ՀՀ վարչապետին ուղերձը՝ Արցախեան շարժումի տարեդարձին առիթով
«34 տարի առաջ այս օրերին սկսուեց Ղարաբաղեան շարժումը, որը շրջադարձային նշանակութիւն ունեցաւ հայ ժողովրդի հետագայ պատմութեան համար: Հայաստանում և Արցախում ձևաւորուած համաժողովրդական շարժումը բացառիկ էր իր հզօրութեամբ, խորապէս ազգային էր և ժողովրդավարական։
Համաժողովրդական շարժումով մեր ժողովուրդը կրկին ցոյց տուեց իր միասնութիւնը, կարեւորագոյն պահերին որպէս մէկ միասնական բռունցք համախմբուելու և վճռականութեամբ գործելու կարողութիւնը՝ յանուն ազգային նպատակների իրականացման:
Շարժումը մեր պետականութեան վերականգնման առաջին քայլը հանդիսացաւ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականութիւնը:
Այսօր մենք յիշում և մեր գլուխները խոնարհում ենք մեր հերոսների՝ Ղարաբաղեան առաջին և երկրորդ պատերազմներում, վերջին երեք տասնամեակներում յանուն Հայրենիքի իրենց կեանքը զոհած մեր բոլոր նահատակների յիշատակի առաջ:
Արցախն այսօր՝ չնայած վիրաւոր, սակայն կանգուն է: Այսօր մեր քայլերն ուղղուած են ոչ միայն Արցախահայութեան ընկերա-տնտեսական խնդիրների լուծմանը, անվտանգային մարտահրաւէրների յաղթահարմանը, այլև Արցախի Հայութեան իրաւունքների պաշտպանութեանը, այդ իրաւունքների միջազգայնօրէն արձանագրմանը:
Համոզուած եմ՝ հայ ժողովուրդը շուտով կը բուժի անցած պատերազմի վէրքերը եւ էլ աւելի վճռական ու ամուր քայլերով կ՚ընթանայ դէպի ապագայ՝ յանուն մեր իղձերի ու երազանքների իրականացման: Միայն այդպէս կը կարողանանք վառ պահել մեր բոլոր հերոս զաւակների յիշատակը: Նրանց սերունդների, մեր ընդհանուր Հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կը լինի մեծագոյն տուրքը նրանց յիշատակին, որով կ՚երաշխաւորուի մեր պետութեան յարատեւութիւնը, Արցախի իրաւունքների միջազգային ճանաչումն ու իրացումը: Այս նպատակների իրացումը պահանջում է հետևողական, շրջահայեաց և ազնիւ աշխատանք ու այս աշխատանքի մէջ պիտի լինենք անսասան»: