Modern Website Header
Website Header with Working Banner

Արցախի ԱԳ նախարարութիւնը արձագանգած է Ալիեւի յայտարարութիւններուն

Արցախի Հանրապետութեան Արտաքին գործոց նախարարութիւնը արձագանգելով Ազէրպայճանի նախագահ Ալիեւի յայտարարութիւններուն՝ հրապարակած է հետեւեալ հաղորդագրութիւնը.-

«Մի շարք լրասփիւռներին տուած  հարցազրոյցում (տե՛ս. «ՆՅ»–ի Յունուար 15-ի թիւը) Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատեաց,  ապակառուցողական, ծաւալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանց  համապատասխանող ծրագրեր ու նպատակներ։

Նման քաղաքականութիւն միջազգային մարդասիրական իրաւունքի և ձեռք բերուած համաձայնութիւնների կոպիտ խախտում է։ Ադրբեջանի ղեկավարը յատուկ թիրախաւորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան և համանախագահող երկրներից մէկի՝ Ռուսաստանի Դաշնութեան կողմից Արցախում իրականացուող խաղաղապահ առաքելութեանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունէութեան դէմ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բոլոր կողմերի միջև համաձայնեցուած միակ ձևաչափը։

Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զօրակազմի առաքելութիւնն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունէութեան վրայ ստուեր գցելու որեւէ փորձ։

Արցախի Հանրապետութեան ԱԳՆ-ն խստիւ դատապարտում է Ադրբեջանի կեցուածքը՝ համոզուած լինելով, որ պետական մակարդակով իրականացուող այսպիսի քաղաքականութիւնը պէտք է արժանանայ համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրութեան կողմից»։