Երեւանի արձագանգը. «Ադրբեջանը ամէն ինչ անում է տարածաշրջանում խաղաղութիւնը անհնար դարձնելու համար»

Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւնը արձագանգած է Ազերպայճանի նախագահին Մարտ 18-ի յայտարարութիւններուն.

«“Ո՛չ մի խաղաղութեան պայմանագիր չի լինելու”,– սա մէջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2023 Մարտ 18-ին ունեցած ելոյթից:

Այս յայտարարութիւնը Ալիեւն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գիւղում, որը 44-օրեայ պատերազմի հետեւանքով հայաթափուել է:

Ինչպէս Թալիշում, այնպէս էլ 44-օրեայ պատերազմի հետեւանքով հայաթափուած այլ շրջաններում Ադրբեջանն անթաքոյց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողութեան տակ անցած տարածքներից: 90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաեւ Շահումեանի շրջանը, Գետաշէնի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչութիւն ունեցող այլ բնակավայրեր:

Ադրբեջանի վերը նշուած գործողութիւնները ուղիղ հակասում են 2020 թուականի Նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարութեան 7-րդ կէտին, համաձայն որի ներքին տեղահանուած անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխաւոր յանձնակատարի վերահսկողութեան ներքոյ:

Ապօրինի վերաբնակեցման քաղաքականութեամբ եւ Լեռնային Ղարաբաղի հայութիւնը ահաբեկելու գործելակերպով պաշտօնական Բաքուն ամէն ինչ անում է եռակողմ յայտարարութեան վերը յիշատակուած դրոյթի կատարումն անհնարին դարձնելու համար:

Ադրբեջանը ամէն ինչ անում է տարածաշրջանում խաղաղութիւնն անհնար դարձնելու համար: 2022 Հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ Հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են յայտարարութիւններ, համաձայն որոնց Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրայ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը, եւ երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենայ բացառապէս այս հէնքի վրայ: Չնայած սրան, Մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին յայտարարել է, թէ սահմանազատումը պիտի տեղի ունենայ Ադրբեջանի առաջադրած պայմաններով եւ երկար ժամանակ շարունակաբար խօսում է ինչ-որ պատմական քարտէզների մասին:

Ադրբեջանը ոչ միայն բռնագրաւման տակ է պահում Հայաստանի Հանրապետութեան 2021 Մայիս 12-ին, Նոյեմբեր 17-ին, 2022 Սեպտեմբերին ապօրինի բռնագրաւած ինքնիշխան տարածքները, այլեւ ներմուծել է այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջան»-ի խօսոյթը եւ Հայաստանի Հանրապետութեան գործնականում ողջ տարածքը յայտարարում է ադրբեջանական հող:

Սա նշանակում է բացայայտ նկրտումների արտայայտում՝ Հայաստանի Հանրապետութեան գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաեւ սպառնում է Հայաստանին, եթէ վերջինս այդ նկրտումները չընդունի:

Ադրբեջանը շարունակում է տարբեր ձեւաչափերով ընդունած եռակողմ եւ քառակողմ յայտարարութիւնների կոպտագոյն ոտնահարումները եւ գործնականում չի մնացել այդ յայտարարութիւնների մի դրոյթ, որն այս պահի դրութեամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումով սկսած, հայ գերիներին, պատանդներին, այլ պահուող անձանց մինչեւ օրս ապօրինի անազատութեան մէջ պահելով շարունակած, եւ տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացմանը միջանցքային անհիմն խօսոյթով խոչընդոտելով աւարտած:

Դեռ աւելի՛ն, Ադրբեջանի նախագահը խախտել է 2023 Փետրուար 18-ին իր իսկ կողմից բարձրաձայնած պարտաւորութիւնը՝ Լեռնային Ղարաբաղի հայութեան հետ քննարկել նրանց իրաւունքների եւ երաշխիքների հարցը:

Այդ յայտարարութիւնից ընդամէնը մի քանի շաբաթ անց Ադրբեջանը յայտարարեց, թէ պատրաստւում է քննարկել “Ղարաբաղի հայութեան համարկումի” հարցը, իսկ Թալիշում արած յայտարարութիւնները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Մարտի 5-ի ահաբեկչութիւնը վկայում են, որ Ադրբեջանի մտադրութիւնն է լուծել Լեռնային Ղարաբաղի հայութեան առնուազն ձուլումի հարցը, եւ պաշտօնական Բաքուի կողմից ԼՂ հայութիւնը ցեղասպանութեան ենթարկելու նախապատրաստութիւնների մասին Հայաստանի ահազանգերը չպէտք է անտեսուեն միջազգային հանրութեան կողմից:

Վերջին շրջանի խօսոյթում Ադրբեջանը նոր մեղադրանք է գտել Հայաստանի Հանրապետութեան հասցէին՝ նրան մեղադրելով միացեղ լինելու մէջ եւ փորձ անելով ստեղծել տպաւորութիւն, թէ, ի տարբերութիւն Հայաստանի, Ադրբեջանը բազմացեղ երկիր է: Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան համաձայն 4 ազգային փոքրամասնութիւնները լիազօրագիր ունեն երկրի բարձրագոյն օրէնսդիր իշխանութեան կազմում, իսկ իրեն բազմազգ համարող Ադրբեջանում որեւէ նման կարգաւորում չկայ:

Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութեան գնահատականը միանշանակ է. Ադրբեջաննն իր յարձակողական խօսոյթով եւ գործելակերպով Լեռնային Ղարաբաղի Հայութիւնը ցեղասպանութեան ենթարկելու եւ Հայաստանի նկատմամբ նոր յարձակման նախապատրաստութիւններ է տեսնում:

Ստեղծուած իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանութիւնների կանխարգելման միջազգային գործիքակազմերի գործարկումը, միջազգային փաստահաւաք առաքելութեան գործուղումը Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ, ինչպէս նաեւ` Ադրբեջանի յարձակողական գործողութիւնների եւ քաղաքականութեան հասցէական դատապարտումը: Միեւնոյն ժամանակ Հայաստանի Հանրապետութիւնն արտայայտում է իր վստահութիւնը խաղաղութեան օրակարգին՝ 2020 Նոյեմբեր 9-ի, 2021 Յունուարի 11-ի, 2022 Հոկտեմբեր 31-ի եռակողմ եւ 2022 Հոկտեմբեր 6-ի քառակողմ յայտարարութիւնների հիման վրայ»: