Արայիկ Յարութիւնեանի ուղերձը՝ Յաղթանակի օրուան առիթով
«Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր պապերը՝ Խորհրդային Միութեան միւս ժողովուրդների հետ միասին, անձնուիրաբար պայքարեցին մարդկութեան դէմ ուղղուած մեծագոյն չարիքի՝ ֆաշականութեան դէմ։ Մենք հպարտ ենք, որ յաղթանակի կերտման գործում իր նշանակալի աւանդն է ունեցել նաև Արցախը, որի բնակչութեան իւրաքանչիւր երրորդը մեկնել է ռազմաճակատ՝ տալով ԽՍՀՄ բազմաթիւ հերոսներ, զօրավարներ, ծովակալներ, հրամանատարներ։
Նրանց հերոսական աւանդը շարունակել են հետագայ սերունդները՝ 30 տարի առաջ կամաւորական խմբերից կազմաւորելով կանոնաւոր բանակ, յաջողութեամբ իրականացնելով Շուշիի ռազմագործողութիւնը եւ ազատագրելով Հայոց հինաւուրց բերդաքաղաքը։
Սակայն այսօր Շուշին կրկին գերութեան մէջ է, ինչպէս մեր հարիւրաւոր սրբավայրերն ու բնակավայրերը, որոնք ոչնչացւում են եւ ենթարկւում վանդալականութեան՝ Ադրբեջանի կողմից։ Նրանց նպատակն է ի սպառ վերացնել հայկական հետքն ու հայութեանը՝ ոտնահարելով միջազգային իրաւունքի բոլոր չափանիշերն ու սկզբունքները։
Այսօր Արցախի անվտանգութիւնը մեր Պաշտպանութեան բանակի հետ միասին ապահովում է ՌԴ խաղաղապահ զօրակազմը։ Մենք խորապէս երախտապարտ ենք մեր բարեկամներին՝ Արցախցիների կողքին լինելու եւ ըստ ամենայնի աջակցելու համար։
Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ բոլորին այս թանկ ու նուիրական տօների կապակցութեամբ եւ իմ խոնարհումը բերում Հայրենիքի պաշտպանութեան գործին իրենց կեանքը նուիրաբերած մեր բոլոր նահատակների յիշատակին, նրանց ընտանիքներին ու հարազատներին: Յանուն մեր հերոս պապերի, հայրերի ու որդիների սուրբ յիշատակի եւ յանուն գալիք սերունդների՝ Արցախը պէտք է լինի միշտ հայկական ու անառիկ։
Յաւե՜րժ փառք ու պատիւ հայրենիքի նուիրեալներին»։