Մայր աթոռի հաղորդագրութիւնը՝ Աջապահեան արք.ը մեղաւոր հռչակող վճիռին մասին

«Աջապահեանին մեղաւոր ճանաչելու դատարանի վճիռը լրջագոյն հարուած հասցրեց Հայաստանում արդարադատութեանը եւ արդարադատութեան մարմինների հեղինակութեանը»

«Տ Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանին ակնյայտ շինծու մեղադրանքներով մեղաւոր ճանաչելու դատարանի այսօրուայ վճիռը լրջագոյն հարուած հասցրեց Հայաստանում արդարադատութեանը եւ արդարադատութեան մարմինների հեղինակութեանը։

Երկրում շարունակ սերմանուող ատելութեան եւ բռնաճնշումների պայմաններում կայացուած ամօթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀում դատաիրաւական համակարգն ամբողջութեամբ կախուածութեան մէջ է քաղաքական իշխանութեան կամքից։ Ցաւալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատութիւնն ընտրողական է եւ կամայական որոշումներով անթաքոյց ծառայեցւում է քաղաքական քինախնդրութեանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստօրէն դատապարտում է ապօրինի այս գործընթացը եւ օրէնքով սահմանուած բոլոր հնարաւորութիւններն օգտագործելու է՝ հասնելու Միքայէլ արքեպիսկոպոսի հանդէպ արդարութեան վերականգնմանը։ Աղօթում ենք, որ Տէրը զօրացնի, ամուր ու անկոտրում պահի Միքայէլ եւ Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային մեծանուն բարերար տիար Սամուէլ Կարապետեանին եւ ազատութիւնից ապօրինաբար զրկուած բոլոր անձանց։ «Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը Նրա (Սաղմ.108)»։