Արցախի շրջափակման 100-րդ օրուան առիթով, Ռուբէն Վարդանեան Դիմագիրքի իր էջին գրած է.
«Ադրբեջանը հարիւր օր առաջ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միջանցքը փակելով նպատակ ունէր մեկուսացնել մեզ` այստեղ ապրող Հայերիս. դա ճնշման գործիք էր մեզ խեղճացնելու, մեր կամքը կոտրելու ու Արցախից մեզ դուրս հանելու համար: Բայց Ադրբեջանը ոչ միայն չհասաւ իր նպատակին, այլեւ այդ քայլն ունեցաւ հակառակ արդիւնք:
Դա սթափեցրեց բոլորիս, եկաւ յիշեցնելու, որ մենք, մեր բոլոր տարբերութիւններով հանդերձ, նոյն նպատակն ունենք՝ արժանապատիւ ու խաղաղ ապրել մեր հայրենիքում:
Այս 100-օրեայ շրջափակման ընթացքում կարող ենք արձանագրել հետեւեալը.
1 – Դիմադրութիւն: Չնայած զրկանքներին ու ծանր ձմռանը՝ Արցախի ժողովրդի բացառիկ տոկունութիւնն ու անկոտրում կամքը ցոյց տուեց, որ իրենք պատրաստ են դիմադրել ճնշումներին ու շարունակել 35 տարի առաջ սկսուած պայքարը:
2 – Համախմբում: Ճգնաժամը մեզ համար համախմբման իւրայատուկ ժամանակահատուած դարձաւ: Դեկտեմբեր 25-ի հանրահաւաքով ժողովուրդը ցոյց տուեց, որ պատրաստ է համախմբման:
3 – Արժանապատիւ դիմակայում։ Մեր տղաները Մարտի 5-ին արժանի հակահարուած տուեցին ադրբեջանական ահաբեկչական գործողութիւններին՝ ցոյց տալով, որ եթէ պայքարում ես ոգիով ու կամքով, քեզ յաղթել հնարաւոր չէ։ Այդ արժանապատւութեան օրինակով մենք պէտք է առջանորդուենք։
4 – Միջազգային ուշադրութիւն: Մենք կարողացանք գրաւել միջազգային հանրութեան, տարբեր երկրների եւ միջազգային կառոյցների ուշադրութիւնը, լսելի դարձնել Արցախի ձայնը աշխարհում:
5 – Կողք-կողքի, բայց ոչ միասին: Ադրբեջանի այս գործողութիւնները ցոյց տուեցին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայութեան ներքոյ: Արցախի կարգավիճակը պէտք է որոշուի այստեղ ապրող մարդկանց կամքի արտայայտութեան եւ իրաւունքի իրացման հիման վրայ:
6 – Սփիւռքի արձագանգ: Արցախի ուժը Հայկական աշխարհին ստիպեց աւելի մեծ ուշադրութիւն դարձնել Արցախին եւ տարբեր հարթակներում բարձրացնել Արցախի հարցը:
7 – Արցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: Ադրբեջանին չյաջողուեց հասնել իր ծրագրերի իրականացմանը եւ ցոյց տալ, որ Արցախի հարցն իր ներքին խնդիրն է:
8 – Միջազգային դատապարտում: Միջազգային մի շարք կառոյցներ դատապարտեցին Ադրբեջանի գործողութիւնները, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանն ու ՄԱԿ–ի արդարադատութեան ատեանը որոշում կայացրեցին՝ պահանջելով անյապաղ վերականգնել Հայաստանի հետ կապը:
9 – Ինվետարիզացիա (հաշուեյարդար): Ճգնաժամը առիթ տուեց գնահատել մեր թոյլ կողմերը եւ հասկանալ, թէ ի՛նչ է պէտք է անել՝ դրանք ուժեղացնելու համար:
10 – Բացթողումներ: Ի յայտ եկաւ նաեւ «հարց լուծողներ»-ի եւ «իրավիճակից օգտուողներ»-ի մի զանգուած, որոնք այդպէս էլ չգնահատեցին եւ չհասկացան իրավիճակի ողջ լրջութիւնը:
11 – Խուսափում կոլապսից (կքումէ): Ծանր ձմռան, ուժանիւթի ճգնաժամի, միւս բոլոր ոլորտներում յառաջացած դժուարութիւնները հնարաւոր եղաւ յաղթահարել առանց կոլապսի:
100 օր առաջ սկսուած ու շարունակուող շրջափակումը մեզ կրկին յիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կա՛նք ու ապրո՛ւմ ենք: Մեր ճանապարհը հեշտ չէ, բայց դա նաեւ մեզ սովորեցրել է լինել աներեւակայելի յամառ: Սա կրկին անգամ ցոյց տուեց նաեւ, որ արցախեան հարցը ո՛չ միայն Արցախում ապրող Հայերի, այլ ողջ Հայութեան հարցն է: Ես աւելի քան վստահ եմ, որ եթէ մենք գործենք Արցախ, Հայաստան, Սփիւռք միասնութեան մէջ՝ յստակ նպատակով ու տեսլականով, մեզ յաղթել ո՛չ ոք չի կարողանայ»: