«ԱՊԱՌԱԺ» – Սեպտեմբեր 2-ին, «Արցախը անկախ է», «Միացում», «Միութիւն, պայքար, յաղթանակ», «Հայաստան, Արցախ, Սփիւռք» կոչերով Ստեփանակերտի Ազատութեան հրապարակէն հազարաւոր քաղաքացիներ ուղղուած են դէպի Վերածնունդի հրապարակ: Քայլերթին մասնակցած են Արցախի Ազգային ժողովի բոլոր՝ հինգ խմբակցութիւններու, Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան», «Պատիւ ունեմ» խմբակցութիւններու երեսփոխաններ, Արցախի Պետական նախարար Արտակ Բեգլարեան, հոգեւոր հայրեր:
Այնուհետեւ Վերածնունդի հրապարակին վրայ կայացած է հանրահաւաք, ուր ելոթներ ունեցած են Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեան, Արցախի Արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեան, Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիյեան:
Հանրահաւաքին ներկայ եղած են Արցախի ներկայի նախագահ Արայիկ Յարութիւնեան եւ նախկին նախագահ Բակօ Սահակեան:
Ստորեւ՝ ելոյթներէն հատուածներ.-
Արցախի առաջնորդ.– «Արցախը մի դրախտային այգի է, իսկ մենք նրա մշակները։ Շատերն են ուզում տիրանալ մեր այգուն։ Այսօր այն կարկտահարուել է, սողանքների պատճառով տրոհուել ու փոքրացել՝ իր հետ տանելով այգու երիտասարդ մշակներից շատերին։ Այգին այսօր հիւանդ է, խնամքի կարիք ունի, յենարանի կարիք ունի, եւ մենք, որպէս կենդանի մշակներ, մեր միասնական ջանքերով պիտի վերակենդանացնենք Հայոց Արա թագաւորի հիմնած այգին՝ վանելով մեզանից չարի բոլոր կործանարար երեւոյթները, յուսահատութիւնը, անտարբերութիւնը, խուճապը, տագնապը, երկրից հեռանալու մտածումները, որովհետեւ Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ վախը թերահաւատութեան նշան է»։
Արցախի Արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեան.– «1988թ. վառ օրինակը թող բոլորի աչքերի առջև լինի. մենք դուրս ենք եկել ամբողջ աշխարհի դէմ եւ կարողացել ենք հասնել յաղթանակի, որովհետեւ մեր նպատակները մաքուր են եղել, եւ ժողովուրդը իսկապէս արժէքների համար է պայքարել, ոչ թէ ինչ-որ բարիքների համար: Հետեւաբար մաքուր լինենք, ուժեղ լինենք, հաւատանք մեզ, հեռու լինենք ամբոխավարներից, հեռու լինենք փողոցայիններից. սա է բանալին: Հաւատացէ՛ք ձեզ, հաւատացէ՛ք, որ ամէն ինչ կարող է լաւ լինել. պէտք է լաւ աշխատենք, միասնական լինենք, երբեք չյուսահատուենք: Մենք այն ազգն ենք, որին հնարաւոր չէ յաղթել դրսից, բայց հնարաւոր է ներսից այլասերել եւ կործանել: Սա է ուզում թշնամին, չի ստացուելու: Մենք պէտք է միշտ ուժեղ լինենք, պարզապէս լցուեցք համբերութեամբ եւ Արցախցու, Հայի ոգին հզօր պահէք»:
Հանրահաւաքի աւարտին յղուած է հետեւեալ ուղերձ-կոչը.-
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայր Հայրենիքում եւ աշխարհի տարբեր երկրներում ապրող քոյրեր ու եղբայրներ,
Այսօր` 2022 Սեպտեմբերի 2-ին, մենք` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահաւաքի մասնակիցներս, դիմում ենք ձեզ մեր ընդհանուր Հայրենիքի պատմական մի հատուածի` Արցախի ու նրա ժողովրդի համար ճակատագրական մի ժամանակահատուածում, երբ մեր միասնական ջանքերից ու մտածուած գործողութիւններից է կախուած պետութեան ու պետականութեան ապագան:
Երեսունմէկ տարի առաջ ուղիղ այս օրը` 1991թ. Սեպտեմբերի 2-ին, այս նոյն հրապարակում մեր հազարաւոր հայրենակիցներ “միացում”, “ազատութիւն” եւ “անկախութիւն” էին վանկարկում` յորդորելով արտահերթ նստաշրջանի հաւաքուած նախկին մարզային խորհրդի ժողովրդական պատգամաւորներին ճիշդ որոշում ընդունել հայկական երկրամասի ապագայի հարցում: Պահը վճռական էր, ինչպէս հիմա. ազատութեան համար չպայքարող ազգերը կարող էին մնալ աշխարհաքաղաքական վերադասաւորումների ընթացքում քանդուող տէրութիւնների փլատակների տակ:
Այդ օրը ընդառաջ գնալով Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի ազգաբնակչութեան ցանկութեանն ու կամքին՝ հռչակուեց Լեռնային Ղարաբաղի` Արցախի անկախ հանրապետութիւնը: Պատմական այդ որոշմանը յաջորդեցին միջազգային իրաւունքի սկզբունքներին եւ դեռեւս գործող միութենական պետութեան օրէնսդրութեանը համապատասխան իրաւական ու քաղաքական գործողութիւնները՝ համաժողովրդական հանրաքուէն եւ ինքնիշխան պետութեան օրինական իշխանութիւնների ընտրութիւնները:
Անկախ պետության հռչակման քաղաքական գործընթացով նոր էջ բացուեց 1988թ. Փետրուարին Արցախահայութեան կողմից նախաձեռնած ազգային-ազատագրական պայքարի տրամաբանութեան մէջ, որն արտայայտուել էր Մայր Հայրենիքին Արցախը վերամիաւորելու գաղափարախօսութեամբ:
Ինքնիշխանութեան հաստատման ուղին ծանր էր ու յագեցած բազմաթիւ բարդութիւններով: Ադրբեջանի կողմից ձեռնարկուած զանգուածային ջարդերի, բռնաճնշումների եւ ցեղային զտումների քաղաքականութիւնը շուտով վերաճեց բացայայտ ռազմական գործողութիւնների՝ հայկական Արցախի դէմ, որին դիմակայելու համար ոտքի կանգնեց երկրամասի հայ բնակչութիւնը՝ Հայաստանից ու Սփիւռքից օգնութեան հասած բազմաթիւ հայրենակիցների հետ մէկտեղ:
Արցախի շուրջ օրէցօր սեղմուող օղակը ճեղքելու եւ մարդասիրական աղէտից խուսափելու նպատակով եւ ուժերի մեծագոյն լարումով յաջողուեց 1992թ. Մայիսին ազատագրել Հայոց բերդաքաղաք Շուշին, դէպի Սիւնիք տանող ճանապարհով Բերձոր քաղաքը` ցամաքային յուսալի կապ հաստատելով Մայր հայրենիքի հետ: Ազատութեան ու անկախութեան համար պայքարում հազարաւոր հայորդիներ իրենց կեանքը նուիրաբերեցին Հայրենիքի ապագային: 1992թ. ամռան հռչակուած Արցախի անկախ հանրապետութեան տարածքի գրեթէ կէսը բռնագրաւուած էր հակառակորդի կողմից. մենք կորցրել էինք Շահումեանի շրջանն ամբողջութեամբ եւ Մարտակերտի շրջանի մեծ մասը:
Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում Հայութիւնն իր մէջ ուժ գտաւ համախմբուելու եւ կերտելու ապագայ յաղթանակները: Ազգային բանակի ստեղծումը թոյլ տուեց ամուր հիմքերի վրայ դնել երկրի պաշտպանութեան ու անվտանգութեան հարցերը, որի շնորհիւ 1994թ. Մայիսին թշնամին պարտադրուած էր զինադադարի պայմանագիր ստորագրել՝ ամրագրելով այդ պահին ռազմաճակատում ձեւաւորուած իրավիճակը:
Ռազմի դաշտում արձանագրած յաջողութիւններին զուգահեռ աշխուժացաւ նաեւ 1992թ. գարնանից ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման նպատակով մեկնարկած եւ Մինսկի խմբի ձեւաչափում կենտրոնացուող բանակցային գործընթացը, որի ամփոփումը հանդիսացաւ 1994թ. Դեկտեմբերին ԵԱՀԿ Բուդափեշտեան համաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպէս հակամարտող կողմի արձանագրումը:
Յետպատերազմեան տարիներին Արցախի Հանրապետութիւնը, յաղթահարելով բազմաթիւ նոր դժուարութիւններ, ձեռնամուխ եղաւ միջազգային չափանիշերին համապատասխան ժամանակակից իրաւական ու ժողովրդավարական պետութեան կառուցմանը, եւ այդ ջանքերի հանրագումարում 2006թ. ընդունուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան առաջին Սահմանադրութիւնը:
Մինչդեռ Արցախի ժողովուրդը խստօրէն հետեւում էր ղարաբաղեան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային միջնորդների առաջարկած հայեցակարգին, Ադրբեջանը ծածուկ եւ բացայայտ պատրաստւում էր նոր պատերազմի: Ցաւօք, մեր բոլոր զգուշացումները միջազգային կազմակերպութիւններին եւ կարգաւորման գործընթացում ներգրաւուած դերակատարներին սպասուած արդիւնքներ չունեցան, եւ հակառակորդը, օգտուելով թողտւութիւնից, մշտական սադրանքներ էր ստեղծում Արցախի սահմանին:
Այդ ամէնի կիզակէտը պէտք է համարել 2016թ. քառօրեայ պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը, օգտուելով միջազգային կառոյցների ոչ-հասցէական արձագանգներից, դիմեց հերթական արկածախնդրութեանը: Այդ նոյն օրերին աշխարհասփիւռ Հայութիւնը աննախադէպ աջակցութեան օրինակ եւ Արցախը պաշտպանելու բարձր պատրաստակամութիւն ցոյց տուեց եւ, հաւանաբար, հէնց այդ գործօնները յուշեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը ետ քաշուել եւ ապագայ յարձակողական ծրագրերի համար խնդրել հակահայ այլ ուժերի օգնութիւնը՝ Թուրքիայի գլխաւորութեամբ:
2020 Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած հերթական լայնամասշտաբ պատերազմը ծանր ու աղէտաբեր հետեւանքներ ունեցաւ մեր ժողովրդի համար: Օգտուելով մեր սխալներից եւ վերջին տարիներին իր կուտակած սպառազինութիւնների առաւելութիւններից՝ թշնամուն յաջողուեց ոչ միայն լրջօրէն վնասել մեր անվտանգային ու պաշտպանական համակարգը, այլեւ զգալի մարդկային ու տարածքային կորուստներ պատճառել մեզ՝ տիրանալով հայկական Շուշիին, Հադրութի ողջ շրջանին եւ պատմական Արցախի այլ աւանդական բնակավայրերի: Հազարաւոր մեր հայրենակիցներ հայրենազրկուել եւ ունեզրկուել են՝ ստիպուած լինելով ապաստան գտնել Արցախի եւ Մայր Հայաստանի առաւել անվտանգ բնակավայրերում: Այն հանգամանքը, որ մեր երկրամասում ծրագրուած հերթական ցեղասպանութիւնը կանխուել է Ռուսաստանի նախագահի անմիջական միջամտութեամբ ու Խաղաղապահ ուժերի Արցախ մուտք գործելով, որեւէ կասկած չի կարող յարուցել: Միաժամանակ, մենք համոզուած ենք, որ Արցախի անվտանգութեան ապահովման համար կարեւորագոյն բաղադրիչ է մեր սեփական պաշտպանական համակարգի կատարելագործումը:
Հայրենակիցնե՛ր,
Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրաւէրների առաջ, որոնք վտանգում են մեր ազգային ինքնութիւնն ու հայկական պետականութեան ապագան:
Եւ որպէսզի կարողանանք յաղթահարել մեզ համակած պարտուողական տրամադրութիւնները եւ վերագտնել 1988 եւ 1991 թուականների ՀԱՅ-ի նպատակասլաց տեսակը, ինչպէս նաեւ համաձայնեցուած ու համակարգուած աշխատանքներ նախաձեռնել ստեղծուած իրավիճակը փոխելու համար, խիստ անհրաժեշտ է, որ մենք ազգովի համախմբուենք միասնական հայկական օրակարգի շուրջ:
Իսկ դա նշանակում է.
1 – Հէնց այսօր, պատմական 1991թ. Սեպտեմբերեան օրերից 31 տարի անց, արտայայտելով ողջ Արցախահայութեան տեսակէտն ու կամքը, այս նոյն հարթակից մենք յայտարարում ենք, որ մեր ռազմավարական նպատակը՝ Արցախը Մայր հայրենիքին միաւորելու գաղափարը, չի փոխուել եւ, որ շատ կարեւոր է` Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը այդ ռազմավարական նպատակին մօտեցնող անհրաժեշտ քայլերից մէկն է:
2 – Մենք ազդարարում ենք ի լուր աշխարհի, որ Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախի պետական համակարգը խաթարող որեւէ կարգավիճակ, եւ ինքնիշխան պետութիւնը Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ իրաւունքների պաշտպանութեան անհրաժեշտ նախապայմանն է:
3 – Արցախի ապագայի շուրջ բոլոր ներկայ եւ գալիք բանակցողները պարտաւոր են հիմք ընդունել վերոնշեալ արձանագրումները եւ զգուշանալ այն կարմիր գծերից, որոնք նշուել են Արցախի Ազգային ժողովի ս.թ. Ապրիլի 14-ի յայտարարութեան մէջ: Մենք պահանջում ենք առաջնորդուել միմիայն հնչեցուած օրակարգի դրոյթներով:
4 – Միջազգային իրաւասու կառոյցներից եւ, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում ենք հաւատարիմ մնալ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում ամենաբարձր մակարդակով իրենց ստանձնած լիազօրութեան եւ առաջնորդուել Մինսկի խմբի շրջանակներում ընդունուած սկզբունքներով:
5 – Համայն Հայութեանը, մեր քոյրերին ու եղբայրներին կոչ ենք անում շարունակել ապրել Արցախով, բոլոր հնարաւոր միջոցներով օժանդակել Արցախի վերականգնմանը եւ Արցախին վերաբերուել որպէս համազգային ձեռքբերում ու հպարտութիւն:
Սահմանները կապանքներ չեն, շղթաներն էլ` կը փշրուեն:
Արցախը շարունակելու է պայքարը, եւ մենք դեռ տօնելու ենք նոր յաղթանակներ»:
Ստեփանակերտ
2022 Սեպտեմբերի 2
* * *
Նշենք, թէ նոյն օրը, Երեւանի Ֆրանսայի հրապարակին վրայ ալ տեղի ունեցած է «Դիմադրութիւն» շարժումի հանրահաւաքը՝ նուիրուած Արցախի Հանրապետութեան հռչակման 31-ամեակին:
Հանրահաւաքը սկիզբ առած է Հայաստանի հանրապետութեան եւ Արցախի հանրապետութեան օրհներգերով։
Ներկաները մէկ վայրկեան լռութեամբ յարգած են յանուն հայրենիքի զոհուած հայորդիներու յիշատակը։ Այնուհետեւ ելոյթներ ունեցած են Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան երեսփոխան, Պաշտպանութեան նախկին նախարար Սեյրան Օհանեան, «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեան, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան երեսփոխան Իշխան Սաղաթէլեան։