Modern Website Header
Website Header with Working Banner

ԵԽԽՎ-ի լիագումար նիստին երեսփոխանուհի Ջուլհակեան՝ ազերպայճանցի պատուիրակին.–  “Երբ դու պայթեցնում ես կազատարը եւ զրկում խաղաղ բնակչութիւնը տաքանալու հնարաւորութիւնից, դա խաղաղութեան չի յանգեցնում” 

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան երեսփոխանուհի, եւրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) մէջ հայաստանեան պատուիրակութեան անդամ Արուսեակ Ջուլհակեան, ԵԽԽՎ-ի լիագումար նիստին արձագանգած է ազերպայճանցի պատուիրակներէն մէկուն այն յայտարարութեան, թէ Ազերպայճան ամէն ինչ կ՚ընէ խաղաղութեան հասնելու համար։

Ջուլհակեան իր ելոյթին ընդգծած է, թէ ինք հասկցած է, որ՝ ըլլալով միեւնոյն կազմակերպութեան մէջ, իրենք, յամենայն դէպս, տարբեր ձեւով կ՚ընկալեն այս կազմակերպութեան հիմնական արժէքները։

“Մենք տարբեր կերպ ենք ընկալում խաղաղութիւնը, մենք տարբեր կերպ ենք ընկալում մարդու իրաւունքները։  Երբ դու ծննդատուն ես ռմբակոծում, դա չի յանգեցնում խաղաղութեան։ Երբ դու տարեց քաղաքացի ես գլխատում, դա չի յանգեցնում խաղաղութեան։

Երբ դու քո մայրաքաղաքի սրտում աւարների պուրակ ես կառուցում՝ տեղադրելով այնտեղ հայ զինուորների նուաստացնող եւ ապամարդկայնացնող մարդակերպեր, երբ դու հպարտութեամբ տանում ես երեխաներին այդ պուրակը եւ ցուցադրում այդ մարդակերպերն ու այլ, այսպէս կոչուած, աւարները, դա չի յանգեցնում խաղաղութեան։ Սա կարող է յանգեցնել քամահրանքի, գուցէ ատելութեան, բայց ոչ՝ խաղաղութեան։  Երբ դու մերժում ես ազատել ռազմագերիներին, այլ պահուող անձանց, երբ նրանց դարձնում ես առեւտրի առարկայ՝ շարունակաբար նորանոր պահանջներ ներկայացնելով, դա չի յանգեցնում խաղաղութեան։ Երբ դու կարեւորութիւն չես տալիս հայ ռազմագերիներին առնչուող ՄԻԵԱ-ի որոշումներին, ԵԽԽՎ-ի եւ Եւրոպական խորհրդարանի բանաձեւերին՝ մերժելով մարդու իրաւունքների պաշտպանութեան համար ստեղծուած միջազգային գործիքները, դա չի յանգեցնում խաղաղութեան։

Երբ դու կրակում ես գիւղերի, իրենց հայրենիքում ապրող խաղաղ բնակիչների վրայ՝ օգտագործելով մեծ եւ փոքր տրամաչափի զէնքեր, դա չի յանգեցնում խաղաղութեան։

Երբ դու դիտաւորեալ պայթեցնում ես կազատարը եւ զրկում խաղաղ բնակչութեանը, ներառեալ՝ երեխաներին, տաքանալու հնարաւորութիւնից ցուրտ եղանակային պայմաններում, դա խաղաղութիւն չէ։

Երբ քո զինուած ուժերը բարձրախօսերով սպառնում են խաղաղ բնակչութեանը՝ ստիպելով նրանց լքել իրենց տները եւ հայրենի գիւղերը, դա խաղաղութիւն չէ։

Երբ դու վնասում, ոչնչացնում ես հայկական եկեղեցիները, պատմամշակութային յուշարձանները, գերեզմանատները նոյնիսկ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումից, ԵԽԽՎ-ի, Եւրոպայի խորհրդարանի համապատասխան բանաձեւերի ընդունումից յետոյ, երբ քո նախագահը հրապարակաւ կարգադրում է ջնջել հին հայկական ձեռագրերը Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների վրայից՝ այսպիսով ջնջելով հայկական հետքը այդ տարածքներից, դա խաղաղութիւն չէ։

Հետեւաբար, յարգելի գործընկերներ, խօսելով խաղաղութեան մասին, նախ եկէք համոզուենք, որ այստեղ, այս լսարանում, մենք նոյն կերպ ենք ընկալում այդ բառը։ Գուցէ սա կ՚օգնի մեզ սկսել վստահութեան կառուցման գործընթաց, խաղաղութեան կառուցման գործընթաց, եւ ի վերջոյ իրական խաղաղութիւն բերել մեր տարածաշրջանին”,– իր ելոյթին նշած է Ջուլհակեան։