Ազէրպայճանական կողմին ուղղակի միջամտութեան հետեւանքով՝ Արցախի Հանրապետութեան մէջ կրկին դադրած է կազի մատակարարումը։ Այս մասին յայտարարութիւն մը հրապարակած է Արցախի տեղեկատուական գրասենեակը։
«Մենք ունենք բաւարար հիմքեր պնդելու, որ Մարտի 8-ին պայթեցուած գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծուած եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչութեան համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին եւ դիմում յանցաւոր քայլի։
Իրավիճակի մասին անմիջապէս տեղեկացուել է Արցախում տեղակայուած ռուսական խաղաղապահ զօրակազմի հրամանատարութիւնը, որի հետ միասին Արցախի իշխանութիւնները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:
Միեւնոյն ժամանակ յորդորում ենք քաղաքացիներին հնարաւորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարաւոր խափանումներից»,– «Արմէնփրէս»-ի համաձայն՝ նշուած է Արցախի տեղեկատուական գրասենեակի յայտարարութեան մէջ: