Սեպտեմբեր 23-ին, Երեւանի մէջ տեղի ունեցած Ժողովրդավարութեան հայկական խորհրդաժողովի շրջանակին մէջ՝ «Ժողովրդավարութեան որակը Հայաստանում. մարտահրաւէրներ եւ գնահատման ցուցիչներ» բնաբանովկլորսեղանինմասնակցածէնաեւվարչապետՓաշինեան։
Քննարկման ընթացքին ան հակազդած է Հայաստանի նախկին նախագահներ Լեւոն Տէր—Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի յայտարարութիւններուն, ուր զինք կը մեղադրեն 44-օրեա պատերազմը հրահրելու եւ Հայաստանը պատերազմի մէջ ներքաշելու յանցանքով։
“Եթէ մենք ներքաշել ենք պատերազմի մէջ, 2018 թուականի դրութեամբ 18 տարեկան զինուորը ՀՀ միջազգայնօրէն ճանաչուած տարածքից դուրս ի՞նչ գործ ունէր։ Բա ինչո՞ւ չենք խօսել սրա մասին. եթէ խօսել են, դաւաճանութիւն է համարուել։ Մարդիկ, որոնք Հայաստանը ներքաշել են պատերազմի մէջ իրենց քաղաքական գործունէութեան առաջին օրից, ներքաշել են քիչ չի, կէսից էլ փախել են, գնացել՝ իրենց տանը նստել, այսօր մեզ մեղադրում են, ասում են՝ Հայաստանը ներքաշել էք պատերազմի մէջ”,– ըսած է վարչապետը։
Ապա, Փաշինեան հարց տուած է, թէ արդեօք Հայաստան պատերազմի մէջ չէ՞ր 2019-ին, 2018-ին, 2017-ին, 2016-ին եւ անոնց նախորդող տարիներուն։
“Բա այդ ո՞նց եղաւ, որ Նիկոլ Փաշինեանը Հայաստանը ներքաշեց պատերազմի մէջ”,– հեգնանքով հարցադրած է վարչապետը։
Փաշինեան այս նիւթը արծարծած է նաեւ Դիմագիրքի իր էջին կատարած հրապարակումներով։ Հոն, Լ. Տէր—Պետրոսեանէն պահանջած է պատասխանել՝ Հայաստանի 18 տարեկան զինուորները երկրին միջազգայնօրէն ճանչցուած տարածքէն դուրս տեղակայելու մասին իր հարցումին։ «Թող պատասխանի եւ մէկ էլ պարզաբանի, ի վերջոյ բանավէճի գալո՞ւ է, թէ՞ ոչ»,– գրած է վարչապետը։
Նոյն քննարկման ընթացքին, վարչապետը անդրադարձած է նաեւ իր՝ «Կառավարութիւնը ես եմ» աղմկայարոյց արտայայտութեան եւ տուած է հետեւեալ բացատրութիւնը.
“Ճեպազրոյց է տեղի ունենում, 20 լրագրող հաւաքուել է, ես Հայաստանի վարչապետն եմ, ինձ ասում են՝ կառավարութեան դիրքորոշումն այս է, կառավարութեան դիրքորոշումն այն է, լրագրողներն ինձ բացատրում են, թէ կառավարութեան դիրքորոշումը ո՛րն է։ Հիմա ասում են՝ «ասաց կառավարութիւնը ես եմ», բա ո՞վ է կառավարութիւնը, ասեմ՝ սպասէ՛ք, լրագրողներ, դէ որ դուք այդպէս ասում էք, սպասէ՛ք, գնամ ճշդե՞մ” ։
Փաշինեան մատնացոյց ընելով դահլիճը նստած կառավարութեան անդամները, նշած է, որ կառավարութիւնը նաեւ անոնք են։
“Հայաստանում ամենատարածուած մշակոյթը՝ հէնց հարց է լինում, բոլորը իրենց վրայից գցում են պատասխանատւութիւնը։ Ասել եմ՝ ամէն ինչի պատասխանատուն ես եմ, հարցեր ունէք՝ տուէ՛ք, չեմ ասելու՝ գնացէք, կառավարութիւնում մի գրասենեակ կայ, այնտեղ մարդ է նստած, հարցերն իրեն տուէք։ Ես եմ եւ Հայաստանում դա է շատ պակասում, որ մարդիկ ասեն՝ ես եմ, ես եմ պատասխանատուն, իմ վրայ եմ վերցնում։ Ամբողջ պետական համակարգում թղթեր է, որ մակագրւում են, մէկը չկայ, որ ասի՝ ես եմ, բոլորն ասում են՝ ինքն է”,–նշած է վարչապետը։