Յայտարարութիւն
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը Ապրիլ 5-ին հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը.-
«Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը որպէս Արցախի ժողովրդի լիազօրութիւն ունեցող բարձրագոյն ներկայացուցչական մարմին, արտայայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական մակարդակով ձեւաւորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։
Համոզուած ենք, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները, ունենալով Սփիւռքի հայկական համայնքների լիարժէք աջակցութիւնը, մէկ բռունցք դառնալով միասնաբար կարող են դիմագրաւել տարածաշրջանային մարտահրաւէրները՝ պաշտպանելով մեր ազգային շահերը։
Աշխարհաքաղաքական իրողութիւնների այս բարդ ժամանակահատուածում, երբ Ադրբեջանը փորձելով տապալել ռուսական խաղաղապահ առաքելութիւնը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է կազամուղը, փորձում ահաբեկել հայրենի հողում ապրող խաղաղ բնակչին, շարունակում զաւթել նորանոր տարածքներ՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականութիւնը 1988 թուականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրաւունքից բխող Ազգային ազատագրական պայքարի տեսլականը։
1991 թուականի Սեպտեմբերի 2–ի հռչակագրով, այնուհետեւ համաժողովրդական հանրաքուէի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր չափանիշերին համապատասխան ձեւաւորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետութիւնը։ Երեսուն տարիների ընթացքում մենք անցել ենք յաղթանակների եւ անյաջողութիւնների միջով։ 2020 թուականի Սեպտեմբերի 27–ին մեզ պարտադրուած ու 44 օր տեւած պատերազմի հետեւանքով մենք ունեցանք մարդկային եւ տարածքային կորուստներ։ Սակայն ոչի՛նչ եւ ո՛չ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքից։ Խոնարհուելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների յիշատակի առջեւ, մեր հաւատարմութիւնն ու պատրաստակամութիւնն ենք արձանագրում հետեւողական լինել Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման եւ տարածքային ամբողջականութեան վերականգնման գործընթացներին։
2020 թուականի 44-օրեայ պատերազմից յետոյ հիմնովին փոխուել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատուած փխրուն խաղաղութիւնը պահպանւում է Արցախի Պաշտպանութեան բանակի եւ ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով։ Ինչպէս ցոյց են տուել վերջին մէկուկէս տարիների իրադարձութիւնները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը։ Ներկայ պայմաններում, ՀՀ կողմից Արցախի անվտանգութեան երաշխաւոր լինելու պարտականութեան ամրագրումը եւ համահայկական միասնութեան մթնոլորտի ձեւաւորումը միայն կարող են բաւարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխաւորելու համար։
Յարգելի՛ հայրենակիցներ՝
Հայոց պետականութեան լինելիութեան եւ հայ ժողովրդի անվտանգութեան բանալին գտնւում է Արցախում»։