Modern Website Header
Website Header with Working Banner

Հանրապետութեան տօնին առթիւ՝ Ռուբէն Վարդանեանի ուղերձը

Հանրապետութեան տօնին առթիւ՝ Մայիս 28-ին Ռուբէն Վարդանեան եւս ուղերձ մը յղած է ժողովուրդին, ուր յատկապէս նշուած է.

«Մենք պետութիւն կառուցեցինք մայիսեան հերոսամարտերի շնորհիւ: Կռուեցինք քանակով, ուժերով, զէնքով բազմիցս մեզ գերազանցող թշնամու դէմ: Կռուեցինք ու կերտեցինք մեր պետութիւնը: Կռուեցինք, որովհետև չկռուելը լինելու էր կործանարար: Կռուեցինք՝ մի կողմ դնելով մեր տարաձայնութիւնները, հակասութիւնները ու համախմբուելով պետութիւն ունենալու գաղափարի շուրջ: Հէնց այդ պատճառով եմ ես յաճախ կրկնում, որ այսօրուայ իրավիճակը Սարդարապատ է՝ կամ մենք ուժ ենք գտնում միասին պայքարելու, կամ հետեւանքները աղէտալի են լինելու բոլորիս համար:

Մենք Առաջին հանրապետութիւնը կերտողների ժառանգներն ենք: Մենք նաեւ 35 տարի առաջ Արցախի համար ոտքի կանգնած եւ պայքարի դուրս եկած շարժումի մասնակիցների ժառանգներն ենք:

Ինչպէս 105 տարի առաջ եւ ինչպէս 35 տարի առաջ, մենք պէտք է պաշտպանենք մեզ, եւ պէտք է կարողանանք պաշտպանուել ոչ միայն սահմաններին, այլեւ դիւանագիտական ասպարէզում: Մենք խուսափում ենք իրավիճակի գնահատումից, խուսափում ենք լսել սթափ գնահակատաններ: Մեզ պակասում են խելացի առաջնորդներ, որոնք բանակցութիւններում կը կարողանան ոչ թէ լիովին տրուել վերջնագրերի, այլ ապահովել ընդունելի պայմաններ կամ լուծումներ, որոնց հիմքում ընկած կը լինեն մեր պետութեան ու ժողովրդի կենսական շահերը:

Այս օրը նաեւ պետութեան ու պետականութեան գնահատման օր է: Պետական շահը պէտք է վեր լինի անձանց, կուսակցութիւնների, տարբեր խումբերի այսօրէական շահերից: Մենք պէտք է սովորենք ժամանակին նայել 20, 50, 100 տարուայ կտրուածքով ու գործել ուժեղ պետութիւն կառուցելու տրամաբանութեամբ:

Ուղերձս կ՚ամփոփեմ Նժդեհի խօսքերով. “Մի՞թէ հնարաւոր է խօսքով սպառել Մայիս 28-ի բովանդակ տարողութիւնը: Ո՛չ, ո՛չ, դա ո՛չ ոք չի յաջողի: Այդ նուիրական թուականը կը խորհրդանշի հայրենիքն ու իր անկախութիւնը, հայրենիքը, որ Աստծոյ պէս աւելի սրտի, քան ուղեղի մէջ կ՚ապրի…”»: