Modern Website Header
Website Header with Working Banner

ՀՀ ԱԳՆ.– «Խստօրէն դատապարտում ենք Ադրբեջանի Մշակոյթի նախարարի յայտարարութիւնը՝ հայկական կրօնական և պատմամշակութային կոթողներն աւերելու և ինքնութիւնը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման վերաբերեալ»

Փետրուար 8-ին, ՀՀ Արտաքին գործոց նախարարութեան մամլոյ քարտուղար Վահան Յունանեան արձագանած է Ազէրպայճանի Մշակոյթի նախարարի յայտարարութեան։ Այսպէս, ան ըսած է.-

“Խստօրէն դատապարտում ենք Փետրուարի 3-ին Ադրբեջանի Մշակոյթի նախարար Անար Քերիմովի յայտարարութիւնը՝ Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ յայտնուած հայկական կրօնական և պատմամշակութային կոթողներն աւերելու և ինքնութիւնը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգութիւնը միտումնաւոր ու ապօրինի իւրացնելու և նրան պատմական յիշողութիւնից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառոյցի ստեղծումը աննախադէպ է նոյնիսկ հակամարտութիւնների պատմութեան համար: Այն ևս մէկ անգամ  վկայում է, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում և յաջորդած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրօնական ժառանգութեան նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դէպքերը կրում են միտումնաւոր ու ծրագրուած բնոյթ, և Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչութիւնից զրկելու քաղաքականութեան մաս են կազմում:

Ադրբեջանի կառավարութեան այս քայլը բացայայտ մարտահրաւէր է  ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից 2021 Դեկտեմբերի 7-ին կայացուած հրատապ միջոցներ կիրառելու վերաբերեալ որոշմանը, որը յստակ կերպով պարտաւորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողութիւնները՝ ուղղուած հայկական մշակութային ժառանգութեան, ներառեալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, յուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների դէմ»:

Ստեղծուած իրավիճակում առաւել հրատապ է դառնում միջազգային հանրութեան, մասնաւորապէս՝ ԻՒՆԷՍՔՕ-ի անյապաղ միջամտութիւնը և տեղում անխոչընդոտ ներգրաւուածութիւնը՝ համամարդկային մշակութային ժառանգութեան մաս կազմող Արցախի հայկական յուշարձանները պահպանելու և վանդալիզմի դէպքերը կանխելու նպատակով։

Հայկական պատմամշակութային ժառանգութեան և կրօնական սրբավայրերի ոչնչացման և ինքնութեան խեղաթիւրման այս քաղաքականութիւնը հակասում է հաշտութեան հասնելու Ադրբեջանի յայտարարութիւններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղութեան հաստատման համար”: