Հայ-թրքական յարաբերութիւններուն մասին
«Մենք միջանցքային տրամաբանութեան որևէ հարց չենք քննարկել, ու չենք քննարկելու։ Մեզ համար կարևոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու, ձևաւորելու օրակարգը։ Օրինակ, Թուրքիայի հետ յարաբերութիւններում եթէ պարզուի, որ այս հնարաւոր բացուող հաղորդակցութիւնները աւելի ընդարձակ տարածաշրջանային նշանակութիւն կարող են ունենալ՝ դա, ի հարկէ, մեր օրակարգի կարևորագոյն հարցերից մէկն է [արդէն]. օրինակ՝ հայ-թրքական սահմանի և երկաթուղու բացումը։ Հիմա խօսք է գնում օդային հաղորդակցութեան վերաբացման մասին, ինչը մենք դրական ենք գնահատում, ողջունում ենք, յոյս ունենք՝ իրականում փոխադարձ թռիչքները կը սկսուեն։ Մեր ակնկալիքը յարաբերութիւնների կարգաւորումն է, բայց էլի եմ ասում, պէտք է հասկանանք, որ գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիւ նրբութիւններ, և Հայաստանի Հանրապետութիւնում կայ շատ զգացական վերաբերմունք այս հարցում։
Ուրախութեամբ արձանագրեցի, որ նախորդ ասուլիսի եզրափակիչ մասում հայ-թուրքական յարաբերութիւնների ընկալումների մասին ասուածը բովանդակային քննարկման առարկայ էր դարձել մեր հանրութեան շրջանում, կարծիքները տարբեր են, բայց քննարկումը բովանդակային էր, փորձ էր արուել խնդիրն իր էութեամբ հասկանալ։ Ես չեմ ուզում Ադրբեջանի, Թուրքիայի հետ յարաբերութիւններում չհիմնաւորուած լաւատեսութիւն արտայայտենք, որովհետև էդ լաւատեսութեան հիմքը չկայ, բայց կողմերը խօսելու, լաւատեսութեան համար հիմք ստեղծելու փորձ են անում։
Այս պահին բանագնացների հանդիպում նշանակուած չէ։ Յոյս ունեմ՝ հնարաւորինս արագ կը նշանակուի։ 2, 3, 4, 5 հանդիպում չի լինելու, շատ երկար գործընթաց է լինելու, եթէ հնարաւոր լինի 4,5 հանդիպումների արդիւնքում շօշափելի արդիւնքների հասնել, շատ աւելի լաւ, բայց չափազանցուած արդիւնքների պէտք չէ սպասել»։
Հայոց ցեղասպանութեան պահանջատէր ըլլալէ հրաժարելու վերաբերեալ
«Հայկական կողմը՝ բոլոր իշխանություններն առանց բացառութեան ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ կարգաւորել յարաբերութիւններն առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը երբեք Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների կարգաւորման, սահմանների բացման նախապայման չի եղել, նման բան երբևէ չի եղել։ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման մասին կառավարութեան ծրագրում յստակ ձևակերպել ենք մեր մօտեցումը։ Մենք այստեղ կրկնել ենք այն բանաձևումը, որը կայ 90-ականներից, Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ յարաբերութիւններ կարգաւորել առանց նախապայմանների»։
«Արցախն ամբողջութեամբ չէր կարող լինել հայկական»
«ԼՂԻՄ-ում ապրել են նաև Ադրբեջանցիներ, և նրանց իրաւունքների պաշտպանութիւնը եղել է բանակցային թեմայի մէջ։ Եթէ ինքնորոշման իրաւունքը, ենթադրենք, իրացւում էր հայկական կողմի մեկնաբանութիւնների շրջանակում, ԼՂ Ադբեջանցիները իրենց հերթին կարող էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը։ Այդ պարագայում ինչպիսի՞ յարաբերութիւններ պէտք է առաջանային, ես խօսում եմ բանակցային եղած բովանդակութեան մեկնաբանութիւնների մասին։
Այս համածիրում ԼՂԻՄ տարածքային ամբողջականութեան ի՞նչ պատկեր պէտք է արձանագրուէր։ Ես, գիտէ՞ք ինչ եմ ասում։ Այսօր հնչում են մտքեր, մեկնաբանութիւններ, որոնք 2018-ի բանակցային բովանդակութեան հետ ոչ մի կապ չունեն, էդ փաթեթը մի փաստաթղթով չէ ձևաւորուած։ ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկուել որպէս հայկական միաւորում, այն դիտարկուել է որպէս հայկական ու ադրբեջանական միաւորում առնուազն բնակչութեան մասով։
Երբ տեսայ Սերժ Սարգսեանի յայտարարութիւնը՝ Արցախը հայկական մնալու վերաբերեալ, ես ճիշդն ասած զարմացայ, այն ուղղակի նախադասութիւն չէր, բառամթերքի առումով մեջբերում է Լևոն Տէր-Պետրոսեանի՝ 1997-ի «Պատերազմ, թէ՞ խաղաղութիւն. լրջանալու պահը» յօդուածից, երբ առաջին նախագահն ասում էր, որ նպատակը պէտք է լինի այն, որ Արցախը լինի հայկական։ Սերժ Սարգսեանը չի ասում, որ Արցախը պէտք չէ լինի Ադրբեջանի կազմում, նա ասում էր՝ Արցախը պէտք է լինէր հայկական։ Ասեմ, այդ ձևակերպման հետ էլ համաձայն չեմ, քանի որ ասեմ, Արցախն ամբողջութեամբ չէր կարող լինել հայկական։ ԼՂԻՄ-ն ունենալու էր ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական բնակչութիւն։
ԼՂ-ում արդեօք լինելո՞ւ էր օրէնսդիր իշխանութիւն, այո՛, լինելու էր, բայց դրանում լինելու էր ադրբեջանական և հայկական չափաբաժիններ, ՏԻՄ մարմինները լինելու էին թէ՛ ադրբեջանական, թէ՛ հայկական»։
Դեկտեմբեր 28-ին Ադրբեջանի նախագահի հետ «շփում անպայման կը լինի»
Դեկտեմբեր 28-ին, Ս. Փեթերսպուրկի մէջ ԱՊՀ-ի ոչ-պաշտօնական վեհաժողովին Հայաստանի և Ազէրպայճանի ղեկավարներու հանդիպում նախատեսուած չէ, բայց Փաշինեանի համաձայն՝ «շփում անպայման կը լինի»։
«Այս պահին պաշտօնական երկկողմ հանդիպման առաջարկ չկայ, բայց շփում կը լինի Ադրբեջանի նախագահի հետ, անպայման կը լինի։ Պաշտօնական բանակցութեան առաջարկ այս պահին չենք ստացել և քանի որ գագաթաժողովն էլ ոչ-պաշտօնական է, բոլոր շփումները կը լինեն ոչ-պաշտօնական»։
«Կառավարման խորհրդարանական համակարգը պէտք է չփոխուի»
Կառավարման խորհրդարանական համակարգը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ պէտք չէ փոխուի։
«Բոլորը չեն, որ այդպէս են կարծում։ Հանրապետութեան նախագահը, օրինակ, մնում է իր տեսակէտին, որ պէտք է փոխուի (կառավարման համակարգը – խմբ․)»,– յայտնած է վարչապետը։
Յամենայն դէպս, ըստ Փաշինեանի, Սահմանադրութեան մէջ խնդիրներ կան, որոնք պէտք է լուծուին, բայց «կոստիոմ, գլխարկ, կօշիկ կարելու մտադրութիւն չկայ»։