«Սիրելի՛ հայրենակիցներ,
Զինուած ուժերի յարգելի՛ ներկայացուցիչներ,
Բոլորիս շնորհաւորում եմ Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի կազմաւորման 30-րդ տարեդարձի կապակցութեամբ:
Այս երեք տասնամեակների ընթացքում հայկական բանակն ունեցել է ե՛ւ փառապանծ օրեր, ե՛ւ անցել բազմաթիւ փորձութիւնների միջով:
Հայ ժողովուրդն արժանւոյնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինուորների, սպաների, զօրավարների, կամաւորների սխրագործութիւնները, ովքեր մինչև վերջ, անմնացորդ պայքարել են յանուն Հայրենիքի պաշտպանութեան, անվտանգութեան, ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան ապահովման:
Այսօր մենք գնում ենք զինուած ուժերի հետագայ զարգացմանն ուղղուած համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առաւելութիւնները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետութիւնն ունենալու է արհեստավարժ բանակ, և կառավարութիւնն այդ աշխատանքը կատարելու է առանց յոգնելու, առանց ընկճուելու և առանց յոռետեսութեան՝ մեր ապագայ անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լաւատեսութեամբ զինուած: Բանակի մարտունակութիւնը, սպառազինութիւնը, ծառայութեան պայմանները բարելաւելը մեր առաջնահերթութիւնն է։
2018 թուականից ՀՀ կառավարութիւնը սկսել է զինծառայողների ընկերային-կենցաղային պայմանների բարելաւման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնոյթ: Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր զինուոր, սպայ պէտք է զգայ պետութեան աջակցութիւնը, և այդ գործում մենք լինելու ենք հետևողական։ Զինուորական, սպայական ծառայութիւնը պիտի լինի հանրային առանձնայատուկ յարգանքի և պատկառանքի առարկայ, ինչը պիտի արտայայտուի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների ընկերային յատուկ երաշխիքների համակարգով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Բանակի օրուան առիթով առանձնայատուկ շնորհաւորում եմ Հայոց բանակի ձևաւորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամաւորներին, զինուորներին, սպաներին, զօրավարներին:
Շնորհակալութիւն եմ յայտնում մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողութիւնների համար, որոնց գնացել են մեր երկրին ու ժողովրդին՝ ստեղծուած բարդ պայմաններում անմնացորդ ծառայելու համար:
Շնորհակալութիւն եմ յայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերութեան, տոկունութեան և իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար:
Խոնարհւում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց յիշատակն անմահ է, գործը՝ սրբազան:
Աստուած պահապան Հայոց բանակին»: