Modern Website Header
Website Header with Working Banner

Ճարտարապետ Հրաչեայ Գասպարեան. «Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին երեւի թէ արժանացաւ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու ճակատագրին» 

Ազերպայճան Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կը վերածէ մզկիթի։ Բերձորը եւ հոն գտնուող Սուրբ Համբարձման եկեղեցին, թշնամիին յանձնուած է 2022 Օգոստոս 25-ին։ Մինչ այդ եկեղեցին կը գտնուէր բարւոք վիճակի մէջ։ Ըստ ազերպայճանական լրասփիւռներուն, պիտի քանդուին հայկական եկեղեցւոյ գմբէթն ու զանգակատունը, փոխարէնը պիտի կառուցուին երկու մինարէներ։

Եկեղեցին կառուցուած է 1998-ին, գմբէթի խաչը օծուած է 1998 Մայիս 31-ին։ Այս կապակցութեամբ Panorama.am զրուցած է եկեղեցւոյ ճարտարապետ Հրաչեայ Գասպարեանի հետ։ 

– Պարոն Գասպարեան, երբ լսեցիք լուրը, որ ձեր կառուցած եկեղեցին վերածուելու է մզկիթի, երբ տեսաք լուսանկարները, ինչպիսի՞ զգացողութիւն ունեցաք։

Հրաչեայ Գասպարեան –  Այդ զգացողութիւնն արտայայտելու համար բառեր չեմ գտնում։ Այն ժամանակներում՝ 1995–1998 տարիներին, երբ կառուցում էինք եկեղեցին, դեռ չկային ճանապարհներ, Երեւանից այնտեղ հասնելը շատ անգամ տեւում էր մինչեւ 7-8 ժամ։ Պատկերացրէք՝ 5 տարի, անձնակազմի, Քաշաթաղի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսան Յակոբեանի հետ, ինչ ապրումներով, մտքերով, երազանքներով կառուցեցինք այդ եկեղեցին ու այսօր ոնց որ քո երեխաներից մէկին պահ ես տուել օտարին։ Թէ ի՞նչ կը լինի նրա հետ, Աստուած գիտի։ Երեւի թէ նա արժանացաւ նոյն ճակատագրին, երբ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ վերածեցին մզկիթի։

Յուսանք՝ կը գայ ժամանակը, նորից  մեր ձեռքին կը յայտնուի այդ հրաշք եկեղեցին եւ արդէն ինչ ցաւեր, ինչ տառապանք էլ տեսած լինի, կ՚ամոքենք։