«Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորեայ ուղերձը Հ1-ով հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերութեան հրաժարուելը քաղաքական բարձրագոյն մակարդակի ողորմելի որոշում է:
Հայաստանի Հանրապետութեան ստեղծումից ի վեր` Վազգէն Վեհափառից սկսած, բոլոր կաթողիկոսների ամանորեայ ուղերձները կէսգիշերից առաջ հեռարձակուել են Հանրային հեռուստատեսութեամբ, ինչը միշտ էլ իւրայատուկ հոգեւոր խորհուրդ է ունեցել ամբողջ աշխարհի Հայերի համար:
Այս ամօթալի որոշումից յետոյ էլ Կառավարութեան ղեկավարի ընտանիքին պատկանող լրատուամիջոցով տարածւում են Մայր Աթոռին ու Վեհափառ Տիրոջը զրպարտող ու վարկաբեկող տեղեկութիւններ: Այդ տեղեկութիւնները բացարձակ սուտ են:
Այնպէս որ Մայր Աթոռը ճիշդ որոշում է կայացրել եւ չի ընդունել Հ1-ի դիտաւորեալ նսեմացնող առաջարկը։ Ու հիմա էլ առանց ամօթի յերիւրածոյ մեկնաբանութիւններ են անում ընդդէմ Մայր Աթոռի:
Սա ոտնձգութիւն է հայ ժողովրդի արժէքների եւ մեր ազգային ինքնութեան, Հայոց պետականութեան բարոյական հիմքերի դէմ: Այն անարգանք է մեր պատմութեան նկատմամբ: Այս կերպ քաղաքական փորձ է արւում նսեմացնել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը եւ պատմական բացառիկ արժէքը հայ ժողովրդի կեանքում։
Հանրային հեռուստաընկերութիւնը եւս մէկ անգամ հաստատեց իշխանութեան քարոզիչ լինելու իր ամօթալի ՚՚առաքելութիւնը՚՚»:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։