Արցախի Պետական նախարար Գուրգէն Ներսիսեան Մայիս 1-ին, Դիմագիրքի իր էջին գրած է հետեւեալը.
«Քիչ առաջ աւարտուեց ռուսական խաղաղապահ զօրակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Հանդիպմանը արցախեան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետութեան նախագահը, Պետական նախարարը, Ներքին գործերի ու Պաշտպանութեան նախարարները:
Մեր կողմից վերահաստատուել է ստեղծուած իրավիճակի վերաբերեալ Արցախի Հանրապետութեան դիրքորոշումը:
Իսկ մեր դիրքորոշումը հետեւեալն է.
իրավիճակի կարգաւորումը պէտք է հիմնուած լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան վրայ, իսկ այդ յայտարարութեան 6-րդ կէտն ամրագրում է հետեւեալը.
– Արցախը Հայաստանի հետ պէտք է կապուի 5 կիլոմետր լայնութեամբ Լաչինի միջանցքով,
– Լաչինի միջանցքը պէտք է գտնուի ՌԴ խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան ներքոյ,
– Ադրբեջանը պէտք է երաշխաւորի երկու ուղղութիւններով քաղաքացիների, փոխադրական միջոցների եւ ապրանքների երթեւեկութեան անվտանգութիւնը Լաչինի միջանցքով:
Ռուսական խաղաղապահ զօրակազմի հրամանատարը մեզ լսելուց յետոյ յայտնեց, որ յառաջիկայ օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ եւ հարցին կը կարողանայ անդրադառնալ ու տեղեկութիւններ փոխանցել շաբաթուայ վերջում:
Դիմում եմ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին, իշխանութիւններին` ձեռնարկէք բոլոր քայլերը, քաղաքական եւ դիւանագիտական բոլոր հնարաւոր միջոցները Արցախի Հանրապետութեան քաղաքացիների անվտանգութիւնն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը պաշտպանելու, Եռակողմ յայտարարութեան դրոյթների կատարումն ապահովելու ուղղութեամբ:
Դիմում եմ միջազգային հանրութեանը` ապահովէք ձեր իսկ կողմից վճռուած` Արցախը Հայաստանին կապող միջանցքի խափանմման վերջ տալու Ադրբեջանի պարտաւորութեան կատարումը: Ձեր անգործութեան կամ ձեռնպահութեան հետեւանքը Արցախի բնակիչների ամէնօրեայ տառապանքներն են:
Դիմում եմ աշխարհասփիւռ Հայութեանը` դէմքով շրջուէք դէպի Արցախը, տեսէք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը»: