ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը՝ Պաքուի Հայոց ջարդերու 32-րդ տարելիցին կապակցութեամբ
«32 տարի առաջ այս օրը սկիզբ առած Բաքուի Հայերի ջարդերը պետական հովանավորութեամբ հայատեացության ուղղակի հետևանք էին. այսօր լրանում է այդ ջարդերի 32-րդ տարելիցը՝ 3-րդը Բաքւում Հայերի 1905թ. և 1918թ. զանգուածային ջարդերից յետոյ:
1990թ. Յունուարի 13-19-ը ու նաև մինչեւ 20 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով սպանուեցին, ունեզրկուեցին և խոշտանգման ենթարկուեցին բազմաթիւ Հայեր: Մինչ այդ վայրագութիւնները Բաքւում ապրում էր 230-250 հազար հայ:
Փաստերը հաստատում են, որ Բաքւում Հայերի ջարդերը կազմակերպուել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԱՃ) կողմից, իսկ իշխանութիւնները հովանաւորել են դրանք:
Ադրբեջանի ազգային ճակատի Յունուարի 11-ի հանրահաւաքի ընթացքում Բաքուից Հայերի վտարման և դէպի Ղարաբաղ լայնածաւալ զինուած արշաւի կոչեր հնչեցին:
Յունուարի 13-ին Բաքւում Հայերի ջարդերն արդէն կազմակերպուած և համատարած բնոյթ ստացան։ Նոյն օրը երեկոյեան մօտ 50.000-նոց ամբոխը, վանկարկելով “Փա՛ռք Սումգայիթի հերոսներին”, “Կեցցէ՛ Բաքուն՝ առանց Հայերի” և այլ կարգախօսեր, հաւաքուեց Բաքուի Լենինի հրապարակում՝ հանրահաւաքի:
Այնուհետև, Ճակատի զօրայինների ղեկավարութեամբ խմբերի բաժանուելով, ջարդարարները սկսեցին հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը “մաքրել” Հայերից: Առկայ են բազմաթիւ վկայութիւններ՝ բացառիկ դաժանութեամբ իրագործուած վայրագութիւնների ու սպանութիւնների մասին։ Օրինակ՝ մարդկանց պատուհաններից դուրս նետելու, երկաթէ ձողերով ու դանակներով սպանելու, կանանց բռնաբարելու, ողջակիզելու դէպքեր:
Բաքուի Հայերի ջարդերի կազմակերպիչ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990-ի Յունուարին ասել է. “Ես անձամբ վկայ էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու Հայի: Հաւաքուել էր ամբոխը, նրանց վրայ բենզին լցրեցին և այրեցին, իսկ երկու հարիւր մետր հեռւում Նասիմի շրջանի զինուորական բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զօրքերի 400-500 զինուոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրայ, անցան այդ ածխացած դիակների մօտով և ո՛չ ոք փորձ չարեց ցրել ամբոխը”»: