զրկուեց նաեւ Գերշ. Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը։
Հոգեւոր մեր եղբայրների, ազգային բարերարի եւ նրանց հետ կապակցուող մեր հայրենակիցների նկատմամբ հետապնդումները բացայայտօրէն ուղեկցւում են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան պաշտօնատար անձանց հրապարակային ուղղորդումներով եւ ատելութեան խօսքի տարածմամբ՝ մինչ դատարանի դատավճիռը արդէն իսկ մեղաւորներ կարգելով նրանց։ Իշխանութեան այսպիսի գործելակերպը կոպտօրէն ոտնահարում է ՀՀ Սահմանադրութեամբ երաշխաւորուած անմեղութեան կանխավարկածի եւ իշխանութիւնների բաժանման սկզբունքները, բացայայտում է, որ գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ, որով եւ կասկածի տակ է դրուում դրա օրինականութիւնը։
Յորդորում ենք ՀՀ իշխանութիւններին՝ անյապաղ ազատ արձակել հոգեւոր մեր եղբայրներին, ազգային բարերարին եւ նրանց հետ կապակցուող մեր հայրենակիցներին եւ գործել բացառաբար օրէնքի շրջանակներում՝ ապահովելով նրանց արդար դատաքննութեան իրաւունքը։
Անհանդուրժելի ենք համարում ինչպէս իշխանութեան, այնպէս եւ ոեւէ մէկի ոտնձգութիւնը ուղղուած Հայրապետական Աթոռին եւ եկեղեցական կանոնական սկզբունքներին։
Որդիական խոնարհութեամբ եպիսկոպոսաց դասս եւ թեմակալ առաջնորդներս մեր հաւատարմութիւնն ենք յայտնում Հայոց եկեղեցու ազգընտիր գահակալին՝ Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսին։ Հայոց եկեղեցին, բարձրագոյն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, այսուհետեւ եւս ղեկավարուելու է դարերով սրբագործուած իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որեւէ միջամտութիւն։
Հայոց եկեղեցու հոգեւոր դասը Հայաստանում եւ ի սփիւռս շարունակելու է տարածել Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութիւնը եւ հոգեւոր ու ազգային ոգիով կրթել մեր ժողովրդի զաւակներին՝ հոգածու եւ պատշաճ արձագանգելով թէ՛ ներազգային ու ներպետական, թէ՛ արտաքին մարտահրաւէրներին՝ իրացնելով ճշմարտութեան խօսնակ լինելու Տէրունի պատգամը (համեմատէ Յովհ. 8.32)։
Կոչ ենք ուղղում մեր Սուրբ եկեղեցու զաւակներին՝ հաստատուն մնալ առ Աստուած հաւատքի մէջ, հաւատարիմ՝ ազգային սրբութիւնների ու նուիրական արժէքների պաշտպանութեան դիրքերում եւ չտրուել պառակտիչ գործողութիւններին։
Աղօթում ենք, որ Երկնաւոր Տէրը խաղաղութեան մէջ արդար, բարօր եւ ապահով պահի Հայաստան մեր հայրենիքն ու աստուածօրհնեալ հայ ժողովրդին, անսասան՝ Իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը յենասիւնն է հայոց ինքնութեան եւ պետականութեան, ու ծաղկեալ՝ հայրապետական գաւազանը Հայոց հայրապետի»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
2025 Յուլիս 4
© 2025 Բոլոր իրաւունքները վերապահուած են։