Search
Close this search box.

Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանութեան սրբադասուած նահատակներու յիշատակի օրուան առիթով

 

Սիրելի՛ ժողովուրդ հայոց ի հայրենիս եւ ի սփիւռս,

Վերստին աղօթքով եւ խոնարհումով յիշատակում ենք Հայոց ցեղասպանութեան մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հաւատքը, սէրն ու նուիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսութեան պսակն ընդունեցին։ 

Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնւում է գոյաբանական նոր սպառնալիքների եւ անվտանգային լրջագոյն հիմնախնդիրների յանդիման: Հայրենի Արցախում իրականացուած ցեղասպանական գործողութիւններից եւ Արցախի հայաթափումից յետոյ ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։ 

Սուրբ Նահատակների լոյս յիշատակի առջեւ մեր նուիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականութիւնը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականութեան զօրացմանը եւ որպէս սրբազան մասունք պահպանել մեր նախնեաց աւանդներն ու ժառանգութիւնը։ 

Մեր ժողովուրդը հզօր է իր հերոսական անցեալով, չարի ու չարիքի դէմ պայքարի վճռականութեամբ եւ նոյն ոգիով պիտի հեռացնի իր կեանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսեւորումները, առկայ բարդ իրադրութիւնից ջանքերի մէկտեղումով ելքի ուղիներ գտնի եւ կերտի իր յաղթական ապագան։

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, այս նուիրական օրը միասիրտ աղօթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխօսութիւնը, որ յարուցեալ Քրիստոսի շնորհների եւ օրհնութեան ներքոյ խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, եւ մենք հաւատքով ու յոյսով հաստատենք մեր ընթացքը ապահովութեան ու առաջընթացի շաւիղներում: 

Թող Տիրոջ սէրն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր եւ միշտ. ամէն։