Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեան կը գրէ․ «Հայաստանի փաշա Նիկոլայը օրերս կրկին յոխորտացել է, որ չի հրաժարուելու Էջմիածնում խոշոր հանրահաւաք անցկացնելու սպառնալիքից։ Նախորդ անգամ, իրեն ուղղուած իմ նամակից յետոյ, նա լռելեայն հրաժարուեց Վարդավառի տօնին Էջմիածնի կենտրոնական հրապարակում մեծ հանրահաւաք անցկացնելու մտքից։
Յիշեցնեմ այդ նամակի բովանդակութիւնը.
«Մեծարգոյ պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկէք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահաւաքի որոշումը եւ անյապաղ ազատ արձակէք քաղբանտարկեալներին՝ առաջին հերթին, Բագրատ եւ Միքայէլ Սրբազաններին եւ Սամուէլ Կարապետեանին։ Վստահ եմ, որ թէ՛ մեր ժողովրդի, եւ թէ՛ միջազգային հանրութեան կողմից այդ քայլը կը դիտուի ոչ թէ որպէս թուլութեան նշան, այլ որպէս պետական այրին վայել ողջախոհութեան դրսեւորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք էք դառնալու հնարաւոր բախումների եւ արիւնահեղութեան միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։ Վերջում, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահաւաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացէք՝ իշխանութիւններն ստեղծուած են ոչ թէ ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրութիւնն ու անվտանգութիւնն ապահովելու համար» (iLur.am, 23.07.2025)։
Դատելով մամուլի արձագանգներից, դա կանխեց անխուսափելի բախումն ու արիւնահեղութիւնը՝ ինչը ոչ մի պարագայում չէր ներուի ճաճանչափայլ Մեծարգոյին։ Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթէ կուլ տար այդ նուաստացումը եւ չփորձէր, իր բնաւորութեանը յատուկ, կրկին սպառնալ Մայր Աթոռին, չգիտակցելով ամենեւին, որ այդ քայլով ձեռնոց է նետում ողջ հայ ժողովրդին, ինչպէս նաեւ ամենեւին չանդրադառնալով, որ ինքը սոսկ Հայաստանի եւ ոչ թէ համայն հայութեան վարչապետն է։ Այժմ տեսնենք, թէ կոնկրէտ ինչ է ասել նա ս.թ. Սեպտեմբերի 10-ին կայացած Ազգային Ժողովի նիստում. «Ես յայտարարել եմ, որ կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգեւոր բովանդակութեան մեծ միջոցառում. մենք հիմա քննարկում ենք ժամկէտների, կազմակերպչական ու բովանդակային հարցերը։ Այստեղ կարեւոր հանգամանք կայ, որ դա պէտք է ունենայ հոգեւոր բովանդակութիւն։ Վերջին շրջանում ամենաշատ ժամանակը ծախսում եմ դրա վրայ՝ ներկայացնելով, որ այս պրոցէսի նպատակն ինտրիգը չի, կադրային հարց լուծելը չի, այլ նպատակը բացառապէս հոգեւոր է, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր նորոգումն է։ Այդ կուլմինացիան չի լինելու քաղաքական, յեղափոխական, դա լինելու է բացառապէս հոգեւոր, քրիստոնէական արժէքների վրայ հիմնուած միջոցառում։ Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, ելոյթներ, լինելու են հոգեւոր բովանդակութեան ելոյթներ։ …Չի լինելու կոմպրոմիս, բացառուած է, Կտրիճ Ներսիսեանը պէտք է գնայ։ Ինչքան շուտ գնայ, այնքան աւելի լաւ, չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան» (aravot.am, 10.09.2025):
Վերջում հարկ եմ համարում կրկնել մէջբերուած նամակիս հետեւեալ կոչը. «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահաւաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացէք՝ իշխանութիւններն ստեղծուած են ոչ թէ ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրութիւնն ու անվտանգութիւնն ապահովելու համար»»։
© 2025 Բոլոր իրաւունքները վերապահուած են։