Սոյն թուականի հոկտեմբերի 15-ի լուսադէմին իրաւապահ համակարգի ներկայացուցիչները Արագածոտնի թեմի Յովհաննավանքի սպասաւոր Տ․ Արամ քհնյ Ասատրեանի հրապարակած ստայօդ տեղեկութիւնների եւ «Իրազեկ քաղաքացիների միաւորում» հասարակական կազմակերպութեան նախագահ Դանիէլ Իոաննիսեանի հաղորդման հիման վրայ խուզարկութիւններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպիսկ․ Պռոշեանի եւ Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում։
Այս պահին յայտնի տեղեկութիւններով բերման են ենթարկուել Արագածոտնի թեմի առաջնորդը, թեմի 12 քահանաներ՝ Արժ․ Տ․ Փառէն քհն․ Առաքելեանը, Արժ․ Տ․ Հայկ քհնյ․ Քոչարեանը, Արժ․ Տ․ Մկրտիչ քհնյ․ Երանեանը, Արժ․ Տ․ Մանուկ քհնյ․ Զէյնալեանը, Արժ․ Տ․ Ղեւոնդ քհնյ․ Գափոյեանը, Արժ․ Տ․ Հայկ քհնյ․ Սահակեանը, Արժ․ Տ․ Սարգիս քհնյ․ Սարգսեանը, Արժ․ Տ․ Գարեգին քհնյ․ Արսէնեանը, Արժ․ Տ․ Նարեկ քհնյ․ Սարգսեանը, Արժ․ Տ․ Օշին քհնյ․ Հայրապետեանը, Տ․ Վրթանէս քհնյ․ Բաղալեանը, Արժ․ Տ․ Համբարձում քհնյ․ Դանիէլեանը, Արագածոտնի թեմի հաշուապահը, գանձապահը եւ գործավարը։
Օրէնքի կոպտագոյն ոտնահարմամբ ժամեր շարունակ ծածուկ է պահուել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպիսկ․ Պռոշեանի, Արժ․ Տ․ Սարգիս քհնյ․ Սարգսեանի, Արժ․ Տ․ Նարեկ քհնյ․ Սարգսեանի, Արժ․ Տ․ Օշին քհնյ․ Հայրապետեանի, Արժ․ Տ․ Համբարձում քհնյ․ Դանիէլեանի, Տ․ Վրթանէս քհնյ․ Բաղալեանի պահման վայրը, եւ նրանք զրկուած են եղել իրաւական աջակցութիւն ստանալու որեւէ հնարաւորութիւնից։
Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների եւ աշխատակիցների նկատմամբ իրականացուած ապօրինի քրէական հետապնդման գործողութիւնները հերթական դրսեւորումն են իշխանութիւնների հրահրած հակաեկեղեցական համակարգուած արշաւի։ Նմանօրինակ դատապարտելի գործողութիւններով ակնյայտ չարամիտ դիտաւորութիւն է հետապնդւում խափանելու Եկեղեցու բնականոն գործունէութիւնը, հարուածելու Եկեղեցու հեղինակութեանը եւ վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգեւորականների, հաւատացեալների ու հանրութեան լայն շրջանակներում։
Հակաօրինական այս գործողութիւնների պատճառով խոչընդոտուել է թեմի գործունէութիւնն ու ծիսա—արարողական կեանքը, խաթարուել հոգեւոր հովիւների ծառայութիւնը։
Ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ ՀՀ իշխանութիւնները կոպտօրէն ոտնահարում են կրօնական ազատութեան իրաւունքը, վիրաւորում հաւատացեալների կրօնական զգացումները, շարունակում տարածել ատելութիւն՝ խորացնելով հանրային պառակտումը։
Մեր հոգեւորականներին եւ հաւատացեալ ժողովրդին կոչ ենք ուղղում չտրուել սադրանքներին, ամուր մնալ Եկեղեցու պաշտպանութեան դիրքերում։ Խարդաւանքներով, սպառնալիքներով եւ բռնաճնշումներով հնարաւոր չէ ընկճել հոգեւոր սպասաւորներին եւ հաւատաւոր ժողովրդին։
Աղօթում ենք հայրենի մեր երկրի խաղաղութեան եւ մեր ժողովրդի անվտանգ կեանքի համար։