«Մինչ հանրութեան ուշադրութիւնը կենտրոնացած է Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծուած անվտանգային ծանրագոյն վիճակի վրայ, իշխանութիւններն, օգտուելով այդ հանգամանքից, արձանագրեցին ժողովրդավարութեան յաջորդական ակնյայտ նահանջը:
Անցնող շաբաթուայ ընթացքում սահմանադրական անկախ մարմինների ղեկավար պաշտօններում ընտրուել են օրուայ իշխանութիւնների հետ ուղղակի փոխկապակցուած անձինք` Կենտրոնական ընտրական յանձնաժողովում (ԿԸՅ) և Բարձրագոյն դատական խորհրդում (ԲԴԽ):
Ժողովրդավարութեան սկզբունքի յստակ պահանջներից է բխում, որ նման կառոյցները պէտք է համալրուեն իրապէս անկախ, արհեստավարժ ու քաղաքականապէս չէզոք թեկնածուներով: Չնայած այս պահանջներին՝ մէկ քաղաքական միաւոր առաջադրեց ու ընտրեց հէնց նոյն քաղաքական միաւորի անդամների` ձեւական ընթացակարգով, նախքան ընտրութիւնն էլ ապահովելով անկուսակցականի կարգավիճակը:
Յատկանշական է, որ ԿԸՅ նախագահ է ընտրուել այն անձը, ով օրուայ իշխանութիւնների ներկայացուցիչ է հանդէս եկել 2021 թուականի արտահերթ ընտրութիւններում ԿԸՅ-ում և կուսակցութեան գործօն անդամ է եղել, ինչը ԿԸՅ նախագահի պաշտօնի պարագային աննախադէպ է:
Միաժամանակ ԲԴԽ նախագահը մի քանի ամիս առաջ ընտրուել էր իշխող կուսակցութեան ղեկավար պաշտօններից մէկում: Նման քաղաքականութեան իրացման նպատակն ակնյայտ է. անկախ սահմանադրական մարմինները ծառայեցնել մէկ քաղաքական միաւորի շահերին եւ ամբողջութեամբ խաթարել անկախութեան երաշխիքները:
Խիստ անհանգստացնող է, որ ժողովրդավարութեան այսպիսի նահանջի փաստերին որեւէ կերպ չեն արձագանգել միջազգային կառոյցները, որոնք հանդէս էին գալիս մեր երկրում ժողովրդավարական արժէքների պաշտպանութեամբ»:
2022 Հոկտեմբեր 10
* * *
Նշենք, որ Կեդրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ ընտրուած է Վահագն Յովակիմեան, միայն իշխանութեան 65 երեսփոխաններու քուէներով։
Իսկ Բարձրագոյն դատական խորհուրդի նախագահ ընտրուած է Կարէն Անդրէասեան, Խորհուրդէն ներս կայացած գաղտնի քուէարկութեամբ։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։