Արցախի թեմի առաջնորդը՝ Ազէրպայճանի կողմէ իրագործուող սրբապղծման արարքներուն մասին.– “Միշտ էլ մեր ունեցուածքի վրայ աչք են ունեցել”

Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեան  «Արմէնփրէս»-ի հետ հարցազրոյցին իր մտահոգութիւնը յայտնած է բռնագրաւուած տարածքներուն մէջ հայկական  պատմաճարտարապետական յուշարձաններու կորստեան վտանգին առնչութեամբ։ Ան նշած է, թէ  կը շարունակուի մեր մշակութային յուշարձաններու եւ հայկական եկեղեցիներու ոչնչացման գործընթացը։ Աւելի՛ն, Ազէրպայճան կը պնդէ, որ եկեղեցիներու հայատառ գրութիւններն ու հայկական հետքերը կեղծ են, թէ՝ «Հայերը հետքեր ձգած են ազէրպայճանական յուշարձաններու վրայ, որոնք պէտք է մաքրուին», եւ անոնց ոչնչնցման համար արդէն աշխատանքային խումբ ստեղծուած է։

“Այն բանից յետոյ, երբ պարզ դարձաւ, որ ԻՒՆԷՍՔՕ-ն ցանկանում է Արցախ այցելել, Բաքւում ստեղծուեց պետական յանձնաժողով՝ ապացուցելու, որ Արցախում հայկական յուշարձաններ չկան:

Հիմա ուրիշ ի՞նչ պիտի կարողանանք անել: Այն, ինչ-որ Ադրբեջանցիները հիմա անում են մեր մշակութային ժառանգութեան հետ, մեզ համար նորութիւն չէ: Միշտ էլ, որպէս քոչուոր ազգ, մեր ունեցուածքի վրայ աչք են ունեցել: Այսօր էլ նոյնը շարունակւում է: Պիտի խելքի գանք, որ հասկանանք՝ ինչպէ՛ս պահել մեր ժառանգութիւնը: Ադրբեջանի ղեկավարութիւնն իր մտադրութիւնները, ծրագրերն արդէն պատրաստում է, նրանք գիտեն իրենց ազգային մշակութային ռազմավարութիւնը: Անկախ նրանից, թէ արտաքին դիւանագիտական, կրօնական հանդիպումներ են լինում, իրենք կա՛մ կրաւորական դիրք են բռնում, կա՛մ ասում են՝ կը մտածենք: Եւ ի վերջոյ անում են այն, ինչ ծրագրել են:

Մշակութային ժառանգութեան պահպանման հարցի շուրջ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ կրօնական մէկ հանդիպում է տեղի ունեցել 2021 Հոկտեմբերի 11-ին, Մոսկուայում:  Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ն այդ հանդիպումին բարձրաձայնեց մասնաւորապէս Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ճակատագրի հարցը: Յոյս կար, որ այն կը պահպանուի: Այսօր Ադրբեջանցիների ախորժակն այնքան է մեծացել, որ ցանկանում են զաւթել Արցախի բռնագրաւուած տարածքների բոլոր մշակութային կոթողները”,– յայտնած է Սրբազան հայրը։

“Ադրբեջանցիների համար այդ հանդիպումները ոչինչ են, նրանք անտեսում են նոյնիսկ տարբեր միջազգային կազմակերպութիւնների կոչերը, այդ թւում՝ ԻՒՆԷՍՔՕ-ի:

Իրենք իրենց գործն են անում, իրենց ձեռագիրը չեն փոխում, որը պէտք է՝ քանդում են, փոխում են, որը պէտք է՝ ոչնչացնում: Մենք չենք կարողանում մեր գերիներին վերադարձնել. պատերազմը ե՞րբ է աւարտուել, մարդիկ Բաքւում կենդանի յուշարձաններ են դարձել, չգիտես, թէ ինչ ֆիզիքական եւ հոգեւոր տանջանքների են ենթարկւում: Ամբողջ աշխարհն ասում է՝ բա՛ց թողէք գերիներին, իրենք չեն թողնում:

Նման իրավիճակում պէտք է ինքներս մեզ ապաւինենք: Արցախի իշխանութիւններն ամէն ինչ անում են ադրբեջանական կողմի այս վայրագութիւնները կանխելու համար:

Պէտք է խելքի գանք, ճիշդ աշխատենք մեր ազգային, կրօնական ինքնութիւնը պահպանելու համար: Մեր հայրերի ստեղծածն է, որ թողել են մեզ որպէս ժառանգութիւն: Անփոյթ ենք գտնուել, չենք կարողացել պահել, հիմա էլ ստանում ենք ա՛յն, ինչ ստանում ենք: Ես չեմ կարող վստահ ասել, որ Շուշիի եկեղեցին կը պահպանուի: Եռակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմն ասաց՝ իտալացի մասնագէտներ են եկել վերանորոգման համար: Բայց մենք գիտենք, տեսել ենք, թէ Ադրբեջանցու կողմից վերանորոգում հասկացութիւնն ի՛նչ է նշանակում. մեր դաշտային Արցախը, Նախիջեւանը նայենք՝ ոչինչ չի մնացել, ամբողջն աւերել են: Այսօր պէտք է մեր ազգն ինքն իր հետ «պայմանագիր» կնքի  այն մասին, որ այլեւս տալու բան չունենք թշնամուն: Եթէ ամէն մարդ իր մէջ նման յստակ որոշում կայացնի, դա կը դառնայ ազգային դաշինք, ազգի հետագայ ճակատագիրն ու անվտանգութիւնը կարգաւորելու «փաստաթուղթ»: Եթէ չանենք, կը մնանք այսպէս բզկտուած”,– եզրափակած Հայ Առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդը: