Նիկոլ Փաշինեան.– «Լեռնային Ղարաբաղի 120 հազար մարդ փաստացի յայտնուել է պատանդի կարգավիճակում»

 

Դեկտեմբեր 15-ին կայացած կառավարութեան նիստին, վարչապետ Նիկոլ Փաշինեան յայտարարած է.

«Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական կազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողութիւնների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկուել են ազատ տեղաշարժի իրաւունքից, յայտնուել են ձմեռնային պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժուարութիւնների առաջ, հազարաւոր մարդիկ, այդ թւում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիւ ընտանիքներ ակամայ կիսուել են` յայտնուելով շրջափակման տարբեր կողմերում:

Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկուած են դեղորայքից եւ առողջապահական ծառայութիւններից: Խափանուել են պարէնի եւ առաջին անհրաժեշտութեան այլ ապրանքների մատակարարումները: 120 հազար մարդ փաստացի յայտնուել է պատանդի կարգավիճակում:

Կազով ջեռուցուող դպրոցներն ու մանկապարտէզները հարկադրուած դադարեցրել են աշխատանքները, ինչի հետեւանքով շուրջ 22 հազար երեխայ զրկուել է կրթութեան իրաւունքից»:

Ան Լեռնային Ղարաբաղի մէջ ստեղծուած իրավիճակը համարած է մարդասիրական ճգնաժամ:

«Այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտաւորութիւնները չկատարելու հետեւանքով: Ինչպէս արդէն ասուել է բազմիցս, Լաչինի միջանցքի փակումը 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան ուղղակի եւ կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից, այն պարզ հիմնաւորմամբ, որ նշուած յայտարարութեան 6-րդ կէտի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնւում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախմբի վերահսկողութեան ներքոյ, եւ Ադրբեջանի  Հանրապետութիւնը երաշխաւորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, երթեւեկութեան միջոցների եւ բեռների փոխադրութեան անվտանգութիւնը: Սա ուղիղ մէջբերում է Նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից, եւ յայտարարութիւնը մի փաստաթուղթ է, որի տակ դրուած է Ադրբեջանի նախագահի ստորագրութիւնը»,– ընդգծած է Փաշինեան: