Modern Website Header
Website Header with Working Banner

Իրական Հայաստանը

Վիգէն Արաբեան՝ Քարվաճառի մէջ

Գիտակցական կեանքիս ողջ ընթացքում, երբեք չեմ պատկերացրել, որ մի օր,

իմ ծնողներից, Վրացեանների ու Աղբալեանների հիմնադրած Լիբանանի ինձ հոգեհարազատ Նշան Փալանճեան Ճեմարանի իմ դաստիարակներից,

Լիբանանի ՀՅ Դաշնակցութեան պատանեկան միութեան շարքերի իմ դաստիարակներից, ՀՅ Դաշնակցութեան Լիբանանի Երիտասարդական Միութեան յանուն Հայ դատի ու հայրենիքի իրենց կեանքը զոհաբերած իմ ընկերների օրինակից,

Արցախում զոհուած բայց իմ կեանքում յաւիտեան ամէն վայրկեան ներկայ իմ ծառայակից ընկերների ինձ ժառանգած անբացատրելի զուգահեռ ցաւի ու ողջ մնալու եւ ապրելու իրաւունքը ունենալու մեղաւորութեան զգացումից,

Հայրենիքի ինձ ամենահոգեհարազատ անբաժան մասնիկի՝ Արցախի կորուստի կսկիծից,

իմ ամենայանդուգն երեւակայութեան թռիչքներով իսկ չէի կարող պատկերացնել որ այս բոլորից ինձ ժառանգուածից յետոյ, ես գտնուելու եմ ընտրանքի առաջ, վերաբնորոշելու հայրենիքի էութիւնն ու իմաստը։

Այսօր, «իրական Հայաստան» բառերը դրուել են շրջանառութեան մէջ մարդկանց կողմից, որոնք համոզուած եմ չեն հասկացել, որ եթէ պարտաւոր ենք ընտրել, ապա սիրել Հայաստանը նշանակում է նախընտրել ապրել թշուառ ու հպարտ, քան թէ բարեկեցիկ ու զրկուած ազգային արժանապատւութիւնից։

«Իրական Հայաստան» բառերը հնչեցնում են մարդիկ, որոնք այդպէս էլ չեն հասկացել, որ Հայաստանը վարչական տարածք չէ, սահմաններ չէ, որ իրական Հայաստան նշանակում է, որ ապրելով հանդերձ Երեւանում, շարունակել երազել, աշխատել, պայքարել ու ձգտել, մի օր Երեւանից դարձեալ յաղթական անցնելու Հայկական Շուշի, Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ, Քաշաթաղ, Ակնայ, Մարտակերտ ու Քարվաճառ, որ իրական Հայաստան նշանակում է հոգու մէջ պահել մեծ հօրիցս ու մեծ մօրիցս խլուած Տիգրանակերտն ու Մուշը, եւ որ առանց այդ տեսլականի, հայ մարդը երբեք չի ունեցել ու չի կարող ունենալ որեւէ Հայաստան։

Համոզուած եմ «իրական Հայաստանի» ջատագովները չեն հասկացել որ իր հազարամեայ պատմութեան ամբողջ ընթացքում, հայ ժողովուրդը միշտ վաստակել է պետութիւն ունենալու իրաւունքը, բացառապէս յարգելով ու գերադասելով ազգայինը, եւ ոչ թէ կենացներով, այլ պահպանելով հայկականը եւ ձգտելով վերականգնել այն ամէն ինչը որ Հայաստան է ու հայկական։

Պետութիւնների դրօշներն ու փառերգերը, արտայայտութիւնն են ազգի իր պատմութեան նկատմամբ յարգանքի, բայց յատկապէս ապագայի տեսլականի նկատմամբ ունեցած երազանքների ու իղձերի։ Միամիտ եմ համարում ու խորը նսեմացնող, մտածելը որ Վանի միջնաբերդի գագաթին Արամ Մանուկեանի կողմից առաջին անգամ ծածանուած եռագոյնը կամ պետութեան կերպն ու սահմանադրությունը փոխելով, փոխուելու է նաեւ ազգային ենթագիտակցութիւնը 4000 տարի գոյատեւած ու անվերջ վերածնուած մի ժողովրդի։

1990-ականներին Արցախը ազատագրուեց ոչ որովհետեւ օրուայ քաղաքական իշխանութիւնը այդպէս ցանկացաւ, ընդհակառակը, հայ ժողովուդրը Արցախը ազատագրեց յաճախ հակադրուելով օրուայ քաղաքական վերնախաւին։

Արցախը ազատագրեց հայ մարդը, դարերով իր հոգում պահած եւ սերնդից-սերունդ փոխանցած իր երազանքով ու տեսլականով, եւ այսօր մտածել որ չեղարկելով ժողովուրդի հաստատած անկախութեան հռչակագիրը, հրաժարուելով «Արցախը Հայաստան է եւ վերջ» իր իսկ՝ սեփական արտայայտութիւնից եւ կամ թղթով հրաժարուելով Արցախից, մի ամբողջ ժողովուրդ նոյնպէս հրաժարուելու է, չըմբռնել է հայ մարդու էութիւնը, չհասկանալ է որ գալու է այն ոչ շատ հեռու օրը, երբ հայը կրկին ու վերջնական է ազատագրելու Արցախը։

Եթէ Հայաստանը, ներառեալ Արցախը պահելը ենթակայ լինէր բացառապէս օրուայ քաղաքական իշխանութեանը քմահաճոյքին, ապա մենք վաղուց կորցրած կը լինէինք ամբողջ Հայաստանը, Արցախն էլ ներարեալ, նկատի ունենալով նախորդ ազգադաւ քաղաքական իշխանութիւնների ու նրանց շուրջը հին ու նոր «կուսակցութիւնների» անուան տակ հաւաքուած մանկլաւիկների վարած թուրքաբարոյ քաղաքականութիւնը։ Նրանք, թէեւ մեծագոյն վնաս հասցրեցին մեր ժողովրդին ու պետութեանը եւ շարունակում են այսօր էլ պղտորել մեր երկրի զարգացման ջրերը, այնուամեյնանիւ չկարողացան ազգին ամբողջովին զրկել իր հայրենիքից, շնորհիւ բացառապէս մեր ժողովուրդի տասնեակ տարիներ մղած անհաւասար պայքարին, միաժամանակ ներքին թշնամիների՝ օրուայ իշխանութիւնների եւ արտաքին թշնամիների դէմ։

Այն ազգը, որ կարողացել է 27 տարի շարունակ դիմագրաւել պետական գերագոյն մակարդակով կազմակերպուած մեծամաշտաբ թալանը, այն զինուորը որ կարողացել է դէմ տալ թշնամու արբանեակային կառավարուող հրթիռներին, ժողովրդի կողմից բացարձակ մերժուած, բայց կեղծիքով իշխանութեանը տիրացած «ղեկավարի» կողմից իսկ բնորոշուած «ութանասունականների զէնքերով», համոզուած եմ, կը դիմագրաւի ու կը մերժի նաեւ այսօր մեզ հրամցուող ստրկամիտ ու ինքնափրկամիտ «իրական Հայաստան» գաղափարախօսութիւնը։

Ես հաւատում եմ միայն մի Հայաստանի, այն Հայաստանին, որ ակամայ ծնուելով ու ապրելով հանդերձ հայրենիքից հազարաւոր մղոններ հեռու, իմ մանկութեան տարիներից սկսած, ինձ տուել է շունչ ու կամք յամառօրէն պահելու իմ ազգային ինքնագիտակցութիւնը օտար ափերում եւ մի օր վերադառնալու իմ պապերի ժառանգած հողաշերտին, տուել է ինձ հաւատք, որ լինելով, ապրելով, արարելով ու պայքարելով բացառապէս մայր հողի վրայ, մի օր դարձեալ արժանի ենք լինելու այն իրական Հայաստանին, որտեղ ապրել, արարել ու պայքարել են Մեծն Տիգրանները, Վիթխարի Նարեկացիները, ժողովրդի ծոցից ծնած Աղբիւր Սերոբներն ու հայրենապաշտ Մոնթէները։

Ես հաւատում եմ ի՛մ իրական Հայաստանին։

Վիգէն Սերոբի Արաբեան
28 Մայիս 2025
Երեւան, Հայաստան

***

Վիգէն Արաբեան ծնած է Լիբանան, Պէյրութի Պուրճ Համմուտի հայահոծ Արագած թաղամասին մէջ, եղած է անդամ, ղեկավար եւ վարիչ-դաստիարակ ՀՅԴ Լիբանանի Պատանեկան միութեան, անդամ՝ ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միութեան, անդամ ու ղեկավար՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (Հ.Մ.Ը.Մ.) սկաուտական եւ մարզական տարբեր մասնաճիւղերու, դպրոցական տարիներուն եղած է ուսանողական միութեան անդամ ու ղեկավար, Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներուն, 15 տարեկանէն ծառայած է Պուրճ Համմուտի ինքնապաշտպանական մարտական ջոկատներուն շարքերուն, 19 տարեկանին մեկնած է Լոս Անճըլըս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուր աւարտած է Գալիֆորնիոյ Փոլիթեքնիք համալսարանը որպէս ճարտարագէտ, ապա ուսանած է Գալիֆորնիոյ Պըրքլի համալսարանի Ծրագրերու կառավարման բաժնին մէջ, հինգ տարի ծառայած է որպէս վարիչ-դաստիարակ Գալիֆորնիոյ ՀՅԴ պատանեկան միութեան, 28 տարի եղած է անդամ ՀՅ Դաշնակցութեան, որու շարքերէն հրաժարական տալով դուրս եկած է, 90-ական թուականներէն սկսած է կազմակերպել Արցախի վերաբնակեցման եւ զարգացման մեծածաւալ ծրագրեր, Արաքսի հովիտէն մինչեւ Եղնիկներ ու Քարվաճառ, կամաւոր ծառայած է 2016-ի եւ 2020-ի Արցախեան պատերազմներուն, 2023-ի բռնի տեղահանումէն յետոյ շարունակած է կազմակերպել արցախցիներու օգնութեան բազմաթիւ ծրագրեր։ 2016-ին իր ընկերներուն հետ հիմնադրած է «Սատարենք մեր հերոսներուն» (Support Our Heroes)* բարեսիրական հասարակական կազմակերպութիւնը։ Կ՚երազէ օր մը վերադառնալ հայրենի Շուշիի իր հնամեայ տունը։