Վարչապետի աշխատակազմը հրապարակած է Մուրատ Փափազեանի Հայաստան մուտքի արգիլման պատճառները

Մուրատ Փափազեան

 

Վարչապետի աշխատակազմի տեղեկութեան եւ հասարակութեան հետ կապերու վարչութիւնը, արձագանգելով «Արմէնփրէս»-ի հարցումին, պարզաբանած է, թէ ի՞նչ հիմքով Յուլիս 13-ին արգիլուած է Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհուրդի (CCAF) համանախագահ Մուրատ Փափազեանի մուտքը Հայաստանի Հանրապետութիւն: 

Ստորեւ՝ պարզաբանութիւնը.-

«Յայտնում ենք, որ ձեր կողմից նշուած անձի մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելուել է՝ հիմք ընդունելով “Օտարերկրացիների մասին” ՀՀ օրէնքի 8-րդ “գ” եւ “զ” կէտերը:

Տուեալ անձը հանդիսանում է նախորդ տարուայ Յունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանութեան մօտ վարչապետի գլխաւորած կառավարական պատուիրակութեան՝ ՀՀ պետական դրօշակիր աւտոշարասեան դէմ յարձակում կազմակերպած անձանցից մէկը: Աւտոշարասեան ուղղութեամբ նետուել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրօշակիր աւտոմեքենան ենթարկուել է յարձակման եւ ստեղծուած իրավիճակը յաղթահարուել է միայն ֆրանսիական ոստիկանութեան եւ անվտանգութեան ուժերի ջանքերի արդիւնքում:

Այդ մասին վկայող տուեալներ հրապարակուել են տարբեր լրատուամիջոցների կողմից, իսկ տեսանիւթերն առկայ են նաեւ համացանցում: Ո՛չ միայն ձեր կողմից նշուած անձի, այլեւ յարձակման ակտիւ մասնակիցների մուտքը ՀՀ արգելուել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ յարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն՝ օրէնքով սահմանուած կարգով արգելուել է»։

© 2022 Բոլոր իրաւունքները վերապահուած են