Հոկտեմբեր 10-ին, «Ազատութիւն» լրասփիւռի թղթակցին հետ հարցազրոյցին, լրագրող Թաթուլ Յակոբեան յայտնած է.- “Քառակողմ հանդիպման (Փաշինեան, Մաքրոն, Ալիեւ, Միշէլ) աւարտին ստորագրուած հռչակագրով Հայաստան, ճիշդ է, չի նշում, որ Արցախը համարում է Ադրբեջանի մաս, կամ Արցախը Ադրբեջան է եւ վերջ, բայց ըստ էութեան, ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանութիւններն այսօր ինչ ձեւով էլ դա փորձեն ներկայացնել հանրութեանը, ինչ բառապաշար էլ օգտագործեն, իրականութիւնը սա է։ Փաստացի Հայաստանը ճանաչում է 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը ճանաչում է 29,8 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանը”։
Ան շարունակած է.– “Այո՛, ճիշդ է, որ Հայաստանը ժամանակին միացել է Ալմա-Աթայի հռչակագրին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ սրանով իսկ ի հարկէ մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, բայց միշտ մի կարեւոր բացառութիւն է եղել՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագայ բանակցութիւնների առարկայ է։
Այլ խնդիր է՝ մենք կարո՞ղ էինք այս պայմաններում աւելին ստանալ, թէ՞ չէինք կարող։ Ես կարծում եմ, որ այս պայմաններում ոչ միայն աւելին չէինք կարող ստանալ, այլ իմ կարծիքով, որ սա դեռ վերջը չէ։ Հայաստանի իշխանութիւններն, իմ տպաւորութեամբ, մտածում են, որ սրանով վերջակէտ դրեցին եւ փաստացի սրանով Ադրբեջանը կը ճանաչի 29 հազար 800 քմ. տարածքով Հայաստանը, չի պահանջի միջանցք, դուրս կը գայ Հայաստանի տարածքից. ես այդքան լաւատես չեմ”։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։