Հայաստանի հանրապետութեան Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեան «Արմէնփրէս»-ին տուած ընդարձակ հարցազրոյցին մասնաւորապէս յայտարարած է, թէ՝ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեզի համար հողային հարց չէ եւ այնտեղ ապրող Հայութեան անվտանգութիւնն ու իրաւունքները Հայաստանի համար սկզբունք են: Այժմ պիտի քննարկենք վարչապետ Փաշինեանի արտայայտած գաղափարը, թէ՝ Ղարաբաղի հարցը պէտք է տարանջատել Հայաստան-Ազերպայճան յարաբերություններէն»։
Ստորեւ կու տանք հարցազրոյցը փոքր յապաւումներով.-
– Պարոն Գրիգորեան, աշխարհաքաղաքական կենտրոններից վերջերս հնչում են գնահատականներ, թէ Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման եւ այսպիսով տարածաշրջանում երկարատեւ խաղաղութիւն ու կայունութիւն հաստատելու լուրջ հնարաւորութիւն կայ: Հայաստանի իշխանութիւնը նման կարելիութիւն տեսնո՞ւմ է։
– Այն փաստը, որ Հայաստանի կառավարութիւնը խաղաղութեան օրակարգը հռչակել է պետական ռազմավարութիւն եւ քաղաքականութիւն ուղղակի վկայութիւնն է այն բանի, որ նման հնարաւորութիւն տեսնում ենք: Այդ հնարաւորութիւնը աւելի առարկայական է դառնում, երբ հաշուի ենք առնում, որ Հայաստանի կառավարութիւնը, քաղաքական մեծամասնութիւնը խաղաղութեան օրակարգի իրագործման պատասխանատւութիւն է ստանձնում, հասկանալով, որ դա հեշտ ճանապարհ չէ: Կարծում եմ ՀՀ կառավարութեան եւ քաղաքական մեծամասնութեան նուիրուածութիւնը խաղաղութեան օրակարգին կարեւոր գործօն է՝ միջազգային տարբեր հարթակներից հնչող գնահատականների համար:
– Ի՞նչ ճանապարհային քարտէզ էք պատկերացնում խաղաղութեան օրակարգի իրագործման համար:
– Այդ օրակարգը յայտնի է. սահմանագծման եւ սահմանային անվտանգութեան մակարդակի բարձրացման աշխատանքներ Ադրբեջանի հետ, որն արդէն մեկնարկել է եւ Օգոստոսի երկրորդ կէսին նախատեսուած է սահմանագծման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկուայում. Եւ տարածաշրջանային հաղորդակցութիւններու բացում…
– Ադրբեջանը պնդում է, թէ Հայաստանը ձգձգում է այդ հարցերի լուծումը:
– Սահմանագծման եւ սահմանային անվտանգութեան հարցերի յանձնաժողովի նիստը Օգոստոսի երկրորդ կէսին նշանակուել է ադրբեջանական կողմի առաջարկով: Տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացման հարցով մենք բազմիցս արտայայտել ենք մեր պատրաստակամութիւնը: Վերջերս համացանցում յայտնուել է դեռեւս 2021 Դեկտեմբերին դիւանագիտական ճանապարհներով մեր փոխանցած առաջարկների փաթեթը, որն այսօր էլ ուժի մէջ է: Մենք մի քանի այլ առաջարկներ էլ ենք արել, եւ մեծապէս շահագրգռուած ենք տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մասն է: Ի հարկէ՝ նախագծի արեւելք-արեւմուտք հատուածի յստակ երթուղու հարցը քննարկելի է, մենք երբեք չենք շեշտել միայն մի տարբերակի հնարաւորութիւնը եւ մեզ նոյնքան անհրաժեշտ է ամենաարդիւնաւէտ երթուղին գտնել, որովհետեւ դրանից է կախուած «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակութիւնն ու գրաւչութիւնը: Հաղորդակցութիւնների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը, մենք որոշակի առաջընթաց ենք նկատում եւ տրամադրուած ենք շարունակել նոյն ոգիով:
– Այս երկու քայլերի՞ց է ուրեմն բաղկացած խաղաղութեան հաստատումը Ադրբեջանի հետ: Ղարաբաղի կարգավիճակը ի՞նչ է լինելու:
– Ո՛չ, ձեր նշած ճանապարհային քարտէզի եւ խաղաղութեան օրակարգի բարձրակէտը, ի հարկէ, Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի ստորագրումն է: Դուք գիտէք, որ Ադրբեջանն այս առումով ներկայացրել է հինգ կէտեր եւ Հայաստանի Հանրապետութիւնը յայտարարել է, որ դրանցում անընդունելի ոչինչ կայ:
– Ներառեալ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչո՞ւմը: Այսինքին Հայաստան ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը եւ տարածքային պահանջներ չունի՞:
– Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչում է հէնց թէկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրէնսդրութեան մասն է: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու սահմանների անխախտելիութիւնը ճանաչել են դեռեւս 1991 թուականին ստորագրուած եւ հետագայում վաւերացրած ԱՊՀ ձեւաւորման մասին համաձայնագրով: Եւ սա այսօր թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Ադրբեջանի օրէնսդրութեան մասն է: Դա պէտք է արտայայտել նաեւ երկկողմ մակարդակով: Եւ ինչպէս ասել ենք, նման հեռանկարի մէջ մեզ համար անընդունելի ոչինչ կայ եւ Հայաստանը, այո՛, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի:
– Իսկ Ղարաբա՞ղը, ի՞նչ է լինելու Ղարաբաղի հարցը եւ կարգավիճակը:
– Մենք բազմիցս ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի հայութեան անվտանգութիւնն ու իրաւունքները: Վարչապետ Փաշինեանը Ազգային ժողովում ունեցած ելութներից մէկում նշեց, որ կայ գաղափար՝ Լեռնային Ղարաբաղի հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւններից: Մենք հիմա աշխուժօրէն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպէս առաջ ընթանալ:
– Այսինքն՝ Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել առանց Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծմա՞ն:
– Նման գաղափար նոյնպէս կայ: Բայց այս պահին վաղ է որեւէ նման բանաձեւի մասին խօսելը:
– Իսկ Լեռնային Ղարաբաղի Հայութեան համար ի՞նչ անվտանգութեան երաշխիքներ պիտի լինեն:
– Լեռնային Ղարաբաղի Հայութեան անվտանգութեան ապահովման միջազգային երաշխիք կայ, որը Ռուսաստանի խաղաղապահ զօրակազմի ներկայութիւնն է: Այդ երաշխիքի հետագայ կատարելագործման վրայ պէտք է աշխատել, բայց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ապառազմականացումը կարեւոր գաղափար է:
– Մեծ հաշուով Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել:
– Մեծ հաշուով, կարծում եմ, մենք ընթանում ենք այդ ճանապարհով:
– Իսկ գերիների վերադա՞րձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանո՞ւմը:
– Մարդասիրական հարցերի լուծումը խաղաղութեան պարտադիր ուղեկիցն է: Այդ թւում՝ մշակութային ժառանգութեան պահպանման հարցերը: Այդ բոլոր հարցերն, ի հարկէ, պէտք է հասցէագրուեն: Հայաստանն, ի դէպ, վերջին երկու տարուայ ընթացքում Ղարաբաղեան առաջին պատերազմում անհետ կորած Ադրբեջանցիների 130 մարմիններ է փոխանցել Ադրբեջանին: Մենք պատրաստ ենք աշխուժօրէն համագործակցել նաեւ այս հարցի շուրջ եւ նոյնը ակնկալում ենք Ադրբեջանից: Հայկական կողմը Ղարաբաղեան առաջին պատերազմից աւելի քան 770 անհետ կորած անձ ունի: 44-օրեայ պատերազմում մեր անհետ կորած անձանց թիւը 203 է:
– Իսկ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հեռանկարներն ինչպէ՞ս էք գնահատում:
– Երկու երկրների յատուկ ներկայացուցիչները ձեռք են բերել յստակ համաձայնութիւններ, այն է՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, եւ սկսել օդային բեռնափոխադրումներ երկու երկրների միջեւ: Հայաստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը Յուլիսի 11-ին ունեցած հեռախօսազրոյցում համաձայնուել են կեանքի կոչել այդ համաձայնութիւնները եւ հետագայ քայլերի ձեռնարկել: Միանշանակ է, որ մենք հաւատարիմ ենք մնալու այդ համաձայնութիւններին, մանաւանդ որ թէ՛ Ռուսաստանը, թէ՛ ԱՄՆ-ն, թէ՛ Ֆրանսիան, թէ՛ Իրանը, թէ՛ Վրաստանը, թէ՛ Եւրոմիութիւնը աջակցում են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։