Modern Website Header
Website Header with Working Banner

Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւնը Ռուսաստանէն կ՚ակնկալէ Բերձորի միջանցքի բացման ուղղուած յստակ քայլեր

 

Յայտարարութիւն

«Արդէն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանութեան է դրդում Արցախի բնակչութեանը՝ շարունակելով ցեղային զտումների իր քաղաքականութիւնը:

Մարդասիրական ճգնաժամը Արցախի մէջ օրէցօր ահագնանում է։ Աւելի ու աւելի զգալի է դառնում առաջին անհրաժեշտութեան ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Շօշափելի է դառնում թերսնման վտանգը: Հարիւրաւոր ընտանիքներ շարունակում են բաժանուած մնալ՝ գտնուելով ադրբեջանական շրջափակման տարբեր կողմերում: 120 հազար մարդ յայտնուել են փաստացի գերեվարուած կարգավիճակում:

Ադրբեջանական կողմի պնդումները, թէ Բերձորի միջանցքն իրականում բաց է, միանգամայն անհիմն են, ինչի ապացոյցն է առնուազն այն, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտէի կառքերով է թոյլատրւում կեանքի վտանգի առաջացման դէպքում սահմանափակ թիւով հիւանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետութիւն:

Ստեղծուած իրավիճակում կարեւորութեամբ ընդգծում ենք 2022 Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Ապահովութեան խորհրդի հրատապ նիստի կայացումը, որը հրաւիրուել էր հայկական կողմի խնդրանքին ի պատասխան՝ Բերձորի միջանցքի փակման եւ Արցախի բնակչութեան վրայ դրա մարդասիրական հետեւանքները քննարկելու նպատակով։ Մենք մեծապէս գնահատում ենք Ապահովութեան խորհրդի անդամների գերակշիռ մեծամասնութեան կողմից հրապարակաւ արտայայտուած ու յստակ կոչերը` Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը վերացնելու եւ միջազգային կառոյցների՝ Արցախ մուտքը ապահովելու վերաբերեալ։ Ողջունում ենք նաեւ Ապահովութեան խորհրդի յիշեալ նիստին յաջորդած տասնօրեայ ժամանակահատուածում Ֆրանսիայի ջանքերը՝ իրավիճակի վերաբերեալ Խորհրդի նախագահողի մամուլի յայտարարութիւն ընդունելու ուղղութեամբ։

Հայաստանը շարունակելու է նպատակամղուած քայլեր ձեռնարկել բոլոր հնարաւոր ձեւաչափերում, ներառեալ՝ ՄԱԿ-ի Անպահովութեան խորհրդի եւ միջազգային ու տարածաշրջանային կառոյցների շրջանակներում՝ այդ կառոյցների լիազօրագրից եւ գործառոյթներից բխող վճռական արձագանգ եւ գործողութիւններ ապահովելու ուղղութեամբ՝ Բերձորի միջանցքի շրջափակումը ու դրա հետեւանքով Արցախի 120 հազար բնակչութեան առջեւ ծառացած մարդասիրական ճգնաժամը վերացնելու նպատակով։ 

Անհրաժեշտ ենք համարում նաեւ Արցախ եւ Բերձորի միջանցք միջազգային փաստահաւաք առաքելութեան գործուղումը՝ տեղում մարդասիրական իրավիճակը գնահատելու համար, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Արցախ անարգել մարդասիրական հասանելիութեան ապահովումը:

Ադրբեջանը պարտաւոր է անյապաղ վերաբացել Բերձորի միջանցքը՝ 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտով ամրագրուած սկզբունքներով, համաձայն որի՝ նա երաշխաւորում է Բերձորի միջանցքով քաղաքացիների, երթեւեկութեան միջոցների եւ բեռների փոխադրութեան անվտանգութիւնը, եւ Բերձորի միջանցքը գտնւում է Արցախի մէջ Ռուսաստանի խաղաղապահ զօրախմբի վերահսկողութեան ներքոյ: Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողութիւնների հետեւանքով եռակողմ յայտարարութեան դրոյթները խախտուած են,  ակնկալում ենք նաեւ Ռուսաստանի կողմից յստակ ջանքերի իրականացումը՝ ուղղուած այս կոպիտ խախտումը առանց որեւէ նախապայմանի վերացնելուն»: