Յունիս 12-ին, Հայաստանի առաջին նախագահ Տէր-Պետրոսեան գրած է հետեւեալը.
«20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թուականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրէնք ընդունեց Հայոց եկեղեցու գոյքի բռնագրաւման եւ հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի եւ ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խաւերում, ակամայ խթանելով հայկական ազգայնականութեան ձեւաւորումը, որ կայսրը ստիպուած եղաւ 1905 թուականին չեղարկել այդ օրէնքը։ Եթէ հայ ժողովուրդը հզօր Ռուսաստանի կայսրին յաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադաւն ու սրբապիղծն ինչ է, որին չյաղթահարի»։
Լ. Տէր-Պետրոսեանի այս գրառումին դէմ անմիջապէս հակազդեցութիւններու տարափ մը ծայր առած է իշխանութեան ճակատէն, ընկերային ցանցերու վրայ։
Այսպէս, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան ղեկավար Հայկ Կոնջարեան, ակնարկելով Լ. Տէր-Պետրոսեանին եւ Գարեգին Բ. կաթողիկոսին, գրած է.
«Ո՞վ է աւելի մեծ յանցանք գործել սեփական ժողովրդի հանդէպ` ընտրապի՞ղծը, ով գողացել է ժողովրդի ընտրութիւնը, նրան մատնել աղքատութեան ու պանդխտութեան` սեփական ժողովրդին դնելով գիշատիչ թալանչիների երախում:
Թէ՞ սրբապիղծը, ով այդ նոյն թալանչիների հետ ուս-ուսի տուած` մարդկանց դժբախտութեան եւ աղքատութեան վրայ կառուցել է սեփական սրբապիղծ գոյութիւնը»։
* * *
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեան կատարած է հետեւեալ գրառումը.
«Այսօր Լեւոն Տէր-Պետրոսեանը երեսպաշտութեան մաստեր կլաս է արել»։
Ապա, մէջբերելով Հայաստանի առաջին նախագահի վերոնշեալ յայտարարութիւնը՝ շարունակած է.
«Սրանով նա փաստօրէն հաւասարկութեան նշան է դնում վարչապետի ու հայ ինքնութեան դէմ յանցանք գործած ռուս կայսեր միջեւ։ Սա ասում է մի մարդ, որը նորանկախ Հայաստանի նաեւ կաթողիկոսական ընտրութիւնների ԿԵՂԾՄԱՆ ԿՆՔԱՀԱՅՐՆ է՝ Վանօների միջոցով։ Այսպիսի խայտառակութիւններ գործած մարդը պէտք է պարզապէս լռի։ Նրան ու իր հետեւորդներին թւում է, թէ մարդկանց յիշողութիւնը կարճ է։ Լսէք Տիրան սրբազանին ու ԼՏՊ-ի էջն էլ փակենք ընդմիշտ»:
* * *
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբէն Ռուբինեան ալ գրած է.
«Սա է Լեւոն Տէր-Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի, Կտրիճ Ներսիսեանի, Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի, Բագրատ «օտարերկրեայ ուժային կենտրոնների» ազդեցութեան գործակալ Գալստանեանի ու Կոմունիստական ինտերնացիոնալի երազած Հայաստանը։
Մենք սա թոյլ չենք տալու։ Ես սա թոյլ չեմ տալու»։ ■
© 2025 Բոլոր իրաւունքները վերապահուած են։